«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#164, 2001-09-13 | #165, 2001-09-14 | #166, 2001-09-15


ԲՈՒՇԸ ԱՄԵՐԻԿԱՑԻՆԵՐԻՆ ՌԱԶՄԱԿԱՆ ՀԱՂԹԱՆԱԿ Է ԽՈՍՏԱՆՈՒՄ

Իսրայելը պատրաստվում է քաղել դրա պտուղները

ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ

«Ազգը» նախորդ համարում կարծիք էր հայտնել, որ ԱՄՆ-ին մտահոգում է ոչ թե ահաբեկիչների թիկունքում կանգնածների բացահայտումը, այլ կատարված ահաբեկչության պատասխանատվության բարդումը իսլամական այն երկրների վրա, որոնց իշխանություններն ամերիկամետ քաղաքականությամբ ամենեւին աչքի չեն ընկնում: Դրա պատճառները բազմազան են, իսկ առաջադրանքն Աֆղանստան-Լիբիա հատվածում ՆԱՏՕ_ի ռազմական ներկայության ապահովումն է: Կա նաեւ մեկ այլ պատճառ, դա ճշտված տվյալներով 24 ահաբեկչի առջեւ ԱՄՆ-ի պես երկրագնդի միակ լիարժեք գերտերության անզորությունն է, այդ անզորության անհամաչափությունն աշխարհին ուղղություն տալու նրա հավակնությունների հետ, եւ վերջապեսՙ ամերիկյան ժողովրդին վստահություն ներշնչելու, ինչպես նաեւ նրա նախկին ինքնավստահությունը վերականգնելու անհրաժեշտությունը:

Պատճառների թվին կարելի է ավելացնել Իսրայելի վարչապետ Արիել Շարոնի, արտգործնախարար, Նոբելյան մրցանակի դափնեկիր Շիմոն Պերեսի, ԱՄՆ նախկին պետքարտուղար Հենրի Քիսինջերի եւ նմանների սադրիչ հայտարարություններն ու ամերիկյան զանգվածային լրատվական միջոցների նպատակաուղղված բուռն գործունեության արդյունքում երկրում ձեւավորված հասարակական կարծիքը: Սեպտեմբերի 14-ին թուրքական պետհեռուստատեսությունը նշեց, որ ամերիկացիների 80_90 տոկոսը Վաշինգտոնից պահանջում է ռազմական ամենակոշտ միջոցներով հակադարձել ահաբեկչությանը:

Ուրեմն, դրա կազմակերպիչների բացահայտումը չի մտահոգում նաեւ ամերիկյան հասարակությանը: Այսպիսով, վրեժխնդրության մոլուցքով բանականությունը կուրանում է եւ կուրացած բանականությամբ պաշտոնական Վաշինգտոնը ձեռնամուխ է լինում հավանական թշնամիների հայտնաբերմանը, որպեսզի նրանցից վրեժ լուծի:

Թերեւս այդ առումով պատահական չէ նախագահ Ջորջ Բուշի առանց այդ էլ ռազմատենչ հայտարարությունների ոճի հետզհետե կոշտացումը:

Ողբերգության առաջին օրը Բուշը հայտարարեց. «ԱՄՆ-ը կփոխհատուցի ահաբեկչության համար, վախկոտ ահաբեկիչները կպատժվեն»: Մինչդեռ վերջիններս նշանակետերն ինքնաթիռներով խոյահարելիս գիտակցաբար ինքնասպանության էին դիմել: Նա երկրորդ օրն ահաբեկչական գործողությունները որակեց որպես պատերազմ, ավելացնելով. «Սա պատերազմ է բարու եւ չարի միջեւ»: Շուտով պարզվեց, որ այս խոսքերն Արիել Շարոնինն են: Առաջավոր Ասիայի համապատասխան երկրներին ահաբեկելու առումով թերեւս հատկանշականը Բուշի երրորդ օրվա հայտարարություններն էին, որոնցում նա, թուրքական «Աքշամ» թերթի վկայությամբ 3_րդ համաշխարհային պատերազմի սկզբնավորման մասին խոսելիս ընդգծում էր, որ սա 21-րդ դարի առաջին պատերազմն է լինելու, ապա ամերիկացիներին կատարյալ հաղթանակ էր խոստանում եւ ավելացնում. «Աշխարհն առաջնորդելու ենք դեպի նոր հաղթանակ»:

Այս ամենի առումով Բուշին, ինչպես այդ մասին նշում է «Միլիեթը», լրացնելու է գալիս Հենրի Քիսինջերը, ասելով. «Օդային հարվածը չի բավարարելու, ահաբեկչությունն արմատախիլ անելու համար հարկ է դիմել ցամաքային գործողությունների»: Եթե Քիսինջերը Բուշին մատնացույց է անում մոտալուտ հաղթանակի ուղին, ապա Շիմոն Պերեսը, նշելով ԱՄՆ-ի հավանական թշնամիների թվում Պաղեստինի Ինքնավարությանը, «Համասին», «Իսլամական ջիհադին», «Հզբոլահին», ընդգծում էր, թե հաղթանակը պետք է տարվի վերջիններիս նկատմամբ: Պերեսն ի պատասխան Երուսաղեմում թուրքական պետհեռուստատեսության թղթակցի հարցինՙ «բարու եւ չարի միջեւ» պատերազմի սկիզբն արագացնելու համար հույս է հայտնում, որ ԱՄՆ-ն առաջիկա մեկ-երկու օրվա ընթացքում կբացահայտի ահաբեկչության պատասխանատուներին եւ կանցնի ռազմական գործողությունների:

Ըստ ամենայնի, ահաբեկչությունն աշխարհի երեսից արմատախիլ անելու համար ԱՄՆ-ը պատրաստվում է պատերազմական գործողություններ սանձազերծել ոչ թե մեկ, այլ մի քանի երկրներում: Այդ ընթացքում պետքարտուղար Քոլին Փաուելն ահաբեկչության հավանական կազմակերպիչների թվում որպես թիվ մեկ կասկածյալի նշում է Ուսամա բեն Լադենի անունըՙ թերեւս դրանով էլ Աֆղանստանն ինքնաբերաբար կասկածելի երկրների մեջ դառնում է առաջինը: Ակամա հարց է ծագումՙ իսկ երկրո՞րդը, ապա դա, ըստ թուրքական «Աքշամի», Իրաքն է:

Համենայն դեպս, սեպտեմբերի 14-ին թուրքական հեռուստատեսությունն իր հաղորդումները սկսեց Աֆղանստանում տիրող համատարած խուճապի լուրերով: Հաղորդման մեջ նշվեց, որ ՄԱԿ-ի ներկայացուցիչները երկրից արդեն հեռացել են: Ինչ վերաբերում է Կարմիր խաչի, մարդասիրական միջազգային այլ կազմակերպությունների, օտարերկրյա դիվանագիտական առաքելությունների ներկայացուցիչներին, օտարերկրացիներին եւ ամերիկյան քաղաքացիներին, ապա դրանք, ըստ նույն աղբյուրի, հապճեպ լքում են Աֆղանստանի սահմանները: Դեռ ավելինՙ «Ջումհուրիեթը» նշում է, որ Քաբուլի բնակչությունը խրամատներ է փորում քաղաքի փողոցներում: Եթե այս տեղեկությունը ճիշտ է, ուրեմն Բուշը, որը պատերազմական գործողություններ սկսելու լիազորության խնդրանքով դիմել է Կոնգրեսին, չի պատրաստվում օդային հարվածով սահմանափակվել, այլ, հետեւելով Քիսինջերի խորհրդին, նաեւ ցամաքային գործողություններ ծավալել Աֆղանստանում:

Հարցը, սակայն, սոսկ Բուշը չէ, այլ բացառությամբ Նորվեգիայի, պատերազմական գործողություններին մասնակցելու ՆԱՏՕ-ի երկրների պատրաստակամությունը: Ըստ արեւմտյան դիվանագիտական աղբյուրների, ՆԱՏՕ-ն մշակել է Աֆղանստանում ցամաքային գործողությունների ծրագիր, նույնիսկ մտադրվել է դրան մասնակից դարձնել Ռուսաստանին եւ խնդրել, որ վերջինն իր տրամադրության տակ դնի Տաջիկստանում տեղակայված ռուսական ռազմաբազան:

Թեեւ ՆԱՏՕ-ն այդ մտադրությունից հրաժարվել է, բայց փոխարենը Պակիստանից բազա է պահանջել ԱՄՆ-ը: Պակիստանի մայրաքաղաք Իսլամաբադի օդանավակայանի փակման լուրերը հաստատել է «Պակիստանական ավիաուղիների» ղեկավարությունըՙ ընդ որում սպառազինությունների տեղափոխման պատճառաբանությամբ:

Պակիստանից ռազմաբազա պահանջելու հանգամանքը խիստ մտահոգիչ է, քանի որ այդ երկիրն անմիջականորեն սահմանակից է Աֆղանստանին: Այդ առումով ոչ պակաս մտահոգիչ պետք է համարել թուրքական զինված ուժերի եւ գլխավոր շտաբի զգոնության վիճակի բերումը: Ուրեմն Աֆղանստանի գլխին կախված ամերիկյան սպառնալիքը չափազանց լուրջ է, իսկ հաղթանակի առնչությամբ ամերիկյան ժողովրդին Բուշի տված խոստումի կատարման հավանականություննՙ անչափ մեծ:

Թուրքական թերթերը սեպտեմբերի 13-ի համարներում ահաբեկչության կազմակերպիչներին պատժելու Բուշի մտահղացման առնչությամբ նշում էին, որ «կասկածելի երկիրն աշխարհի քարտեզից ջնջվելու է»: Ունենալով այնպիսի ռազմական հզորություն, ինչպիսին ԱՄՆ-ն ու ՆԱՏՕ-ն ունեն, աշխարհի երեսից կարելի է ոչ թե մեկ, այլ մի քանի երկիր միանգամից ջնջել: Բայց ակնհայտ է, որ աշխարհի քարտեզից երկրներ ջնջելով կամ նրանց ահաբեկելով ահաբեկչությունն արմատախիլ անել չի կարելի: Դա, խորացնելով ագրեսիայի ենթարկված ժողովուրդների ատելությունն ԱՄՆ-ի նկատմամբ, ընդամենը կնպաստի ահաբեկչական նոր գործողությունների նախադրյալների ստեղծմանը: Քանի որ խոսքը Մերձավոր ու Միջին Արեւելքի երկրների մասին է, ուրեմն հաղթանակի պտուղները կքաղի Իսրայելը:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4