«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#166, 2001-09-15 | #167, 2001-09-18 | #168, 2001-09-19


ԵՎՐԱՄԻՈՒԹՅՈՒՆԸ ՍԱՏԱՐՈՒՄ Է ԱՄՆ-ԻՆ, ՄԻԱԺԱՄԱՆԱԿ ԶԳՈՒՇԱՑՆՈՒՄ ԱՀԱԲԵԿՉՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԻՑ

Վաշինգտոնի արաբական դաշնակիցները հորդորում են վերջ տալ «երկակի ստանդարտների» քաղաքականությանը, Իսրայելին աջակցելուն

ԹԱԹՈՒԼ ՀԱԿՈԲՅԱՆ, Նյու Յորք

Երեքշաբթի Վաշինգտոն ժամանող Ժակ Շիրակը հայտարարել է, որ եթե ԱՄՆ-ը ռազմական միջոցներ ձեռնարկի, ապա Փարիզը նրա կողքին կլինի: Սակայն այնքան էլ պարզ չէ, թե ինչ մասշտաբի կլինի Ֆրանսիայի օգնությունը: Պաշտպանության նախարար Ալեն Ռիշարն այնքան էլ վստահ չէ, որ հնարավոր է միջազգային ահաբեկչությունը կարճ ժամանակում արմատախիլ անել, եթե ընդհանրապես հնարավոր է: Նույն կարծիքն է արտահայտել Գերմանիայի պաշտպանության նախարար Ռուդոլֆ Շարփինգը. «ԱՄՆ-ը մինչ պատերազմ սկսելը պետք է համոզված լինի, թե ինչ թիրախի է հարվածում»: ԱՄՆ-ի եվրոպական ամենանվիրյալ դաշնակիցըՙ Մեծ Բրիտանիան, իրադարձությունների ցանկացած զարգացման դեպքում պատրաստ է պաշտպանել Վաշինգտոնին: Նման հավաստիացումներով, ամերիկացիներին ցավակցելու նպատակով հինգշաբթի Վաշինգտոն է ժամանելու վարչապետ Թոնի Բլերը: ԱՄՆ-ի մեկ այլ դաշնակիցըՙ Կանադան, վարչապետ Ժան Կրետիենի խոսքերով, պատերազմ է հայտարարել ահաբեկչությանը, միեւնույն ժամանակ նշելով, որ «համբերությունն ու խոհեմությունն առաջնային են»:

Վաշինգտոնի արաբական աշխարհի դաշնակիցները եւս վստահ չեն, թե հնարավոր է արմատախիլ անել ահաբեկչությունը: Օրինակ, ահաբեկչությունը առնվազն նյութապես հովանավորող Սաուդյան Արաբիան խորհուրդ է տալիս փոքր-ինչ համբերատար լինել: Եգիպտոսի նախագահ Հոսնի Մուբարաքը հայտարարել է, որ ԱՄՆ-ը պետք է երկու անգամ խորհի մինչեւ ռազմական գործողությունների դիմելը: Հորդանանի թագավոր Աբդուլլահը թերեւս առաջինն էր, որ սեպտեմբերի 11-ի ահաբեկչությունից անմիջապես հետո հայտարարեց, որ դրա պատճառը եւ մեղավորը Իսրայելն է: Աբդուլլահը չեղյալ է հայտարարել այս շաբաթ իր Վաշինգտոն այցելությունը: ԱՄԷ-ի առաջնորդ շեյխ Զաիդ բեն Սուլթան ալ Նահյանն ասել է, որ ահաբեկչության դեմ կոալիցիան կենսունակ կլինի միայն այն դեպքում, եթե ԱՄՆ-ը վերջ տա «երկակի ստանդարտների» քաղաքականությանը. «ԱՄՆ-ը եւ կոալիցիան պետք է ահաբեկչական Իսրայելի գործողությունների առաջն առնեն»:

Գրեթե նույն կարծիքին են նաեւ ՄԱԿ-ի շատ պաշտոնյաներ: Նյու Յորքի կենտրոնակայանում ես հնարավորություն եմ ունեցել զրուցել նրանցից մի քանիսի հետ, որոնք նշում են, քանի դեռ ԱՄՆ-ը շարունակում է աջակցել Իսրայելին, ապա ահաբեկչությունն արմատախիլ անելու մասին խոսք լինել չի կարող: Օրինակ, Միջին Արեւելքի եւ Պաղեստինի հարցերով զբաղվող Նիկոլայ Գալկինը մեզ հետ զրույցի ժամանակ բերեց Իրաքի օրինակը. «Եթե ԱՄՆ-ը եւ դաշնակիցները Քուվեյթից դուրս են շպրտում Սադդամ Հուսեյնի զորքերին, ապա ինչու նույնը չանել Պաղեստինում, որին հասանելիք տարածքների 2/3-ը զավթվել է Իսրայելի էքստրեմիստական կուսակցությունների կողմից»:

Իսրայելի արյունարբու վարչապետ Շարոնը ենթադրաբար պետք է անհանգստության մեջ լինի: Եթե, իրոք, ԱՄՆ-ը արաբական աշխարհում նոր դաշնակիցներ է փնտրում, փորձում է նրանցից ստանալ աջակցություն ահաբեկչության դեմ պայքարում, ապա դա նշանակում է, որ Վաշինգտոնը ճնշումներ կբանեցնի Շարոնի վրաՙ դադարեցնելու ահաբեկչությունը: Հիշենք, որ երկրորդ Ինթիֆադան սկսվեց այն ժամանակ, երբ Շարոնը սադրիչ այց կատարեց Ալ Աքսա մզկիթ: Ամերիկացիների մի մասը համոզված է, որ եթե ԱՄՆ-ը այդպես միակողմանի չպաշտպաներ Իսրայելին, ապա չէր լինի սեպտեմբերի 11-ը: «Իսրայելի միացյալ նահանգներ», կատակում են ամերիկացիները:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4