Նշում է ՀՀ արդարադատության նախարարը
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ
«Կրկնում եմ, րոպեավճարի կիրառումն արգելված է այնքանով, որքանով դա չի համապատասխանում օրենսդրությանը», երեկ այսպես սկսեց իր եւ կառավարության իրավախորհրդատու Վահե Յաղուբյանի համատեղ մամուլի ասուլիսն արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը: Այս միտքը նա եւ իրավախորհրդատուն հարկադրված կրկնեցին մի քանի անգամՙ պատասխանելով լրագրողների տարբեր ձեւակերպումներով տրված միեւնույն հարցին: Արդարադատության նախարարը հատուկ ընդգծեց, որ կառավարությունը Արմենտելի դեմ չի պայքարում, այլ ցանկանում է, որ վերջինս աշխատի, զարգանա, ապահովի որակյալ կապ, ունենա խելամիտ շահույթ: Սակայն Հայաստանի իշխանությունները դեմ են օրենսդրության չկատարմանը, գերշահույթներին, ինչը հնարավոր է բնական մենաշնորհների դեպքում:
Դավիթ Հարությունյանը նշեց, որ մինչեւ անցյալ տարվա վերջը ընդհանուր քաղաքականություն այս ոլորտում կառավարությունը չի տարել, եւ այդ բացն այժմ վերացվել է: Այս առումով «Ազգի» հարցին, թե ինչպե՞ս բացատրել այն փաստը, որ կապի եւ տրանսպորտի նախարարն ասում է ընդհանրապես րոպեավճարն արգելելու իր վճռականության, իսկ արդարադատության նախարարը խոսում է ընդամենը օրենսդրության անհամապատասխանության մասին, վերջինս պատասխանեց, որ տրանսպորտի եւ կապի նախարարի հրահանգը նույնպես բխում է օրենսդրությունից: Բանն այն է, որ բացի րոպեավճարի կիրառումից 60 օր առաջ տեղեկացնելու լիցենզիայի պահանջից, Արմենտելը պետք է ներկայացնի տնտեսական հիմնավորումներ եւ համապատասխան հաշվարկներ, ինչը եւս չի ներկայացվել: Ըստ Վահե Յաղուբյանիՙ «րոպեավճարի սակագինը եւ անվճար խոսակցության ժամանակը բազար չեն»: Խնդիրն այլ է: Եթե Արմենտելը համաձայնի կատարել օրենսդրությամբ նախատեսված պայմանները, ապա այդ հարցերը կկարգավորվեն բանակցությունների ընթացքում: «Արմենտելը ներդրումներ է կատարել եւ պետք է շահույթ ստանա», նշեց նա:
Ի՞նչն է պատճառը, որ Արմենտելը շարունակում է պնդել իր տեսակետը, հարցին Դավիթ Հարությունյանը պատասխանեցՙ վատ իրավախորհրդատու ունենալը: Դրա պատճառով Արմենտելը «օր-օրի ավելի խոցելի վիճակում է հայտնվում»: Եթե անգամ տրանսպորտի եւ կապի նախարարի արգելանքն ունենար թույլ իրավական հիմնավորում, ապա Արմենտելը պարտավոր էր հետեւել դրան, եւ եթե այն ոտնահարեր իր իրավունքներըՙ բողոքարկեր դրա դեմ: Այնպես որ, ըստ արդարադատության նախարարի, հայկական կողմն ունի «բավականին մեծ շանս» հաղթելու արբիտրաժային դատարանում, եթե գործը հասնի դրան: Նա նշեց, որ կառավարությունը վճռական է տրամադրված եւ գնալու է մինչեւ վերջ: Եթե Արմենտելը շարունակի իր մոտեցումն առաջ մղել, ապա կարգավորող մարմիննՙ ի դեմս կապի եւ տրանսպորտի նախարարության, կարող է փոփոխել, հետ վերցնել Արմենտելին տրված լիցենզիան:
Այդուհանդերձ, չնայած Հայաստանի պաշտոնյաների բազմակի հավաստիացումներին, բաժանորդներին շարունակում է մտահոգել չվճարելու դեպքում հեռախոսակապից զրկվելու ոչ այնքան հաճելի հեռանկարը: Այս դեպքում արդարադատության նախարարը կոչ արեց քաղաքացիներին դատի տալ Արմենտելինՙ իրենց քաղաքացիական իրավունքները պաշտպանելու նկատառումներով եւ տեղեկացնել կապի եւ տրանսպորտի նախարարությանը, որպեսզի վերջինս վարչական եղանակով այդ հարցը լուծի:
Մամուլի ասուլիսի ժամանակ անդրադարձ եղավ նաեւ պատգամավոր Արշակ Սադոյանի հայտարարությանը, ըստ որի Արմենտելի հետ բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը գաղտնի գործարք է կնքել: Դավիթ Հարությունյանն ասաց, որ որեւէ նման դեպք իրեն հայտնի չէ: Սակայն եթե նման բան լիներ էլ, ապա Արմենտելի վիճակը չէր թեթեւանա, քանի որ օրենսդրության խախտման դեպքում դա նրան չէր օգնի: Մեկ այլ հարցի պատասխանելով, նախարարը վերստին ընդգծեց, որ Արմենտելի հետ առաջացած խնդիրը քաղաքական չէ, այլՙ «զուտ իրավական եւ տնտեսական»:
Շարքային սպառողներին հետաքրքրում են նաեւ Արմենտելի բաժանորդներին ներկայացրած պայմանագրերը, որտեղ նրանց իրավունքներն անտեսված են: Այդ հարցի վերաբերյալ Դավիթ Հարությունյանը տեղեկացրեց, որ անկախ նրանիցՙ քաղաքացին ստորագրել է այդ պայմանագիրը, թե ոչ, եթե այնտեղ կան օրենքին հակասող կետեր, ապա դա իրավական ուժ չի կարող ունենալ: Ինչ վերաբերում է ներկայումս Արմենտելի առաջարկած պայմանագրերին, ապա դրանց նկատմամբ նույնպես արգելանք է դրվել եւ նախազգուշացում է արվել Արմենտելին: