«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#169, 2001-09-20 | #170, 2001-09-21 | #171, 2001-09-22


ԹՈՒՖԵՆԿՅԱՆ ԳՈՐԳԵՐՙ «ՄՈԴԵՌՆ ԵՎ ԱՎԱՆԴԱԿԱՆ ՈՃԻ ԱՇԽԱՐՀԱՀՌՉԱԿ ԳԱՆՁԵՐ»

Անհիշելի ժամանակներից մարդկանց կենցաղային կյանքում գորգն իր անգնահատելի դերն ունի: Հաճելի ու հարմարավետ դարձնելուց բացի ձեռագործ գորգերըՙ իբրեւ դեկորատիվ-կիրառական արվեստի մի արտահայտություն, մեր կենցաղային կյանքի, տան կահավորանքի էսթետիկական կողմն ապահովող ամենակարեւոր տարրերից են: Իսկ ընդհանրապես, ձեռագործ գորգերն առեղծվածային են, անմեկնելի: Ժամանակների ընթացքում գորգարվեստն, իհարկե, կրեց բազմաթիվ փոփոխություններՙ ձեռք բերելով նոր որակներ, հարստանալով գույնի, ձեւի, նախշազարդի ամենատարբեր մշակույթներից վերցրած նոր տարրերովՙ գեղարվեստի ավելի ժամանակակից ըմբռնումներին համապատասխան:

Ամերիկյան «Թուֆենկյան իմպորտ-էքսպորտ վենչըր» ձեռնարկության հիմնադիր Ջեյմս Թուֆենկյանը, որ աշխարհում ձեռագործ գորգերի առաջատարներից է, արդեն դարձել, 1993 թ. Հայաստանում սկիզբը դրեց ձեռագործ գորգերի հինավուրց արվեստի վերածննդին: Սկզբնական տարիների դժվարությունները (իբրեւ տեղանք ընտրվեց Սեւանա լճի ավազանը) աստիճանաբար հաղթահարվեցին, եւ ընկերությունն ընդլայնվեցՙ 4 աշխատողների (մանողների) խմբից հասնելով մինչեւ 1000-ի, ավելացան նաեւ արտադրամասերը, որոնք այժմ գործում են Կրասնոսելսկում, Լճաշենում, Երեւանում, Գավառում: Հայ գորգագործներին իրենց աշխատանքային փորձը փոխանցեցին Նեպալից հրավիրված գորգագործները:

Ընկերության աշխատանքային հաջողություններին մեծապես նպաստեց ձեռնարկության տնօրեն Համբարձում Չիլինգարյանի հմուտ եւ արդյունավետ ղեկավարումը:

Թուֆենկյան ընկերության արտադրած գորգերը ծնունդ են բծախնդիր ու համբերատար աշխատանքի, քանի որ այստեղ ամեն ինչ արվում է ձեռքովՙ սկսած ոչխարի բրդի լվացումից, չորացումից, գզումից ու մանումից: Օգտագործվում է ավանդական տեխնոլոգիանՙ իլիկը եւ ճախարակը: Գորգերի դիզայնն արվում է Նյու Յորքում, տեխնիկական նկարներըՙ Հայաստանում, վերջնական մշակումը (հատուկ նյութերով լվացում) կատարվում է Ցյուրիխում: Այս գորգերը պարունակում են 137 հատուկ չխամրող երանգներից կազմված գամմա, նրանք ամենատարբեր չափի (0,5 քմ-30 քմ) եւ դիզայնի են, որոնց յուրաքանչյուր 10 քմ-ը պահանջում է 3000 ժամ ձեռքի աշխատանք:

Թուֆենկյան ձեռագործ գորգերի, ներքին հարդարանքի այլ ձեռագործ իրերի սրահի բացում-շնորհանդեսը տեղի ունեցավ սեպտեմբերի 20-ի երեկոյան: Ցուցադրված էին ձեռագործ գորգերը, կահույքը, ներքին հարդարման իրերը, նրանց ստեղծման գործընթացը (թելի մանում, աշխատանքը դազգահի վրա): Հայ վարպետների ձեռքով արված բարձրաճաշակ, նրբագեղ, չխամրող ու դիմացկուն, հնաոճ ու ժամանակակից այս գորգերը հարմարվետություն, գեղեցկություն ու հմայք կհաղորդեն բնակարաններին, հասարակական վայրերին:

Պարսկական, անատոլիական, նաեւ հայկական գորգերի մի շարք տարրերի օգտագործմամբ, ավանդական որոշ նախշազարդերի զուգակցումով, ձեռքի աշխատանքի բարձրորակ կատարումով Թուֆենկյան գորգերը մշակութային արժեք են նաեւ: Դրանք գունային տոնայնությամբ բավականին տարբեր են վառ արտահայտված գույներով նախշառատ մեր ավանդական գորգերից: Նրանք շատ ավելի մեղմ, նուրբ երանգներով, հաճախ հազիվ նշմարելի գծանախշային պատկերներով հետաքրքիր նմուշներ են, որոնք նորույթ են, ակնահաճո ու հանգստաբեր եւ, ինչպես ընկերության տնօրեն պրն Չիլինգարյանն է հավաստում, համապատասխան շուկայի եւ սպառողի այսօրվա պահանջին. «Արտադրված է մի հրաշք, որը կբերի բավարարվածություն եւ անդորր»:

Մինչ այժմ ընկերության արտադրանքն ամբողջությամբ արտահանվում էր ԱՄՆ եւ Եվրոպա, իսկ հիմա վաճառվում է նաեւ Հայաստանումՙ Թուֆենկյան ձեռագործ գորգերի խանութ-սրահում (Թումանյան 21/1):

ՄԵԼԱՆՅԱ ԲԱԴԱԼՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4