Անցած շաբաթ օրը Լոռու մարզի Ստեփանավանի տարածաշրջանի Գյուլագարակ համայնքի «Հեքիաթ» հանգստավայրում տեղի ունեցավ «բերքի տոն», որը վերածվեց ժողովրդական տոնախմբության: Տոնին մասնակցում էին մարզի գրեթե բոլոր համայնքները: Նրանք ըստ տարածաշրջաններիՙ հարեւանությամբ դասավորված ներկայացնում էին իրենց ստեղծած բերքն ու բարիքը:
Տոնախմբությունը սկսվեց Վանաձորի «Բոհեմ» կամերային թատրոնի դերասանների փոքրիկ ներկայացմամբ: Ապա բեմ ելան մարզկենտրոնի տեխնոլոգիական քոլեջի ուսանողուհիներըՙ ներկայացնելով տոնին համահունչ զգեստների հավաքածու:
Ստեփանավանի եւ Տաշիրի տարածաշրջաններում բերքի օրհնությունը կատարեց Բարսեղ աբեղա Փիլավչյանը: Ողջույնի խոսք ասացին մարզպետ Հենրիկ Քոչինյանը, ՀՀ վարչապետի խորհրդական Վլադիմիր Մովսիսյանը եւ ուրիշներ:
Լոռու մարզի բերքահավաքի այս տարվա արդյունքները ներկայացրեց մարզպետարանի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության պետ Վոլոդյա Բունիաթյանըՙ նշելով, որ այս տարի անհամեմատ առատ բերք է եղել: Հացահատիկի բերքը, օրինակ, Կուրթանում 1 հա-ից 62,4 ցենտներ է ստացվել, որի համար գյուղապետը շնորհավորագիր եւ նվեր ստացավ: Հանձնվեցին նաեւ շնորհավորագրեր եւ մրցանակներՙ «Լավագույն սերմնաբույծ», «Լավագույն կոմբայնավար», «Լավագույն անասնապահական տնտեսություն», «Լավագույն պանրագործ»:
Հնչեցին ավանդական դուդուկն ու զուռնան: Ելույթ ունեցան Վանաձորի «Հորովել» երգի-պարի համույթը, Ստեփանավանի եւ Լեջանի պարային խմբերը, Վարդաբլուրի երգի-պարի, Ալավերդու ժողգործիքների համույթները, տարեցների «Լեռնապատ» պարային խումբը եւ ուրիշներ:
Տոնախմբությունն ուղեկցվում էր գինու եւ բերք-բարիքի, զանազան ուտեստների համտեսով:
ՄԱՆՎԵԼ ՄԻԿՈՅԱՆ