«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#174, 2001-09-27 | #175, 2001-09-28 | #176, 2001-09-29


«ՀԱՅ-ԹՈՒՐՔԱԿԱՆ ՀԱՇՏԵՑՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ» ԵՐՐՈՐԴ ՀԱՆԴԻՊՈՒՄԸՙ ՆՅՈՒ ՅՈՐՔՈՒՄ

Մինչդեռ նախապես որոշվել էր Երեւանում անցկացնել

Սեպտեմբերի 11-ին Նյու Յորքում եւ Վաշինգտոնում կատարված ահաբեկչության ողբերգական հետեւանքները ողջ աշխարհը ցնցեցին: Ահաբեկչությամբ համայն մարդկությունը մեկ անգամ եւս համոզվեց, որ կատարվածը ոչ այլ ինչ է, եթե ոչ համամարդկային աղետ: Դրա վերացումը անխտիր բոլոր երկրների համար դարձավ անհետաձգելի խնդիր եւ այդ հայտնվեց միջազգային հանրության օրակարգում: Աննախադեպ այս ահաբեկչությունըՙ խուճապի մատնելով ԱՄՆ-ի գլխավորությամբ Արեւմուտքին, Մերձավոր եւ Միջին Արեւելքի երկրներում ռազմաքաղաքական իրադրությունը շեշտակի սրեց: Ավելին, Աֆղանստանի դեմ պատերազմ սանձազերծելու պաշտոնական Վաշինգտոնի նկրտումները պայթյունավտանգ իրավիճակ ստեղծեցին տարածաշրջանում: Պատերազմի սպառնալիքն անկանխատեսելի հետեւանքներով հանդերձ, բացի Աֆղանստանից, կախվեց նաեւ մի շարք այլ երկրների գլխին:

Թվում էր, թե ամերիկյան ժողովրդի ողբերգությունը, Արեւմուտքի խուճապը, Մերձավոր եւ Միջին Արեւելքի երկրների գլխին կախված պատերազմի սպառնալիքն ու տարածաշրջանում ստեղծված պայթյունավտանգ իրավիճակը կհանգեցնեն «Հայ-թուրքական հաշտեցման հանձնաժողովի» Ստամբուլում նախատեսված երկրորդ հանդիպման հետաձգմանը: Հայ ժողովրդին թուրք ժողովրդի հետ հաշտեցնելու շահագրգիռ կողմերի տենչը, սակայն, գերազանցեց բոլոր ենթադրությունները: Այսպիսով, սեպտեմբերի 22-26-ը հանձնաժողովի անդամները վերստին հանդիպեցին Ստամբուլում:

Թուրքական մամուլի ինտերնետային էջերում մեզ չհաջողվեց հայթայթել հանդիպումը լուսաբանող նյութեր: Պարզապես գիտենք, որ հանդիպումը կազմակերպվել է «Թուրքիայի տնտեսական եւ սոցիալական ուսումնասիրությունների հիմնադրամի» եւ «Թուրք-հայ գործարարների միության» համատեղ ջանքերով: Հանդիպմանը, բացի հանձնաժողովի անդամներից, հրավիրվել են բազմաթիվ պատմաբաններ, հրապարակախոսներ, ինչպես նաեւ լրագրողներ: Հրավիրվածների թվում են եղել հայկական հարցով կամ հայ-թուրքական երկխոսության խնդիրներով զբաղվող քաղաքագետներ, որոնցից կարելի է առանձնացնել նախկին դեսպաններ Քյամուրան Գյուրունին, Շյուքրու Էլեքդաղին, ինչպես նաեւ Օմեր Էնգին Լյութեմին, որը միաժամանակ Անկարայում գործող «Հայկական ուսումնասիրությունների կենտրոնի» տնօրենն է: Պատմաբաններից հիշատակության արժանի են պրոֆեսորներ Մեթե Թունչայը, Միմ Քեմալ Օքեն, Էնվեր Քոնուքչուն:

Ինչ վերաբերում է հրապարակախոսներին եւ լրագրողներին, ապա պետք է նշել Մյումթազ Սոյսալին, Սամի Քոհենին, «Հյուրիեթի» գլխավոր խմբագիր Էրթուղրուլ Օզքյոքին, ազգայնամոլ հայացքներով հայտնի Թոքթամիշ Աթեշին ու Թահա Աքյոլին, եւ վերջապես հայ հասարակությանը նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ հարցազրույցից ծանոթ Մեհմեդ Ալի Բիրանդին: Ի դեպ, հանդիպմանը հրավիրված էին նաեւ մեր հայրենակիցներից պոլսահայ քաղաքագետ Էթիեն Մահջուբյանը, «Մարմարա» թերթի գլխավոր խմբագիր Ռոբեր Հատտեճյանը, «Ժամանակի» խմբագրապետ Արա Քոչունյանը եւ «Ակօսի» գլխավոր խմբագիր Հրանտ Տինքը:

Ըստ «Ազատություն» ռադիոկայանի, հանդիպմանը հանձնաժողովի անդամներին հաջողվել է որոշակի առաջընթաց արձանագրել, որոշվել է ընդարձակել հայ անդամների թիվը եւ հաջորդ հանդիպումը նոյեմբերի 18-21-ին հրավիրել Նյու Յորքում: Մինչդեռ նախնական որոշման համաձայն, երրորդ հանդիպումը Երեւանում էր նախատեսվում: Քանի որ «Ազատություն» ռադիոկայանը չի պարզաբանում արձանագրված առաջընթացի բնույթը, ուստի դրան ինքնակամ «որոշակիություն» հաղորդելիս, ակամա ընդգծում է առաջընթացի անորոշակիությունը: Ուրեմն առաջընթացը պետք է վերագրել հանձնաժողովի անդամների առաջիկա հանդիպման վայրիՙ Երեւանից Նյու Յորք փոխադրմանը: Ըստ երեւույթին շահագրգիռ կողմերը զգալով, որ անհնար է Երեւանում հանձնաժողովը պաշտպանել հնարավոր հոգեբանական ճնշումներից, ուստի հանդիպման վայրը փոխելով նրանք Նյու Յորքում ապահովագրում են դրա անցկացումը: Այսպիսով, անցկացման սահունությունն էլ հետն է երաշխավորվում: Սա հիմք է տալիս ենթադրելու, որ հանձնաժողովի հայ անդամների թիվը ընդարձակվելու է Վան Գրիգորյանի նմաններով:

ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4