«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#169, 2001-09-20 | #170, 2001-09-21 | #171, 2001-09-22


«ԱՐԺԱՆԱՊԱՏԻՎ ԱՐԾՎԻ» ՀԱԿԱԱՖՂԱՆԱԿԱՆ ԿՈԱԼԻՑԻԱՆ ՃԵՂՔՎԱԾՔ Է ՏԱԼԻՍ

Սեպտեմբերի 11-ին ԱՄՆ-ում կատարված սարսափելի ահաբեկչության մասին ամերիկացիները երեւակայել անգամ չէին կարող: Ինչպես երեւում է ահաբեկչության հետեւանքները իր քաղաքական նպատակներին ծառայեցնելու պաշտոնական Վաշինգտոնի նկրտումներն էլ աներեւակայելի արագություն են հաղորդում քաղաքական միջազգային զարգացումների ընթացքին: Աֆղանստանն ագրեսիայի ենթարկելու ԱՄՆ-ի անզուսպ հակումները որեւէ կասկածի տեղիք չեն տալիս: Դա արդեն չի վիճարկվում: Հակառակ դրան ԱՄՆ-ի եւ նրա դաշնակիցների միջեւ շարունակվում են ակտիվ բանավեճերն առաջիկա պատերազմի նպատակահարմարության, ձեւի, բնույթի եւ տարողության շուրջ: Լուրջ բանավեճերի տեղիք է տալիս աջակցության տարբերակների հարցը: Եթե ԱՄՆ-ը ճնշում է իր դաշնակիցներին, որպեսզի առաջիկա պատերազմում նրանց աջակցությունը լինի անվերապահ, ապա նրանք պատերազմին մոտենում են որոշ վերապահությամբՙ ճշգրտելու իրենց դիրքորոշումները:

ՆԱՏՕ-ի գծով ԱՄՆ-ի դաշնակիցներից Նորվեգիան նախապես հրաժարվել է մասնակցել Աֆղանստանի դեմ պատերազմական գործողություններին: Բելգիան ու Հոլանդիան նախագահ Բուշից պահանջել էին ավելի մեղմ դիրքորոշում, իսկ Ֆրանսիան, ընդգծելով համատեղ պայքարի անհրաժեշտությունը, դրա ընթացքը սառնասրտությամբ է պայմանավորել: Միաժամանակ Ֆրանսիան ԱՄՆ-ից պահանջոել է հստակեցնել «ահաբեկչության սահմանումը», որպեսզի հստակ պատկերացում ունենա ազգային ազատագրական շարժումների նկատմամբ նրա դիրքորոշումների մասին:

Ըստ երեւույթին ակնարկը պաղեստինցիների մասին է, Վաշինգտոնը նրանց «ահաբեկիչներ» է անվանում, իսկ Պաղեստինի Ինքնավարությանըՙ ահաբեկչական: Համենայն դեպս, Ֆրանսիան ահաբեկչության սահմանման հարցում տարակարծիք է ԱՄՆ-ի հետ: Իսկ վերջի՞նը: Նրան էլ տարակուսանք է պատճառել Վաշինգտոնում նախագահ Ժակ Շիրակի ելույթը: Թուրքական պետհեռուստատեսությունը սեպտեմբերի 19-ին անդրադառնալով դրան, ընդգծեց, որ Ֆրանսիայի նախագահը ահաբեկչության դեմ պայքարի հարցում ընդամենը համերաշխություն հայտնեց ԱՄՆ-ին եւ բացարձակապես խուսափեց «պատերազմ» բառն արտասանելուցՙ հրավիրելով իր վրա Վաշինգտոնի անսովոր ուշադրությունը:

Սա հիմք է տալիս ենթադրելու, որ Ֆրանսիան հակված չէ անմիջականորեն մասնակցելու աֆղանական պատերազմին: Ինչ վերաբերում է Գերմանիային, ապա նրա կանցլեր Գերհարդ Շրյոդերը ԱՄՆ-ին խոստանում է տնտեսական եւ քաղաքական լիակատար աջակցություն, ռազմականըՙ անհրաժեշտության դեպքում: Նա այնուհետեւ հայտարարում է. «Գերմանիան պատրաստ է պատերազմի, բայց արկածախնդրությանՙ երբեք»: Այս մոտեցումը եթե ոչ տարակարծության, ապա անհամաձայնության նշան է, ինչը հարթելու համար ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ջորջ Ռոբերտսոնը պատրաստվում էր այցելել Գերմանիա: Օգտվելով առիթից նշենք, որ պատերազմի հարցին նա նույնպես միանշանակ չի մոտենում: Նրա կարծիքով, Աֆղանստանում ռազմական գործողություններ ձեռնարկելու համար անհրաժեշտ է բացահայտել ահաբեկչության կազմակերպիչներին եւ ցույց տալ նրանց կապը դրսի հետ:

Ուրեմն պատերազմի հարցում ՆԱՏՕ-ն եւ այդ կառույցի երկրները որոշակի անհամաձայնություններ ունեն ԱՄՆ-ի հետ: Թերեւս դրանցից միայն Անգլիան է անվերապահորեն պաշտպանում ամերիկյան դիրքերը Եվրոպայում: Ինչ վերաբերում է իսլամական աշխարհին, ապա այստեղ Սաուդյան Արաբիան, Ինդոնեզիան, Պակիստանը նաեւ Թուրքիան բոլոր հարցերում համերաշխություն են հայտնում ԱՄՆ-ին, այդ թվումՙ Աֆղանստանի դեմ պատերազմում: Սակայն դա չի խանգարում այդ երկրների իսլամական ուժերին, որպեսզի նրանք ի համերաշխություն Ուսամա բեն Լադենի եւ թալիբների, իրենց իշխանություններին հակադրվելիս ԱՄՆ-ի շահերին հարվածելու վճռականություն ցուցաբերեն:

Դրանում համոզվելու համար կարելի է անդրադառնալ թուրքական «Սթարի» սեպտեմբերի 20-ի համարին, որտեղ նշվում է բեն Լադենի մոջահեդներից 27 մահապարտների մասին, որոնց «Ինջիռլիքի» ռազմաբազային հարված հասցնելու նպատակով Թուրքիա ներթափանցման առնչությամբ Վաշինգտոնն ահազանգով նախազգուշացրել է Անկարային: Սեպտեմբերի 21-ին «Միլիեթը» գրում է Քյոլնում Թուրքիայի հյուպատոսարանից ստացած ահազանգի մասին, ըստ որի, թուրքական արտաքին գերատեսչությունն անմիջապես դիմում է երկրի ներքին գործերի նախարարությանը, որպեսզի վերջինս միջոցներ ձեռնարկիՙ պաշտպանելու Քեմալ Աթաթուրքի դամբարանն ահաբեկչական հնարավոր գործողությունից:

Ահաբեկչության հավանականությունը սպառնում է նաեւ Սաուդյան Արաբիային: Եթե սպառնալիքը ճնշման տակ է պահում թուրքական եւ սաուդյան իշխանություններին, ապա Ինդոնեզիայի իշխանությունները նախագահ Նաղավադիի գլխավորությամբ ենթարկվում են սեփական ժողովրդի ճնշումներին: Դա հետզհետե սրում է երկրի ներքաղաքական լարվածությունը, իսկ սրումը պայմանավորվում է երկրում հակաամերիկյան զանգվածային ելույթներով: Ակնհայտ է, որ լարվածության պայմաններում Ինդոնեզիան, անկախ Վաշինգտոնում նրա նախագահի ռազմական անվերապահ օգնության խոստումներից, չի կարող ԱՄՆ-ի համար հուսալի հենարան հանդիսանալ աֆղանական պատերազմում:

Հենարանի առումով ավելի քան անհուսալին Պակիստանն է, իսկ նրա նախագահ Փերվեզ Մուշարաֆի դրությունը երկրումՙ գրեթե անելանելի: Սեպտեմբերի 19-ին նա դիմելով ժողովրդինՙ ԱՄՆ-ում կատարված ահաբեկչության պատասխանատվությունը բարդեց բեն Լադենի վրա եւ թալիբներին մեղադրեց նրան հովանավորելու մեջ: Մինչ նախագահ Բուշը ելույթի առթիվ ողջունում էր Մուշարաֆին, Պակիստանի ազգային պաշտպանության խորհուրդը, որի կազմում ներկայացված են նաեւ իսլամական 34 կազմակերպություններ, խստորեն նախազգուշացնում են նրան եւ հայտարարում. «Եթե Թալիբանը «սրբազան պատերազմ» հայտարարի ԱՄՆ-ին, հայտարարելու ենք նաեւ մենք»: Այդ ընթացքում Քաբուլում հետաձգվում է կրոնական բարձրագույն ատյանի նիստը, որտեղ քննարկվում էր բեն Լադենի հարցը: Ստեղծվում է անորոշ իրավիճակ: Հակառակ դրան թափ է ստանում աշխարհի տարբեր ծայրերից իսլամական խմբավորումների հոսքը Պակիստան, որտեղից նրանք ջիհադին մասնակցելու համար անցնում են Աֆղանստան: Սեպտեմբերի 30-ին Պակիստանի պաշտպանության խորհուրդը վերջնագիր է ներկայացնում Մուշարաֆի վարչակարգին, իսկ Պենտագոնը որոշում է աֆղանական պատերազմի համար տարածաշրջան ուղարկված զինվորների միայն աննշան հատվածին տեղաբաշխել պակիստանյան հողում, մնացածին տեղավորել ռազմանավերում:

Այս որոշումն ընդունվում է ամերիկյան զինվորների անվտանգության երաշխիքների բացակայությամբ: Շուտով կասկածի տակ է դրվում Կարաչիում տեղակայված ամերիկյան ռազմաբազաների անվտանգությունը: Թերեւս դա պայմանավորված է սեպտեմբերի 20-ի լույս 21-ի գիշերը Կարաչիում իսլամականների հակաամերիկյան հուժկու ելույթներով եւ այն բախումներով, որոնք կատարվում են ցուցարարների ու անվտանգության ուժերի միջեւ: Հատկանշական է, որ ցուցարարները դատապարտելով ԱՄՆ-ին, բեն Լադենին են պաշտպանում: Սա կարեւոր հանգամանք է Աֆղանստանի հոգեւոր բարձրագույն ատյանի հետաձգված նիստի, առավել եւս դրա կայացրած որոշման մեկնաբանման առումով:

Ըստ երեւույթին ամերիկյան գործակալությունները ցանկալին որպես իրողություն ներկայացնելու մղումով ատյանի «եթե Ուսամա բեն Լադենը ցանկանաՙ կարող է հեռանալ Աֆղանստանից» ձեւակերպումը գիտակցաբար ներկայացնում են, թե թալիբները նրան վտարում են երկրից եւ դա պայմանավորում են ԱՄՆ-ի պահանջներին տեղի տալու վերջիններիս պատրաստակամությամբ: Ավելին, Սպիտակ տան խոսնակը կտրականապես մերժում է մտացածին այս մոտեցումը եւ պահանջում անհապաղ հանձնել Բեն Լադենին, ինչպես նաեւ «Ալ Ղաիդա» կազմակերպության ղեկավարներին, հակառակ դեպքումՙ սպառնալով պատրաստ լինել «արդարադատություն առանց սահմանների» կոդային անվան տակ նախապատրաստվող պատերազմին: Սպառնալիքներով Կոնգրեսում հանդես է գալիս նաեւ Բուշը: Մինչդեռ թալիբները վերոհիշյալ ատյանի նիստի ավարտին իսլամական աշխարհին կոչ էին արել «սրբազան պատերազմ» հայտարարել ԱՄՆ-ին, եթե նա հարձակվի Աֆղանստանի վրա: Բուշի ելույթից հետո այդ կոչն ավելի հստակ ձեւակերպում է ստանում եւ ընդգծվում է, որ բեն Լադենի հանձնումն ամերիկացիներին բացառված է: Սեպտեմբերի 21-ին ներքաղաքական լարվածությունը Պակիստանում ավելի քան սրվում է: Ուրբաթ օրվա նամազից առաջ եւ հետո Իսլամաբադում, Կարաչիում եւ Փեշավարում տեղի են ունենում իսլամական ուժերի նոր ցույցեր: Ցուցարարներն սպառնում են հարձակվել ամերիկյան ռազմաբազաների վրա: ԱՄՆ-ը Աֆղանստանի դեմ պատերազմական գործողությունների չանցած, արդեն Պակիստանում բախվում է իսլամականների հակազդեցությանը: Հարցը սակայն իսլամականները չեն, այլ այն ազդեցությունը, որ վերջիններս ունեն Պակիստանի զինված ուժերում:

Այս ամենը հիմք է տալիս ենթադրելու, որ հակաաֆղանական կոալիցիան դեռ չձեւավորվածՙ ճեղքվածք է տալիս: ԱՄՆ-ին փաստացի չի հաջողվում այդ կոալիցիայի մեջ ընդգրկել իսլամական աշխարհի դաշնակից երկրներին: Ընդհակառակը, հենց այդ երկրներում սպառնալիքի տակ է դրվում ինչպես ամերիկյան զինվորների, այնպես էլ ամերիկյան ռազմաբազաների անվտանգությունը: Դեռ ավելին, իսլամական տարբեր խմբավորումներ շտապում են թալիբներին օգնության: Ուրեմն, նրանք կարողանում են իրենց շուրջ համախմբել հակաամերիկյան ուժերին: Այսպիսով, հակաամերիկյան կոալիցիան հակադրվում է դեռ վերջնականորեն չձեւավորված հակաաֆղանական կոալիցիային, ինչն ամրապնդում է ամերիկացիներին դիմակայելու թալիբների ինքնավստահությունը:

ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4