Երեկ Ա. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ակադեմիական թատրոնում տրվեց շախմատի աշխարհի թիմային 5-րդ առաջնության մեկնարկը: Ժամը 11:00-ին կայացավ մրցաշարի բացման հանդիսավոր արարողությունը: Առաջնության մասնակիցներին, ներկա գտնվողներին ողջույնի խոսքով դիմեց մրցաշարի կազմակերպման կառավարական հանձնախմբի նախագահ, շախմատի Հայաստանի ֆեդերացիայի հոգաբարձուների խորհրդի նախագահ, ՀՀ պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը, որն առաջնությունը հայտարարեց բացված: Համերգային ճոխ ծրագրից հետո առաջնության գլխավոր մրցավար Հերդ Գիյսենը 9 թիմերի ավագներին հրավիրեց վիճակահանության: Հավաքականները աղյուսակում տեղաբաշխվեցին հետեւյալ հերթականությամբՙ 1.Մակեդոնիա, 2. Հայաստան, 3. Ռուսաստան, 4. Գերմանիա, 5. Կուբա, 6. Ուզբեկստան, 7. Ուկրաինա, 8. Հունգարիա, 9. Իրան:
Նույն օրը ժամը 16:00-ին գործի դրվեցին շախմատային ժամացույցները: Հայաստանի հավաքականը գերազանց մեկնարկեցՙ 4-0 հաշվով հաղթելով Իրանի շախմատիստներին: Մեր հավաքականում այդ օրը հանդես եկան Վլադիմիր Հակոբյանը, Սմբատ Լպուտյանը, Աշոտ Անաստասյանը եւ Արտաշես Մինասյանը: Մեկնարկային տուրի մյուս հանդիպումներում գրանցվեցին այսպիսի արդյունքներ. Կուբա-Ուզբեկստանՙ 1,5-2,5, Ռուսաստան-Հունգարիաՙ 3-1, Գերմանիա-Ուկրաինաՙ 2-2:
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ