«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#171, 2001-09-22 | #172, 2001-09-25 | #173, 2001-09-26


ՀՈՒՇԱՏԱԽՏԱԿ ՏԻԳՐԱՆ ՀԱԽՈՒՄՅԱՆԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ

Երեկ Մաշտոցի պողոտայի 39 հասցեում տեղի ունեցավ գրականագետ, թարգմանիչ Տիգրան Հախումյանի հուշատախտակի բացման արարողությունըՙ ճարտարապետ Լեւոն Իգիթյան:

«Մոռացության ժամանակներ էին նախկինում, բայց բարեբախտաբար ամեն ինչ կարծես վերափոխվում է, մենք կրկին վերադառնում ենք մեր ակունքներինՙ վերագնահատելու մեր անցյալը: 20-30-ականների հայկական իրականության մեջ, երբ գավառային մտայնությունները սպառնում էին տիրական դառնալ ամեն առումներովՙ եվրոպական, ռուսական բարձր մշակույթ կրող բարեկիրթ մտավորական Տիգրան Հախումյանի անձնական ներկայությունն իր միջավայրում պետք է որ լույս սփռեր: Կարելի է պատկերացնել նրա տառապանքը եւ մենակությունը. մի մարդ, որ երբեք կոմպրոմիսի չգնաց, չծառայեց կեղծ պետական արժեքներին, քանի որ սերում էր առողջ եւ ազնիվ արմատներից», շնորհավորանքի խոսքում ասաց բանաստեղծ Հենրիկ Էդոյանըՙ հուսալով, որ քաղաքի այդ հատվածը կդառնա մշակութային էներգիա կրող վայր. կողք-կողքի երկու մեծ մտավորականներիՙ Լեւոն Ներսիսյանի եւ Տիգրան Հախումյանի հուշատախտակների գոյությունը դրա վկայությունն են կարծես:

Գրականագետ, թարգմանիչ, բանաստեղծ Տիգրան Հախումյանը (1894-1973) ավարտելով Մոսկվայի համալսարանի իրավաբանական եւ բանասիրական ֆակուլտետները, աշխատել է Թիֆլիսում, եղել «Ժողովրդի ձայն» եւ «Մշակ» թերթերի խմբագիրը: Այդ տարիներին նա Ժողովրդական (հետագայում ՌԱԿ) կուսակցության ղեկավարներից է եղել: 1922-ից փոխադրվել է Երեւան, աշխատել մամուլում («Խորհրդային Հայաստան», «Վերելք»): 1948-ից անցել է մանկավարժական աշխատանքիՙ դասախոսելով Խ. Աբովյանի, Վ. Բրյուսովի ինստիտուտներում, Երեւանի պետական համալսարանում: Լինելով ռուս գրականության լավագույն մասնագետներիցՙ նա ռուսերենից հայ ընթերցողին է մատուցել 99 պիես (Մ. Գորկի, Լունաչարսկի, Պոգոդին, Լոպե դե Վեգա), հրատարակել գրականագիտական հոդվածների, հուշերի ժողովածուներ:

Հուշատախտակի բացման արարողությանը ելույթ ունեցան Հենրիկ Իգիթյանը, Նորա Հակոբյանը եւ Նելլի Սահակյանը:

Ներկաներին, մասնավորապես ճարտարապետ Լեւոն Իգիթյանինՙ բարձրաճաշակ աշխատանքի համար շնորհակալական խոսք ուղղեց Տիգրան Հախումյանի որդինՙ Սեմյոն Հախումյանը, իսկ գրականագետի ծոռըՙ մի շատ համակրելի երիտասարդՙ Տիգրան Հախումյանը, ծաղիկներ դրեց հուշատախտակին:

ՄԵԼԱՆՅԱ ԲԱԴԱԼՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4