Հարավ-արեւելյան Ասիայում գտնվող Թաիլանդ պետության մայրաքաղաք Բանգկոկում 1998 թ. բացվեց հայկական հյուպատոսարան, ուր պատվո հյուպատոս նշանակվեց Ն. Գեւորգյանը: Վերջինիս անմիջական նախաձեռնությամբ սեպտեմբերի 12-ին տեղական «NAEW NA» թերթը մի ամբողջ էջ էր նվիրել Հայաստանի անկախության 10-րդ տարեդարձին եւ Հայաստանում քրիստոնեությունը պետական կրոն հռչակելու 1700-ամյակին:
Անգլերենով գրված այս էջը կազմված է ճաշակով, բազմաբովանդակ հոդվածներով, տեսարժան վայրերի լուսանկարներով եւ, կարելի է ասել, ամբողջական պատկերացում է ստեղծում Հայաստան երկրի մասին: Կենտրոնում զետեղված է ՀՀ քարտեզը, վերեւումՙ ՀՀ նախագահի եւ Ամենայն հայոց հայրապետի լուսանկարներըՙ հայ ժողովրդին բնութագրող խոսքերով, ինչպես նաեւ ՀՀ արտգործնախարար Վարդան Օսկանյանի եւ դեսպանի ողջույնի խոսքերնՙ ուղղված Թաիլանդի միապետությանն ու ժողովրդին:
Թերթի ընթերցողներին հնարավորություն է ընձեռվել տեղեկանալու ՀՀ ընդհանուր տվյալների, քաղաքական կառուցվածքի, տնտեսության խնդիրների եւ արդի վիճակի մասին:
«Քաղաքակրթության օրրանը» վերնագրի տակ համառոտ ներկայացված է Հայաստանի պատմական անցյալը, իսկ «Հայաստան եւ սփյուռք» հոդվածում նշվում է սփյուռքահայերի մեծ ավանդը Հայաստանի զարգացման գործում:
Պատմական փաստերով ու իրողություններով է ներկայացված Հայոց ցեղասպանությունը, նշված են ցեղասպանությունն արդեն ճանաչած երկրները, ինչպես նաեւ աշխարհի քաղաքական մի քանի գործիչների կարծիքներն այդ մասին:
Չի մոռացվել նաեւ հայկական դուդուկը, որի մեղեդիներն արդեն սփռվել են ողջ աշխարհում:
Ողջունելով Թաիլանդում Հայաստանի հյուպատոսության այսօրինակ նախաձեռնությունը, ցանկանք, որ նմանատիպ նախաձեռնությամբ հանդես գան նաեւ աշխարհի բոլոր հայկական դեսպանատներն ու ներկայացուցչությունները, քանզի Հայաստանի մասին օտարերկրացիների գիտելիքները չափազանց աղքատ են:
ՌՈՒԶԱՆ ՊՈՂՈՍՅԱՆ