5 մլն դոլարՙ Ուսամա բեն Լադենին բռնելու համար
Ահաբեկչությունը միջազգային երեւույթ է, ուստի այդ երեւույթի դեմ պայքարն էլ պետք է լինի միջազգային: Գիտակցելով այս ճշմարտությունըՙ ԱՄՆ-ի նախագահ Ջորջ Բուշ կրտսերը վերջին օրերին համառորեն դաշնակիցներ է փնտրում հակաահաբեկչական գործողությունների համար: Նրա հայրը 1991 թ. կարողացել էր ՆԱՏՕ-ի եւ արաբական երկրների աջակցությունն ստանալ Իրաքի ռմբակոծումներն սկսելուց առաջ: «Լիբերասիոն» թերթը տեղեկացնում է, որ նախագահ Բուշը, պետքարտուղար Քոլին Փաուելը եւ ազգային անվտանգության գծով խորհրդական Կոնդոլիզա Ռայսը ներկայումս ժամանակի մեծ մասն անցկացնում են տարբեր երկրների ղեկավարների հետ հեռախոսազրույցներ անցկացնելով եւ համախոհներ որոնելով:
Հետաքննությունների դաշնային բյուրոյի (ՀԴԲ) 400 գործակալներ զբաղված են Նյու Յորքի եւ Վաշինգտոնի ահաբեկչությունների քննությամբ: Նրանց կարծիքով, մասնակից ահաբեկիչների թիվը կարող է հասնել 50-ի: Հետքերից մեկը տանում է Համբուրգ, որտեղ արդեն քննվում է ահաբեկչական խմբավորումներից մեկի գործունեությունը: Բայց գլխավոր արդյունքն «իսլամական հետքի» հաստատումն է: Հինգշաբթի օրը պետքարտուղար Փաուելը հայտարարեց, թե գլխավոր կասկածյալն Աֆղանստանում ապաստանած սաուդցի միլիարդատեր Ուսամա բեն Լադենն է: ՀԴԲ-ն 5 միլիոն դոլար է խոստացել նրան բռնելու համար:
Պենտագոնն Աֆղանստանին պատժելու արդեն մի քանի ծրագիր է մշակել, որոնք ենթադրում են հրթիռակոծություն, ռմբակոծություն, զինված ներխուժում եւ այլն: Երեք տարի առաջ Քենիայում եւ Տանզանիայում ամերիկյան դեսպանատների դեմ իրականացված ահաբեկչությունների կազմակերպիչը դարձյալ Ուսամա բեն Լադենն էր: Այն ժամանակ ԱՄՆ-ը ռմբակոծել էր նրա ճամբարներից մեկը եւ թալիբներին պատժելու միտք հղացել:
Այսօր թեեւ աշխարհի պետությունների մեծ մասը դատապարտում է ահաբեկչությունը, բայց քչերն են պատրաստ անվերապահորեն աջակցելու ԱՄՆ-ի գործողություններին: Առայժմ Ջորջ Բուշն ստացել է աջակցության խոստումներ ՆԱՏՕ-ից, Ռուսաստանից եւ այլ երկրներից: Ճիշտ է, սեպտեմբերի 11-ի դեպքերից հետո ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում, 1949 թ.-ից ի վեր առաջին անգամ, խոսվեց դաշնագրում փոխադարձ պաշտպանությանը վերաբերող 5-րդ հոդվածի մասին, սակայն, ոմանց կարծիքով, ՆԱՏՕ-ն պարտավոր չէ մասնակցել ԱՄՆ-ի հարձակումներին:
Ուսամա բեն Լադենին գտնելու համար ԱՄՆ_ին անհրաժեշտ է արաբական երկրների օժանդակությունը: Բայց առանձնապես կարեւոր են Սաուդյան Արաբիան, Պակիստանը եւ Չինաստանը: ԱՄՆ-ի ավանդական դաշնակից Պակիստանը միաժամանակ թալիբների վարչակարգի պաշտպանն է: Պատահական չէ, որ վերջին օրերին ամերիկացիներն ուժեղացրել են ճնշումը Պակիստանի վրա, որը պետք է ընտրություն կատարի ահաբեկչության եւ մնացյալ աշխարհի միջեւ: Այժմ նախագահ Մուշարաֆը խոստանում է գործակցել ամերիկացիների հետ: Սակայն «Բրուքինգ» հաստատության աշխատակից Ֆիլ Գորդոնը կարծում է, որ Պակիստանն «անվճար չի օգնի» եւ փոխարենն ԱՄՆ-ից կպահանջի թուլացնել ճնշումը մարդու իրավունքների եւ միջուկային զենքի տարածման ոլորտներում: Վաշինգտոնն իր հերթին կարող է շահարկել վիճելի Քաշմիրի հարցը:
Պակիստանի վրա ճնշումը ուժեղացնելու համար ԱՄՆ_ը կարող է օգնության կանչել նաեւ ՉԺՀ-ին, որը զենք է մատակարարում Պակիստանին: Այսպիսով, Ուսամա բեն Լադենին բռնելու համար ԱՄՆ-ը պետք է ձեռնարկի բազմաքայլ գործողություն: Պեկինը խոստացել է ամերիկացիներին օգնել միայն բավարար փաստերի առկայության դեպքում:
Ինչ վերաբերում է արաբական երկրներին, այնտեղ ամերիկացիներին ատում են նույնքան, որքան Իսրայելին, քանի որ ԱՄՆ-ը ոչինչ չարեց Մերձավոր Արեւելքում լարվածությունը թուլացնելու համար: Պատահական չէ, որ արաբական պետությունները որոշ սառնություն են պահպանում ԱՄՆ-ի հետ իրենց հարաբերություններում: Նույնիսկ ամերիկացիների դաշնակից Սաուդյան Արաբիան հետաձգել է զինվորական ներկայացուցիչների երկկողմ հանդիպումները: Եթե արաբական պետությունների կառավարություններն աջակցեն ԱՄՆ-ի գործողություններին, ապա կհարուցեն իրենց բնակչության զայրույթը: «Արաբական երկրներն ԱՄՆ-ի հետ կարող են գործակցել լոկ այն պատճառով, որ արմատականությունն իրենց էլ է վնասում: Խոսքն աշխարհում իսլամի տեղի մասին է», ասում է ԱՄՆ ռազմավարական եւ միջազգային հետազոտությունների կենտրոնի փոխտնօրեն Շիրին Հանթերը:
Պ. Ք.