Ինչը կասկածի տակ է դնում դրա նպատակահարմարությունը
«Ազգը» սեպտեմբերի 29-ի համարում անդրադարձավ «Հայ-թուրքական հանձնաժողովի» ստամբուլյան երկրորդ հանդիպմանըՙ ձեռքի տակ ունենալով մի քանի կցկտուր տեղեկություն: Հոդվածը պատրաստելու պահին խմբագրություն հասավ հանձնաժողովի հայտարարությունը: Թվում է, թե այդ հայտարարությունն այնուամենայնիվ հանդիպման մասին որոշակի տեղեկություններ կհաղորդի, սակայն դրա միանգամայն անորոշ ձեւակերպումները գերազանցեցին բոլոր ենթադրությունները: Հայտարարությունից ընդամենը պարզվեց, որ Ստամբուլում հանձնաժողովը գնահատական է տվել առկա առաջընթացին, համաձայնության է եկել ապագա ռազմավարության վերաբերյալ, գնահատական է տվել հայկական, թուրքական եւ օտարերկրյա մամուլի արձագանքներին, քննարկել է հայերի եւ թուրքերի փոխադարձ պատկերացումներն ու սպասումները, ավարտել է Նյու Յորքում կայանալիք հաջորդ հանդիպման նախապատրաստական աշխատանքները եւ վերջապես քննարկել է այդ հանդիպման օրակարգը: Ծանոթանալով հայտարարության անորոշ ձեւակերպումներին, մնում է որոշակի հարցերով դիմել հանձնաժողովին, թե խոսքը ո՞ր գնահատականի, ի՞նչ առաջընթացի, ինչպիսի՞ պատկերացումների մասին է, կամ որո՞նք են քննարկման արդյունքները: Հանձնաժողովը նույնիսկ Նյու Յորքում նախատեսվող առաջիկա հանդիպման օրակարգն է թաքցնում հայ եւ թուրք հասարակություններից: Այս պայմաններում հանդիպման մասին նրա հայտարարությունը բովանդակությամբ նմանվում է Թուրքիայի ազգային անվտանգության խորհրդի հայտարարություններին:
Հարկ է սակայն նշել, որ խորհրդի նիստերն, ըստ թուրքական սահմանադրության, անց են կացվում փակ, գաղտնի սկզբունքով, նրա որոշումներն օրենքով հրապարակման ենթակա չեն: Հետեւաբար ազգային անվտանգության խորհրդի պարագայում նիստերի ավարտին արված հայտարարությունների անորոշ ձեւակերպումները հասկանալի են: Անհասկանալին հայերին եւ թուրքերին հաշտեցնելու առաջադրանքով կազմավորված հանձնաժողովի փակ, գաղտնի գործունեությունն է այն աստիճանի, որ նույնիսկ հանդիպմանը քննարկվող խնդիրներն են քողարկվում: Համեմատության համար նշենք, որ Թուրքիայի ազգային անվտանգության խորհուրդը որքան էլ փակ, գաղտնի նիստեր գումարի, դրանց օրակարգը թուրքական պետհեռուստատեսությամբ նախապես հրապարակվում է:
Կարելի է փակ, գաղտնի բանակցություններ վարել կամ սակարկել որեւէ քաղաքական հարցի շուրջ: Իսկ երկխոսություն ծավալել, այն էլ միմյանց նկատմամբ ակնհայտ անվստահություն ցուցաբերող երկու ժողովուրդների հաշտեցման շուրջ, ոչ մի դեպքում չի կարելի: Թե հանձնաժողովը ԶԼՄ-ների հետ այսպես կոչված կառուցողական փոխներգործության սկզբունքները ինչպե՞ս է ընդունել, կամ որո՞նք են դրանք, գիտեն հանձնաժողովի անդամները: Այս ամենի մասին պետք է իմանան նաեւ հանձնաժողովն իրենց շահախնդիր շահագրգռություններով նախաձեռնողները: Քանի որ երրորդ կողմի շահագրգռությունները չեն կարող համընկնել հաշտեցման ենթակա երկու ժողովրդի շահագրգռություններին, ուստի հանձնաժողովի գործունեությունը կարող է միայն նպաստել հայ-թուրքական երկխոսության պատրանքի ստեղծմանը եւ ոչ թե կողմերի հաշտեցմանը:
Դրա անհրաժեշտ նախապայմանն այդ գործունեության թափանցիկությունն է, իսկ դա ենթադրում է բացառել հանդիպումների գաղտնիությունը, բացահայտելով հանդերձ ընդունված սկզբունքների բնույթը: Այլապես այդ սկզբունքները կդառնան անսկզբունքայնության դրսեւորում: Այսպիսով, հանձնաժողովը ինչպես թուրք, այնպես էլ հայ հասարակության բուռն հակազդեցությամբ ինքն իրեն կսպառի: Թերեւս բարին էլ դա է, որովհետեւ բացի հանդիպումների գաղտնիությունից, հանձնաժողովի մյուս սկզբունքները բացահայտ անսկզբունքայնություն են: Այդ առումով ավելի քան անսկզբունքայնություն պետք է համարել հանձնաժողովի հայ եւ թուրք մասնակիցների քանակական անհամաչափությունը:
Ինչ վերաբերում է որակականին, ապա այդ մասին 1987 թ. Ստամբուլում հրատարակված «Հայկական հարցի ակունքները» աշխատության մեջ մեզ որոշակի պատկերացում է տալիս թուրք պատմաբան Նուրշեն Մազըջին, նախաբանում գրելով. «1981 թ. հուլիսի 20-ին առիթ ունեցա աշխատության առնչությամբ հանդիպելու ազգային անվտանգության խորհրդի եւ թուրքական զինված ուժերի գլխավոր շտաբի հետախուզության համատեղ վարչության պետ գեներալ-մայոր Շադի Էրգյուվենչի հետ»: Սա «Հայ-թուրքական հաշտեցման հանձնաժողովի» անդամ, պաշտոնաթող գեներալ Էրգյուվենչն է, որի անունը որքան էլ Սադի ներկայացվի, իրականում Շադի է: Համենայն դեպս, «Ակօսը» հենց այդպես է ներկայացնում նրան: Հատկանշական է, որ «Զամանը» նրան անդրադառնալիս, ողջամտորեն շրջանցելով հետախուզության վարչության պետի հանգամանքը, նշում է, որ Շադի Էրգյուվենչը թուրքական ռազմաօդային ուժերի գեներալ է եղել: Այսինքն ապակողմնորոշում է, ուրեմն հանձնաժողովի մեկ այլ սկզբունքն էլ ապակողմնորոշելն է, ինչին ինքնակամ տուրք են տալիս նաեւ դրա հայ անդամները:
Եթե հանձնաժողովի փակ, գաղտնի գործունեության սկզբունքը համադրելու լինենք հայ, ինչու չէ, նաեւ թուրք հասարակության, նույնիսկ մասնակիցների հարցում ապակողմնորոշելու սկզբունքի հետ, ապա առանց որեւէ դժվարության կարող ենք կռահել, որ դրա գործունեությունը հաշտեցման հեռանկար չունի: Ինչպես երեւում է, դա գիտակցում են նրանք, ովքեր նախաձեռնել են հանձնաժողովի ստեղծումը: Հակառակ դեպքումՙ Միչիգանի համալսարանը հազիվ թե հայ-թուրքական մեկ այլ երկխոսություն նախաձեռներ, առավել եւսՙ դրա ծավալումը վստահեր հայ հասարակությանը քաջ հայտնի Թաներ Աքչամին:
ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ