Սեպտեմբերի 19-ին Լոռու մարզպետարանի լրատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի նախաձեռնությամբ Վանաձորի «Հանդիպում» սրճարանում տեղի ունեցավ քաղաքապետ Սամվել Դարբինյանի հանդիպումը քաղաքական կուսակցությունների մարզի եւ մարզկենտրոնի ներկայացուցիչների հետ:
Ս. Դարբինյանը ներկայացրեց իր պաշտոնավարման անցած երկու տարիներին կատարված աշխատանքներըՙ անդրադառնալով դպրոցաշինությանը, բնակարանաշինությանը, ճանապարհաշինությանը, կոմունալ տնտեսությանը, քաղաքում գործող ձեռնարկություններին ու նրանցում առկա աշխատատեղերին:
Հիշատակման է արժանի, որ քաղաքապետարանին ենթակա հիմնարկներում եւ հաստատություններում վճարվել են աշխատավարձի պարտքերը, եւ այժմ ընթացքի մեջ է օգոստոս ամսվա աշխատավարձի վճարումը: Ս. Դարբինյանը հավաստիացրեց, որ մինչեւ տարեվերջ քաղաքի բյուջեն կատարված կլինի, եւ պարտքեր չեն լինի:
Քաղաքապետն անդրադարձավ նաեւ իր նախընտրական ծրագրում առկա խոստումներին, որոնց մի մասը կատարվել է, իսկ մյուսներն ընթացքի մեջ են:
Հանդիպմանը ներկա կուսակցությունների ներկայացուցիչները քաղաքապետին դիմեցին տարաբնույթ հարցերով, որոնց մեծ մասի լուծման շուրջ հիմնականում փոխհամաձայնություն ձեռք բերվեց:
Քաղաքապետիՙ համայնքի տարածքում հանրահավաքների անցկացման վայր Վանաձորի սպորտի պալատի հարեւանությամբ գտնվող հրապարակը սահմանելու որոշման կապակցությամբ դժգոհություն հայտնեցին ՀԿԿ եւ «Արմատ» կուսակցությունների ներկայացուցիչները: Ս. Դարբինյանը հիմնավորելով որոշման դրդապատճառները, կոնկրետ օրինակներով բացատրեց Արցախ պուրակում հանրահավաքների անցկացման աննպատակահարմարությունը:
Մարզկենտրոնում առկա կարեւոր հիմնահարցերի մասին խոսեցին ՍԻՄ, ՀԺԿ, ՀՌԱԿ ներկայացուցիչները, ինչպես նաեւ «տանտերերը»ՙ «Նոր սերունդ» երիտասարդական կազմակերպության նախագահը: Դրանց լուծման համար պատրաստակամություն հայտնելով, Ս. Դարբինյանը առաջարկեց ավելի սերտացնել համագործակցությունըՙ ի շահ մեր քաղաքի զարգացման:
ՄԱՆՎԵԼ ՄԻԿՈՅԱՆ