Երեկՙ սեպտեմբերի 28-ին, Լոռու մարզպետարանում բնակարանի գնման վկայագիր հանձնվեց Վանաձոր քաղաքի յոթ շահառու ընտանիքի:
Վկայագրերի հանձնման հանդիսությանը ներկա էին ՀՀ քաղաքաշինության փոխնախարար Անդրանիկ Անդրեասյանը, ԱՄՆ-ի միջազգային զարգացման գործակալության (ՄԶԳ) հայաստանյան գրասենյակի տնօրեն Բիս Սիմենսը, Լոռու մարզպետը, Վանաձորի քաղաքապետը եւ ուրիշներ:
«Բնակարանի գնման վկայագրերի» (ԲԳՎ) ծրագիրն իրագործվում է աղետի գոտում 2001-2003 թթ. ԱՄՆ ՄԶԳ-ՀՀ» «Երկրաշարժի գոտու վերականգնման ծրագրի» շրջանակներում, ԱՄՆ ՄԶԳ եւ ՀՀ կառավարության համաֆինանսավորմամբ, Գյումրու, Վանաձորի, Սպիտակի եւ Ստեփանավանի քաղաքապետարանների աջակցությամբ: Ծրագրին կարող են մասնակցել այն քաղաքացիները, ովքեր 1988 թ. երկրաշարժի հետեւանքով կորցրել են բնակարանները եւ հաշվառման են կանգնած իրենց քաղաքի բնակարանային հերթացուցակներում: Այս ծրագրի շրջանակներում վկայագրեր կստանան Վանաձորի 427 ընտանիքներ, որոնք ընդգրկված են հերթացուցակում:
Պրն Սիմենսը նշեց, որ ծրագրի շրջանակներում բնակարաններով կապահովվեն 4000 ընտանիքներ Շիրակի եւ Լոռու մարզերում: Նախատեսված է թողարկել 2400 բնակարանային վկայագրեր Շիրակի եւ 600ՙ Լոռու մարզի համար:
Բացի այդ, շուրջ 650 քաղաքաբնակ եւ 350 գյուղաբնակ ընտանիքներ Շիրակում եւ Լոռու մարզում կստանան դրամաշնորհներՙ վերանորոգելու կամ ավարտելու իրենց տունը: Այս մարզերում մի շարք համատիրություններ դրամաշնորհներ կստանան շենքերի վերանորոգման համար:
Բնակարանների գնման վկայագրերում նշված փոխհատուցման չափը որոշվում է ըստ ՀՀ օրենսդրությամբ սահմանված նորմերիՙ քաղաքացուն հասանելիք սենյակների թվին եւ տվյալ բնակավայրում ձեւավորված բնակարանի շուկայական արժեքին համապատասխան:
ՄԱՆՎԵԼ ՄԻԿՈՅԱՆ