Ձեւավորվեց Արարատի մարզի ՀՌԱԿ շրջանակըՙ 6 ակումբներից բաղկացած
Արարատի մարզում գործող ՀՌԱԿ 6 ակումբներինՙ «Մասիս», «Վեդի» «Վերին Արտաշատ», «Բերդիկ», «Արարատ», ավելացավ եւս մեկըՙ «Արտաշատը», որի 15 անդամների երդմնառության արարողությունն իրականացնելու, ինչպես նաեւՙ ձեւավորված 6 ակումբներից շրջանակ ու շրջանային վարչություն կազմել-ընտրելու նպատակով Արտաշատ այցելեցին ՀՌԱԿ ատենապետ Ռուբեն Միրզախանյանն ու Հանրապետական վարչության անդամներ Գառնիկ Հովակիմյանը, Մեսրոպ Հարությունյանը, Հրաչյա Կարապետյանը, Մեխակ Գեւորգյանը:
«Արտաշատ» ակումբի նորագիր անդամների երդմնառությանը հաջորդեցին ատենապետի եւ վարչության կազմի ընտրությունները: Այնուհետեւ Արտաշատի մշակույթի տանը կազմակերպված հավաքի մասնակիցներին, որ վերոհիշյալ 6 ակումբների ներկայացուցիչներն էին, իր խոսքն ուղղեց ՀՌԱԿ ատենապետը: Նա նշեց, թե կուսակցության համար որչա՚փ կարեւոր է մարզային այսպիսի կազմակերպված, վստահելի եւ աշխատունակ մարդկանցով հագեցած կառույց ունենալը: «Մեծ ու փոքր կազմակերպությունները գոյանում ու կազմալուծվում են: Երբեմն կազմալուծվում ենՙ հազիվ ծնունդ առած: Եվ այդ բոլոր կազմակերպությունները, որ համարձակորեն փորձում են խոսել ժողովրդի անունից, ապագա չեն ունենում եւ անհետանում են գլխավորապես նաեւ այն պատճառով, որ իրենց կազմակերպության շահերն ավելի բարձր են դասում պետության եւ ժողովրդի շահերից», ասաց Ռ. Միրզախանյանը: Վերը նշվածից բխեցրած եզրակացությունը մեկն էր. կուսակցական եւ անձնական շահը երբեք ավելի բարձր չէ եւ չի դառնա, քան պետությանն ու ժողովրդինը: «ՀՌԱԿ-ն իր գործելակերպով բազմիցս ապացուցել է, որ հավատարիմ է այդ ճշմարտությանը», նշեց ատենապետը: Ապա անդրադարձավ մեկ այլ հարցի. «Այսօր մի շարք քաղաքական ուժեր, ներկայանալով որպես ընդդիմություն, շահարկում են բոլորիս եւ յուրաքանչյուրիս հոգսը հանդիսացող կարեւոր խնդիրներըՙ արտագաղթից մինչեւ տնտեսական վիճակը, սահմանների անվտանգության հարցից մինչեւ բնակչության սոցիալական կացությունը: Սակայն այս ամենը նրանց կողմից ընդամենը շահարկումներ են, որոնք նպատակ ունեն միայն է՚լ ավելի բորբոքել մարդկանց դժգոհությունըՙ ոչինչ չփոխելով, բարելավման ուղիներ չմատնանշելով: Այնինչ այս կարեւորագույն խնդիրները յուրաքանչյուրիս անմիջական ներդրումն ու հոգածությունն են պահանջում»: Ռուբեն Միրզախանյանի խոսքերովՙ մեր երկրի «շարքային» քաղաքացիների մեծագույն թշնամիներից «ստվերն» է, որն արգելակում է տնտեսության զարգացման դրական միտումները, ինչի արդյունքում իրականության մեջ տեղ գտած բարեփոխումները որեւէ կերպ չեն անդրադառնում բնակչության կենսամակարդակի վրա: «Ստվերի» դեմ պայքարելու եւ այդ երեւույթը մասամբ սանձահարելու հնարավորինս արդյունավետ միջոցը շրջանառվող գումարները խստորեն վերահսկելն է. այդ մոտեցումը բազմիցս բախվելու է տեղական «յուրացնողների» խաբեություններին: Ներկայումս որոշ ներդնողներ եւ բարերարներ որդեգրել են վերահսկման լուրջ մեխանիզմներ (օրինակՙ Քըրք Քըրքորյանը)ՙ նպատակ հետապնդելով բարեգործությունը ծառայեցնել իրական հասցեատիրոջըՙ ժողովրդին: Պետությունը եւս պիտի նման մի մեխանիզմ ստեղծի, ինչը կկարողանա նպաստել վերահսկմանը. «Մեխանիզմ մշակել եւ ոչ թե կոռուպցիայի դեմ իբր պայքարող կառույցներ ստեղծելովՙ դրանք էլ իրենց հերթին են սկսում սնուցել կոռուպցիա կոչվող երեւույթը», ասաց նա:
ՀՌԱԿ ատենապետի եւ ակումբների անդամների հարցուպատասխանին հաջորդեց կուսակցական տոմսերի հանձնումը, այնուհետեւ տեղի ունեցան շրջանային վարչության եւ ատենապետի ընտրությունները: Սամվել Մինասյանն ընտրվեց ատենապետ եւ, ներկաներին դիմելով, հավաստիացրեց, թե գիտակցում էՙ որչափ մեծ պատասխանատվություն է ստանձնում եւ ամեն կերպ նպաստելու է նորաստեղծ շրջանակի կայացմանը: Մարզային վարչության ընտրությունների արդյունքում ձեւավորվեց 13 կուսակցականից բաղկացած կազմ, ուր ընդգրկվեցին տեղի ակումբների առավել աչքի ընկնող գործիչները:
Ա. Բ.