Իսկ ցամաքային գործողություններն ամերիկյան հետեւակայինների համար խիստ վտանգավոր են
Սեպտեմբերի 11-ին Նյու Յորքում եւ Վաշինգտոնում իրականացված ահաբեկչական գործողությունները, կասկածի տակ դնելով ամերիկյան ժողովրդի ազգային անվտանգությունը, ոչ միայն սասանեցին երկրի պաշտպանական համակարգի անխոցելիության վերաբերյալ նրա անսպառ հավատը, այլեւ լուրջ հարված հասցրին Մ. Նահանգների միջազգային հեղինակությանը: Այդ ընթացքում ահաբեկչության դեմ աշխարհի ամենահզոր ռազմական մեքենայի անզորությունը հուսահատության եզրին կանգնեցրեց ամերիկացիներին: ԱՄՆ-ի իշխանությունները, այնուամենայնիվ, կրում են այդ անզորության պատասխանատվությունը: Քանի որ դրանից հրաժարվել չի կարելի, իսկ նրանց ոչ մի կերպ չի հաջողվում բացահայտել պատասխանատուներին, ուստի նրանք ամերիկյան ժողովրդին հուսահատությունից դուրս բերելու, ամերիկյան անվտանգության համակարգի նկատմամբ նրա անվստահությունը փարատելու եւ պետության միջազգային հեղինակությունը վերականգնելու համար փորձում են ճշգրտել ԱՄՆ-ի հավանական թշնամիներին, որպեսզի ահաբեկչական գործողությունների պատասխանատվությունը նրանց վրա բարդելիս հնարավոր լինի խուսափել անհրաժեշտ ապացույցներ ներկայացնելու պարտավորությունից:
Ահա թե ինչու ԱՄՆ-ը որոշակի ահաբեկչության համար անորոշ կազմակերպիչներին գլոբալ պատերազմ է հայտարարումՙ փորձելով պատժել ահաբեկիչներին, ահաբեկչական կազմակերպություններին, նրանց հովանավորող երկրներին եւ այն պետություններին, որոնք վերջիններիս աջակցում են: Ահաբեկիչների մեջ թիվ 1 կասկածյալը Ուսամա բեն Լադենն է, որի թալիբների կողմից հովանավորման պարագան Աֆղանստանը դարձնում է կասկածելի երկրների մեջ առաջինը եւ ենթադրվում է, որ նրան էլ Իրաքն է աջակցում: Այսպիսով, Աֆղանստանն ու Իրաքը դառնում են առաջիկա պատերազմի թիրախ:
Նախագահ Ջորջ Բուշն ամերիկյան ժողովրդին սկսել է պատերազմի նախապատրաստել: Ամերիկյան մամուլի ձեւավորած համապատասխան հասարակական կարծիքի պայմաններում ահաբեկիչների թիկունքում կանգնածների բացահայտումը մոռացության է տրվում, եւ ամերիկյան հասարակությունը վրեժխնդրության զգացումով նախագահից պահանջում է անհապաղ փոխհատուցել ահաբեկչությունըՙ պատժելով ահաբեկիչներին: Ակամա հարց է ծագումՙ ո՞ւմ պատժել: Դրա պատասխանն արդեն միանշանակ էՙ նախ Աֆղանստանին, ապաՙ Իրաքին: Ինչո՞ւ: Ինչպես երեւում է, այդ հարցն ամերիկացիներին, առավել եւսՙ Բուշի վարչակարգին, արդեն չի հետաքրքրում: Այսպիսով, Աֆղանստանի եւ Իրաքի դեմ հայտարարվող առաջիկա պատերազմը հանգում է ամերիկացիների վրեժխնդրության զգացումի բավարարմանը:
Սեպտեմբերի 17-ին թուրքական պետհեռուստատեսությունը նշեց, որ այսօր ԱՄՆ-ում ոչ ոք կասկածի տակ չի դնում պատերազմական գործողությունների անհրաժեշտությունը, նույնիսկ չի էլ վիճարկվումՙ թե ո՞ր պետության դեմ: Բայց այդ պատերազմն օդային հարվածո՞վ սահմանափակելու, թե՞ միաժամանակ ցամաքային գործողությունների դիմելու հարցը տեղիք է տալիս բուռն քննարկումների, որոնց արդյունքն ամենեւին էլ միանշանակ հետեւության չի հանգեցնում: Այլ կերպՙ Բուշի վարչակարգն ահաբեկչությանը ժամանակից շուտ պատերազմ հայտարարելիս, Աֆղանստանը ներկայացնելով թիվ 1 կասկածյալ երկիր, ինքն իրեն դնում է դժվարին կացության մեջ: Բավականին դժվար է լինելու նաեւ միանգամից օդային հարվածներ հասցնել մի քանի երկրների:
Հարցը, սակայն, այդ հարվածները չեն, այլ դրանց արդյունավետությունը: Աֆղանստանի պարագայում օդային հարվածները հազիվ թե նպատակին ծառայեն, որովհետեւ այդ երկրում ռմբակոծության ենթակա ո՚չ ռազմական օբյեկտներ կան, ո՚չ էլ տնտեսական կառույցներ, էլ չենք խոսում էներգետիկ համակարգի մասին: Ուրեմն արդյունքի հասնելու համար ամերիկացիները Աֆղանստանում պետք է ծավալեն լայնամասշտաբ ցամաքային գործողություններ: Մինչդեռ վերջիններս, ինչպես այդ մասին հեռուստահաղորդմանը նշեց հայտնի թուրք քաղաքագետ Հասան Քյոնին, որպես կանոն ցամաքում կռվել չեն սիրում:
Ավելինՙ եթե մի պահ պատկերացնենք, որ ԱՄՆ-ը համարձակվեց ցամաքային գործողությունների դիմել, եւ նրա քաջարի հետեւակայինները ցամաքում լուրջ հաղթանակի հասան աֆղանական լեռներին ապավինած աֆղանցիների նկատմամբ, այս դեպքում էլ ամերիկացիների առջեւ ծառանում է Աֆղանստանի սահմանների թափանցիկության հարցը: Այսինքնՙ վերջնական հաղթանակի ապահովումը ենթադրում է աֆղանական սահմանների լիարժեք վերահսկողությունը, իսկ թափանցիկության պայմաններում վերահսկողության համար, ըստ Եվրասիայի ռազմավարական թուրքական կենտրոնի փորձագետ Նիհադ Ալի Օզջանի, առնվազն պահանջվում է 2 միլիոնանոց բանակ: Ի դեպ, նա միաժամանակ հիշեց, որ մեկ աֆղանական զինվորի ոչնչացումն ԱՄՆ-ի համար 2 մլն դոլար է արժենալու:
Գուցե Բուշը դոլարներ չխնայի, բայց 2 մլն զինվոր Աֆղանստան մտցնել չի կարող: Ուրեմն աֆղանցիները վատթարագույն դեպքում կանցնեն Պակիստան, որտեղ, բացի աֆղանցիներից, բավականին ամուր են նաեւ թալիբների դիրքերը: Այս հանգամանքը պետք է ստիպի ԱՄՆ-ին, որպեսզի նա մինչ Աֆղանստան ներխուժելը հաշվի նստի տարածաշրջանում ձեւավորված միջպետական համակարգի, ռազմաքաղաքական առկա հավասարակշռությունների, միջազգային շահերի եւ վերջապեսՙ հարեւան երկրների մոտեցումների հետ:
Դրանցից Թուրքմենստանը ՄԱԿ-ից ստացել է չեզոք երկրի կարգավիճակ, ինչը նախագահ Թուրքմենբաշիի հավաստմամբ, բացառում է օդային տարածքի տրամադրումն ինչպես ԱՄՆ-ին, այնպես էլ ՆԱՏՕ-ին, առավել եւս ռազմական գործողությունների մասնակցությունը: Թեեւ Ուզբեկստանը չեզոք երկիր չէ, բայց եւ այնպես նա նույնպես ակնհայտորեն դեմ է տարածքի տրամադրմանը: Իսկ Տաջիկստանը հայտարարել է, որ բազա չի կարող տրամադրել ամերիկացիներին, ինչը միանգամայն համապատասխանում է ԱՊՀ երկրների օդային տարածքն ու սահմանները Աֆղանստանի դեմ օգտագործելու հարցում Ռուսաստանի բացասական վերաբերմունքին:
Թերեւս հարեւաններից միայն Պակիստանն է, որ Աֆղանստանի հարցում գործուն աջակցություն է խոստանում ԱՄՆ-ինՙ փոխարենը պահանջելով զիջել իր երկրի 30 մլրդ դոլար արժողությամբ արտաքին պարտքն ու Քաշմիրի հարցում ընդդեմ Հնդկաստանի պաշտպանել պակիստանցիների ազգային շահերը: Ի դեպ, հակառակ կառավարությանըՙ Պակիստանի ժողովուրդն ամենեւին էլ հավանություն չի տալիս Աֆղանստանի դեմ ամերիկյան սպառնալիքներին: Թուրքական պետհեռուստատեսության տվյալներովՙ երկրում տեղի են ունենում հակաամերիկյան ցույցեր: Հատկանշական է, որ համանման ցույց, ըստ նույն աղբյուրի, կազմակերպվել է նաեւ Գերմանիայում, որտեղ նեոֆաշիստները ԱՄՆ-ին եւ Իսրայելին դատապարտող կարգախոսներով այրել են ամերիկյան դրոշը:
Այս ամենը հիմք է տալիս ենթադրելու, որ դեռ Աֆղանստան չմտած ԱՄՆ-ի նկատմամբ ի հայտ են գալիս ատելության նոր դրսեւորումներ: Կասկածից վեր է, որ երկիր ներխուժելուց հետո դրանք բոլորովին այլ երանգ եւ նոր թափ կստանան եւ Աֆղանստանին պատժելու փոխարեն կպատժվի ինքըՙ ԱՄՆ-ը: Ինչ վերաբերում է աֆղանցիներին, նրանց նկատմամբ համակրանքը կախված կլինի ամերիկացիների հարձակումներին դիմակայելու կարողություններից: Թվում է, թե աֆղանական ժողովուրդն այդ կարողությունն ունի: Ի վերջո, թշվառության մեջ տանջվելու փոխարեն կարելի է «սրբազան պատերազմում »զոհվել, իսկ այդ պատերազմն արդեն նրանք հայտարարել ենՙ չմոռանալով հանդերձ նախազգուշացնել հարեւան այն երկրներին, որոնք կփորձեն պատերազմի հարցում աջակցություն ցույց տալ ԱՄՆ-ին:
ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ