Կոֆի Անանը ցնցված է ՄԱԿ-ի ուղղաթիռի կործանումից
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Կոֆի Անանը ցնցված է այն լուրից, որ երկուշաբթի առավոտյան Աբխազիայի Կոդորի կիրճում խփվել է ՄԱԿ-ի ուղղաթիռ, որի մեջ էին Վրաստանում ՄԱԿ-ի դիտորդների խմբի վեց աշխատակիցներ եւ անձնակազմի երեք անդամներ: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցչի անունից Նյու Յորքում տարածված հայտարարության մեջ հաղորդվում է, որ «տեղական ժամանակով 8:55-ին ուղղաթիռը թռել է Սուխումի օդանավակայանից եւ Կոդորի կիրճում տեսչական ստուգման ժամանակ հրթիռով խփվել 9:20-ին»:
Վրաստանի պաշտպանության փոխնախարար Գելա Բեժուաշվիլին երեկ հայտարարեց, թե ուղղաթիռը կարող էին խփել Աբխազիայի զինված կազմավորումները: Մինչդեռ Աբխազիայի պաշտպանության փոխնախարար Գարի Կուպալբան ամբողջ պատասխանտվությունը բարդեց վրացի եւ չեչեն գրոհայինների վրա: ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը հաղորդում է, որ երեկ աբխազական զորքերի դիրքերը Կոդորի կիրճում հրթիռակոծվել ու ռմբակոծվել են վրացական զինված ուժերի կողմից, որոնք օդուժ են կիրառել չեչեն եւ վրացի գրոհայիններին պաշտպանելու նպատակով: Աբխազ զինծառայողների մեջ կան սպանվածներ եւ վիրավորներ, տուժել են նաեւ խաղաղ բնակիչներ: Ավելի վաղՙ երկուշաբթի երեկոյան ՄԱԿ-ի խփված ուղղաթիռի զոհերի որոնման ընթացքում, գնդակոծվել են աբխազ զինծառայողները: Սպանվել է առնվազն 14 մարդ, այդ թվումՙ խաղաղ բնակիչներ: Երեկ առավոտյան, ժամը 4:00-ին վրացական կողմը կրկին օդուժ է կիրառել Կոդորի կիրճում: Զոհվել են խաղաղ բնակիչներ:
«Անտառային եղբայրներ» վրացական խմբավորման դաշտային հրամանատարներից մեկըՙ Դավիթ Շենգելիան երեկ Ֆրանսպրեսի թղթակցին Թբիլիսիում հայտարարեց, որ չեչեն գրոհայինների աջակցությամբ իրենց ջոկատները հարձակվել են աբխազական ուժերի դիրքերի վրա:
Աբխազիայի ղեկավարությունը Ռուսաստանին եւ ՄԱԿ-ին կոչ է արել բոլոր անհրաժեշտ միջոցները ձեռնարկել նոր պատերազմը կանխելու համար: Աբխազիայի փոխնախագահ Վալերի Արշբան բնակչությանն ուղղված դիմումի մեջ ասաց, որ Վրաստանը «նոր ագրեսիա ձեռնարկեց Աբխազիայի Հանրապետության դեմ»: Նրա խոսքերովՙ վերջին դեպքերը «հստակորեն ցուցադրեցին, որ Վրաստանի իշխանությունների հովանու ներքո հավաքվել են ամեն կարգի ահաբեկիչներ»: Աբխազիայում ստեղծված է ՄԱԿ-ի ուղղաթիռի կործանման փաստը հետաքննող կառավարական հանձնաժողով:
Պ. Ք.