Երեկ ԵՊՀ համալսարանի աստվածաբանության ֆակուլտետում ռեկտոր Ռադիկ Մարտիրոսյանը Երեւանի պետական համալսարանի պատվավոր դոկտորի կոչում շնորհեց Վենետիկի Կա՜ Ֆոսկարի համալսարանի պրոֆեսոր, հոգեւոր-կրթական գործիչ, աստվածաբան, բանասեր հայր Լեւոն Զեքիյանինՙ հայագիտության, աստվածաբանության եւ իմաստասիրության ոլորտներում կատարած անխոնջ ու նվիրյալ աշխատանքների համար:
Վենետիկի Մխիթարյան հայրերի Սբ. Ղազար դպրեվանքն ավարտելով հայր Լեւոն Զեքիյանը ուսանել է Հռոմի Գրիգորյան համալսարանումՙ ստանալով փիլիսոփայության եւ աստվածաբանության մագիստրոսություն: 1968-ին վերադառնում է ծննդավայրՙ Կ. Պոլիս, փիլիսոփայական դոկտորական թեզ պաշտպանելով Ստամբուլի պետհամալսարանում: 1974-ից հաստատվել է Վենետիկի Սբ. Ղազար վանքում, եղել է «Հայ ընտանիք» պարբերաթերթի եւ «Բազմավէպ» հայագիտական հանդեսի խմբագրապետը, վարել է Մուրատ-Ռաֆայելյան վարժարանի տնօրենի պաշտոնը, 1984-85-ին կազմակերպել է «Հայ լեզուի եւ մշակոյթի ամառնային» խտացեալ դասընթացը: 1976 թ. հայոց լեզու եւ գրականություն է դասավանդել Վենետիկի Կա՜ Ֆոսկարի համալսարանում, իսկ 1988-իցՙ հայ եկեղեցու պատմություն եւ աստվածաբանություն Վատիկանի արեւելագիտության ինստիտուտում: 1987 թ. հիմնադրել է «Պօ-Արաքս» մշակութային, իսկ 1990-ինՙ «Իտալիա-Արմենիա» ընկերակցությունները: Նա հեղինակել է 6 մենագրություններ եւ գրքեր, գրեթե 50 հայագիտական, իմաստասիրական-կրոնական, մանկավարժական հոդվածներ, գրախոսականներ, թարգմանություններՙ հայերեն, իտալերեն, ֆրանսերեն, գերմաներեն եւ թուրքերեն:
«Հայ մշակույթի տենդոտ քարոզչին», «հայ դպրության ուխտյալին», «արդի ժամանակների հայ տիպար մտավորականին»ՙ հայր Լեւոն Զեքիյանին շնորհավորանքի խոսքեր ուղղեցին Վլադիմիր Բարխուդարյանը, Լեւոն Չուքասզյանը, Ալեքսան Կիրակոսյանը, Ալբերտ Ստեփանյանը, Գառնիկ Ասատրյանը, Բաբկեն Հարությունյանըՙ նրա մտավորական ազնիվ կեցվածքի, ակադեմիական հայագիտությունը արտերկրում զարգացնելու եւ պատշաճ մակարդակի վրա բարձրացնելու, գիտական-կրթասիրական բազմամյա, անդուլ աշխատանքի համար, մի մարդու, որ ինչպես Վիգեն Ղազարյանն է գրում. «Խոր եւ անհրաժեշտ անհատականություն է համայն հայության մեջ, թե՚ ի սփյուռս, թե՚ ի Հայաստան: Եվ այդ անհատականությունը ծածկված չէ. գրեթե մերկ է մեր առաջ, ինչպես իր կուսակրոն կյանքը»:
Հայր Լեւոն Զեքիյանի շնորհակալական խոսքը ջերմ էր եւ բնավ ոչ հավուր պատշաճի: Դա ազնիվ եւ բարեկիրթ մտավորականի անկեղծ խոսք էրՙ երախտագիտությամբ առ ներկաները, ԵՊՀ ռեկտոր Ռադիկ Մարտիրոսյանը, ելույթ ունեցողները եւ մասնավորապես ուսանողությունը:
ՄԵԼԱՆՅԱ ԲԱԴԱԼՅԱՆ