ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ
Մինչ նախագահ Ջորջ Բուշը փառապանծ հաղթանակ է ավետում իր ժողովրդին, իսլամական աշխարհի դեմ «խաչակրաց արշավանքներ» կազմակերպելու պատրաստակամություն հայտնում եւ շարունակում հոխորտալ ահաբեկիչների, նրանց հովանավորող երկրների վրա, իսկ ամերիկյան «արժանապատիվ արծիվը» ամենայն վճռականությամբ պատրաստվում է սավառնել Աֆղանստանի լեռներումՙ ոչնչացնելու Ուսամա բեն Լադենի «Ալ Ղաիդա» կազմակերպությունը, ոչնչացնելով հանդերձ Սուդանում եւ Եմենում տեղակայված նրա ճամբարները, ահաբեկիչների ուրվականն անընդհատ հետապնդում է ամերիկացիներին:
Խուճապը մշտական գործոն է դարձել ամերիկյան իրականության մեջ: Երկրի օդակայանները, երկաթուղային կայարանները, մետրոն, նավահանգիստները շարունակ գտնվում են ահաբեկչական ակնկալվող գործողությունների սպառնալիքների տակ: Չեն դադարում այս օբյեկտներում ռումբի տեղադրման ահազանգերը: Ամերիկացիները հետզհետե գիտակցում են ստեղծված իրավիճակի անելանելիությունը, ինչը նրանց հուսահատության է մղում: Այս մասին բազմիցս նշեց թուրքական պետհեռուստատեսությունը: Մեր թղթակից Թաթուլ Հակոբյանն էլ իր հերթին Նյու Յորքից նշում է. «Ամերիկացիների մի մասը համոզված է, որ եթե ԱՄՆ-ն այդպես միակողմանի չպաշտպաներ Իսրայելին, ապա չէր լինի սեպտեմբերի 11-ը»:
Ինչպես երեւում է, պաշտոնական Վաշինգտոնին հուզում է ոչ թե ամերիկացիների համոզմունքը, այլ ահաբեկչության դեմ հայտարարված գլոբալ պատերազմի Թել Ավիվի նկրտումներին համապատասխան ծավալումը: Թերեւս այդ առումով պատահական չեն Իսրայելի արտգործնախարար Շիմոն Պերեսի պատասխանները թուրքական պետհեռուստատեսության հարցերին: Սեպտեմբերի 18-ին նա, նույնացնելով ահաբեկիչներին շեյթանի հետ, նշեց, որ դրանք վխտում են Մերձավոր եւ Միջին Արեւելքում: Պերեսն այնուհետեւ ավելացրեց. «Տարածաշրջանի մեծագույն շեյթանն Իրանն է, «Հզբոլահը» դրա փոքր տեսակն է, իսկ Ուսամա բեն Լադենըՙ շեյթանի մեկ այլ տարբերակը»:
Հատկանշական է, որ ԱՄՆ-ի պետքարտուղարության 2000 թ. զեկուցագրում որպես ահաբեկչությանն առավելագույնս աջակցող երկիր հենց Իրանի Իսլամական Հանրապետությունն է ներկայացվում: Այսինքնՙ Վաշինգտոնը միանշանակ վարում է Իսրայելին համահունչ քաղաքականություն: Ուրեմն այդ քաղաքականությունն ամերիկացիներիՙ ահաբեկչության դեմ անզորությունից բխող հուսահատության եւ խուճապի էլ պատճառն է: Նախորդ օրն ահազանգ էր եղել Բոստոնի նավահանգստում ռումբ տեղադրելու մասին, իսկ երեկ ամերիկյան ողջ ժողովուրդը ցնցվեց քիմիական եւ բակտերիոլոգիական զենքի հավանական գործադրման ահազանգից: Ցնցումներին, ըստ երեւույթին, նպաստեցին ամերիկյան մամուլի Իրաքին վարկաբեկող հոդվածները, ըստ որոնց, վերջինս իբր Ուսամա բեն Լադենին քիմիական եւ բակտերիոլոգիական չորս, իսկ ատոմայինՙ մեկ ռումբ է տրամադրել:
Այդ ընթացքում մասնագետները թուրքական հեռուստատեսության տվյալներով նախազգուշացնում են ամերիկացիներին, որ ԱՄՆ-ում բացակայում են բնակչությանն այդ զենքերից պաշտպանելու անհրաժեշտ միջոցները: Այդ նույն ժամանակ վերստին ասպարեզ է իջնում նախագահ Բուշը եւ ամերիկյան ժողովրդի անդորրն ապահովելու մղումով հայտարարում. «Երկրի պայմաններն ինչպիսին էլ լինեն, ամերիկյան զինված ուժերը վճռական են պաշտպանելու հայրենիքը»: Այս հայտարարությունն, ինչ խոսք, հակադարձ ազդեցություն է թողնում ամերիկացիների վրա եւ վերջնականապես համոզում, որ քիմիական եւ բակտերիոլոգիական զենքից բխող վտանգն ավելի լուրջ է: Հուսահատությունը դառնում է անխուսափելի:
Ամերիկյան ժողովրդի հուսահատության մեկ այլ պատճառն էլ, ամենայն հավանականությամբ, սեպտեմբերի 11-ի ահաբեկչության կազմակերպիչների բացահայտման հարցում երկրի հետախուզական ծառայությունների անկարողությունն է: Քանի դեռ կազմակերպիչները չեզոքացված չեն, չի կարելի կանխել ահաբեկչական նոր գործողությունները: Իսկ չեզոքացման նախապայմանը կազմակերպիչների բացահայտումն է: Դա, ինչ խոսք, գիտակցում է Բուշի վարչակարգը եւ Աֆղանստանի դեմ պատերազմական գործողությունների անցնելու համար կատարված ահաբեկչության ողջ պատասխանատվությունը բարդում է Ուսամա բեն Լադենի վրա:
Ակամա հարց է ծագումՙ հավաստի փաստեր կա՞ն: Հակառակ Բուշի վարչակարգին, ԱՄՆ-ում ռազմավարական ուսումնասիրությունների խոշորագույն երկու կենտրոններ, ինչպիսիք են «Կարնեգի» հիմնադրամն ու «Ռենդ» կորպորացիան, ելնելով սեպտեմբերի 11-ի ահաբեկչության մասշտաբներից, միանգամայն հավաստում են, որ դրա կազմակերպումը վեր է բեն Լադենի ուժերից, դա գերազանցում է նրա կարողությունները: Այս հավաստիացումը, ըստ թուրքական պետհեռուստատեսության, հաստատելու են գալիս ամերիկյան հետախուզական ծառայությունները, նշելով, որ իրենք վերջին տարիներին շարունակաբար ուշի-ուշով հետեւել են բեն Լադենին, արձանագրել նրա քայլերի բոլոր մանրամասները: Այլ կերպ, Լադենի գործունեությունըՙ տեղաշարժերով հանդերձ, միանգամայն թափանցիկ է եղել CIA-ի համար: Ուրեմն, բեն Լադենն էլ Բուշի վարչակարգի «քավության նոխազը» պիտի լինի, որպեսզի թե՚ արդարանա ամերիկյան ժողովրդի առջեւ եւ թե՚ արդարացնի թալիբների հետ առաջիկա պատերազմի անխուսափելիությունն Աֆղանստանում:
Ինչ վերաբերում է հակաաֆղանական կոալիցիայի վրա ԱՄՆ-ի դրած հույսերին, ապա դրանց արդարացումը պայմանավորված է լինելու ԱՄՆ-ի եւ նրա դաշնակիցների համար ռազմական գործողությունների բարեհաջող ընթացքով: Թե ինչպիսի՞ ընթացք կստանան դրանք, ցույց կտա առաջիկա պատերազմը: Բայց որ 80-ական թթ. սկզբներից բեն Լադենը CIA-ին, իսկ թալիբները ԱՄՆ-ին չափազանց լավ են ճանաչում, ակնհայտ փաստ է: Ուստի եւ առաջիկա պատերազմում կռվելու են իրար քաջածանոթ թշնամիներ, որոնք Աֆղանստանում տարիներ շարունակ միմյանց հետ սերտորեն համագործակցել են ընդդեմ խորհրդային ագրեսիայի: