«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#165, 2001-09-14 | #166, 2001-09-15 | #167, 2001-09-18


ՄԻ ՀԱՅԻ ԵՎ ՈՒԿՐԱԻՆԱՑՈՒ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅԱՄԲ

Առաջին հուշարձանըՙ ողբերգության զոհերի հիշատակին

Մենքՙ հայերս, իրոք սիրում ենք ապրել նաեւ խորհրդանիշներով, եւ հուշարձանները դրանցից մեկն են: Մենք պարտքի գիտակցում ունենք ժամանակների մեջ վավերացնելու մեր անցյալն ու հիշողությունները:

Այսպես, աննախադեպ եւ զարմանալի էր 2001 թ. սեպտեմբերի 12-ին, ժամը 12-ին Նյու Յորքում տեղի ունեցած իրադարձությունը, որը հիրավի մտավ քաղաքի պատմության մեջ: Նախկին ԽՍՀՄ-ից երկու գաղթածներ, մեկըՙ Ուկրաինայից, մյուսըՙ Հայաստանից, Նյու Յորքի կենտրոնումՙ Յունիոն Սքուեր հրապարակում, կանգնեցրին աշխարհում առաջին հուշարձանըՙ նվիրված քաղաքի ահասարսուռ ողբերգության զոհերին: Հուշարձանըՙ 3 մ բարձրության մոմը, տեղադրվեց ողբերգության անմիջապես հաջորդ օրը, մեծ դժվարություններով. ամերիկացիներն ապշել, զարմացել էին, թե ինչպես է հնարավոր մեկ գիշերում կառուցել նման հուշարձան: Տեղադրվելուց հետո այն արագորեն հեղեղվեց ծաղիկներով: Հերոսական եւ իսկապես մարդասիրական այս արարքի հեղինակներն էին Սպիտակի նախկին քաղաքապետի օգնական եւ ներկայումս «Edvard Company» ֆիրմայի սեփականատեր Էդվարդ Սարգսյանը եւ «Art Stone» ֆիրմայի տնօրեն ուկրաինացի Ալեքսանդր Ժելեզնյակը:

Երբ Նյու Յորքը շփոթահար էր, ծխի ու փոշու մեջ կորած, իսկ մարդիկ վախեցած էին, որեւէ մեկը չէր մտածում հուշարձանի մասին: Բայց որտեղից որտեղ նախկին խորհրդային երկրի երկու քաղաքացիներ միտք հղացան հուշարձան կառուցելու հենց նույն գիշերը: Հեշտ չէր այդ օրը Նյու Յորքում գտնել բաց խանութ ե՚ւ հայթայթել անհրաժեշտ նյութերը: Ամբողջ գիշեր աշխատելովՙ առավոտյան արդեն պատրաստ էր 3 մետրանոց մոմ-հուշարձանըՙ իբրեւ խորհրդանիշ մարդկային վշտի եւ սփոփանքի: Հուշարձանի վրա մետաղյա տառերով դաջված էին. «To the victims of terrorist attacks» (Ահաբեկչության զոհերի հիշատակին»):

Սակայն ամենից դժվարը «Մոմը» Մանհեթեն հասցնելն ու տեղադրելն էր: Ոստիկանական անհամար պահակակետերը հաղթահարելը եւ ամեն տեղ ներկայանալն ու բացատրելն այդ պահին այնքան էլ դյուրին գործ չէր. յուրաքանչյուր պահի հնարավոր էր ձերբակալություն:

Սպիտակի նախկին քաղաքապետՙ հանգուցյալ Սուրեն Ավետիսյանի օգնականը մոտենում է «Green point»-ին եւ ներկայանում ոստիկանական բաժանմունքի հերթապահին, եւ երբ վերջինս լսում է անհավատալի քայլի մասին, աչքերից արցունքներ են թափվում: Սակայն թույլտվություն ստանալու համար շատ ջանքեր էին պետք գործադրել: Հուշարձանի հեղինակները բացատրում են կատարված քայլի բարոյական եւ քաղաքական նշանակությունը: Երկար բանակցություններից հետո հուշարձանը որոշվում է տեղադրել «Green point»-ում: Սակայն այս հուսադրող պատասխանից չբավարարվելովՙ հեղինակները որոշում են իրենք մտնել Մանհեթեն: Այն հիշեցնում էր մեռյալ քաղաք, հատուկենտ մարդիկ, հատուկենտ մեքենաներ: Մանհեթեն տանող ուղիները փակված էին ավազով բեռնված մեքենաներով եւ վիթխարի մետաղի կոնստրուկցիաներով: Դժվարությամբ հասնելով Նյու Յորքի ամենանշանավոր հրապարակներից մեկինՙ Յունիոն Սքուերին, որ այդ պահին բավականին մարդաշատ էր, գետնին փակցված բազմաթիվ պաստառներից մեկի վրա կարդում ենՙ «Հայրիկ, ես գիտեմ, որ դու հիմա երկնքում ես եւ նայում ես ինձ»: «- Այստեղ պիտի դրվի հուշարձանը, այստեղ է կուտակված մարդկային վիշտն ու ցավը», մտածում են հեղինակները:

Էդվարդ Սարգսյանը մոտենում է ոստիկանին, բացատրում խնդրի էությունը եւ ներկայացնում 88-ի Սպիտակի ողբերգությունը: Այս խոսքերի ազդեցությունն այնքան մեծ է լինում, որ հուշարձանը կանգնեցնելու թույլտվությունը ստանալուց հետո տասնյակ մարդիկ մոտենում եւ օգնում են տեղադրել այն. ամերիկացիները զարմացած էին, թղթակիցները խնդրում էին պատմել Սպիտակի մասին: «Այս հուշարձանը մենք տեղադրում ենք միասին, Հայաստանը եւ Ուկրաինան այն նվիրում են Նյու Յորքին: Սա հասարակ մարդկանց հարգանքի տուրքն է անմեղ զոհերի հիշատակին», իր խոսքում ասում է Էդվարդ Սարգսյանը:

Նյու Յորքի ողբերգության զոհերի հիշատակին դեռ շատ ու շատ հուշարձաններ կկանգնեցվեն, բայց դրանք կլինեն հետո, իսկ Յունիոն Սքուերի հրապարակում կանգնեցրած այս հուշարձանը պատմության մեջ կմնա իբրեւ առաջինը:

ՄԵԼԱՆՅԱ ԲԱԴԱԼՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4