«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#184, 2001-10-11 | #185, 2001-10-12 | #186, 2001-10-13


ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԱՅԵՐԻ ՄԻՈՒԹՅՈՒՆԸՙ 1700-ԱՄՅԱԿԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ

Հոկտեմբերի 14-17-ը Ռուսաստանի հայերի միության նախաձեռնությամբ Հայաստանում եւ Արցախում տեղի կունենան բազմաբնույթ միջոցառումներՙ նվիրված Հայաստանում քրիստոնեության պետականորեն ընդունման 1700-ամյակին: Այդ մասին լրացուցիչ մանրամասներ հաղորդելու նպատակով երեկ մամուլի ասուլիս էր հրավիրել միության փոխնախագահ Վլադիմիր Աղայանը: Նա հայտնեց, որ միությունը այս հոբելյանին նվիրված բազմաթիվ միջոցառումներ է անցկացրել Ռուսաստանի բազմաթիվ վայրերում (Ս. Պետերբուրգ, Կիսլովոդսկ, Սոչի, Նովոսիբիրսկ, Պյատիգորսկ եւ այլն) եւ մայրաքաղաք Մոսկվայում: Հայաստանյան միջոցառումներին մասնակցելու նպատակով սպասվում է ավելի քան 500 հյուրերի ժամանումը: Դրանց թվում կլինեն ինչպես Ռուսաստանում բնակվող հայտնի հայեր, այնպես էլ ռուս եւ այլ ժողովուրդների ներկայացուցիչներՙ գրողներ, արվեստի գործիչներ, ճարտարապետներ, ամենատարբեր մակարդակների պետական պաշտոնյաներ, գործարարներ եւ ուրիշներ: Նրանք կայցելեն Էջմիածին, որտեղ կհանդիպեն Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդին, այնուհետեւՙ հայկական ճարտարապետական արժեքավոր կոթողներՙ Նորավանքի, Շուշիի Սուրբ Ղազանչեցոց եկեղեցիներ:

Մալիշկայի Սբ. Աննա եկեղեցում կկնքվեն 200 երեխաներ, այնուհետեւ հյուրերը կլինեն Հայ-ռուսական բարեկամության համալիրում, իսկ միջոցառումների վերջին օրըՙ Գառնի եւ Գեղարդ պատմաճարտարապետական համալիրներում: Միջոցառումների վերջին ակորդը կլինի եզրափակիչ շքահամերգը Կ. Դեմիրճյանի անվան մարզամշակութային կենտրոնում:

Վլադիմիր Աղայանը հպարտությամբ հայտարարեց, որ այս ամենի հովանավորը Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանն է: Վերջինս, ըստ Վլադիմիր Աղայանի, կարեւոր դեր ունի Ռուսաստանի հայկական համայնքի համախմբման, նրա ազդեցության ուժեղացման գործում: Չնայած միությունն ընդամենը 1,5 տարեկան է, սակայն նրա հետ առնչվում եւ հաշվի է նստում երկրի ղեկավարությունը: Տեղեկացվեց, որ համաձայն տարբեր հաշվարկների, ներկայումս Ռուսաստանում բնակվում է 2-2,5 մլն հայ: Գործում են հարյուրավոր հասարակական կազմակերպություններ, մոտ 5 տասնյակ թերթեր: Որպես ամենաազդեցիկ թերթ հիշատակվեց Կրասնոդարի «Երկրամաս» շաբաթաթերթը:

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4