Ռուսները «խաղը» տեղափոխեցին վրացական կիսադաշտ
Մինչ սեպտեմբերի 11-ի ողբերգական դեպքերից հետո ռուսական լրատվամիջոցներն աննախադեպ քարոզարշավ սկսեցին Վրաստանի դեմՙ աղմուկ բարձրացնելով չեչեն ահաբեկիչներին հովանավորելու նրանց կեցվածքի առթիվ (ինչն, ըստ իս, ամենեւին էլ անհիմն չէ), որը հարկադրեց Էդուարդ Շեւարդնաձեինՙ Վաշինգտոն կատարած այցի ժամանակ բավական անհաջող փորձ կատարել ակնհայտ իրողությունները հերքելու, իրադարձությունները զարգացան գլխապտույտ արագությամբ: Հետեւեց չեչեն զինյալների եւ նրանց միացած վրացական «անտառային եղբայրների» ռազմարշավը Կոդորի կիրճՙ իր հանրահայտ ողբերգական հետեւանքներով (ՄԱԿ-ի 9 դիտորդներին տեղափոխող ՄԻ-8 ուղղաթիռի բանդիտական ոչնչացումը եւ Աբխազիայի հայաբնակ գյուղերի վրա նույնքան բանդիտական հարձակումները), ինչն էլ ավելի սրեց ռուս-վրացական հարաբերություններըՙ դրանք հասցնելով ուղղակի դիվանագիտական պատերազմի: Նկատի ունեմ հատկապես ՌԴ Պետդումայի ընդունած որոշումը վրաց-աբխազական վերսկսված բախումների եւ Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Իվանովի շատ կոշտ հայտարարությունը վերոնշյալ ՄԻ-8 ուղղաթիռի կործանման կապակցությամբ: Այս ամենն ակնհայտորեն հունից հանեց վրացիներին, եւ վրաց խորհրդարանը ընդամենը մեկ դեմով որոշում կայացրեց վրաց-աբխազական հակամարտության գոտուց ռուս խաղաղապահների ուժերը դուրս բերելու, ԱՊՀ-ում Վրաստանի հետագա մնալը աննպատակահարմար համարելու մասին: Այս շիկացած մթնոլորտում սառը ցնցուղ եղավ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ուրբաթօրյա ելույթը, ուր միանգամայն անսպասելի պնդումներ կային.
ա) Պուտինը «ինքնին դրական էր գնահատում» Պանկինյան կիրճից չեչեն գրոհայիններին Կոդորի կիրճ տեղափոխելու եւ իբր թե այդ ձեւով նրանց Վրաստանից դուրս բերելու Թբիլիսիի փորձը, դա համարելով «ահաբեկչության դեմ պայքարի վրացիների ցանկության արտահայտություն», միակ դատապարտելի բանն այս դեպքում այն համարելով, որ դա արվել է իրենց հետ «ոչ-համաձայնեցված ձեւով»:
բ) Ընդգծում էր, թե Ռուսաստանն ամենեւին մտադիր չէ ներքաշվել «երրորդ պետությունների տարածքում ծավալվող պատերազմների մեջ», քանզի «մեզ մեր պրոբլեմներն էլ հերիք են»:
գ) Չափազանց հանգիստ էր ընդունում ԱՊՀ-ից դուրս գալու վրացիների ցանկությունը եւ բացահայտորեն ակնարկում էր, թե Ռուսաստանը բնավ չի խոչընդոտի դրան, ավելին, պատրաստ է հնարավորինս արագ իր խաղաղարարներին դուրս բերել վրաց-աբխազական հակամարտության գոտուց, ինչպես նաեւ կատարել Գուդաուտի ռազմահենակայանից դուրս գալու իր ավելի վաղ ստանձնած (1999-ինՙ Ստամբուլյան խարտիայով) պարտավորությունը:
Ի՞նչ կարող է նշանակել այս ամենը: Պուտինի կողմից վրաց-աբխազական հակամարտությունը «զուտ Վրաստանի ներքին գործ» անվանելը, Վրաստանի տարածքային ամբողջականության սկզբունքը անվերապահորեն պաշտպանելը եւ զորքերը դուրս բերելու պատրաստակամության հավաստումը Սուխումում ոչ պաշտոնական, կենցաղային մակարդակով անվանեցին «դավաճանություն»:
Այդպե՞ս է արդյոք: Պուտինը «դավաճանո՞ւմ» է աբխազներին:
Ըստ իսՙ ո՚չ: Նախ, Ռուսաստանը երբեք «հավատարմության երդում» չի տվել նրանց եւ հակամարտության սկզբից ի վեր կրկնել ու կրկնում է, թե ճանաչում է Վրաստանի տարածքային ամբողջականության սկզբունքը: Ճիշտ է, Մոսկվան թաքուն ու բացահայտ սատարել է Սուխումի անջատողականներին, սակայն որեւէ «միջպետական» պայմանագիր չի կնքել եւ պարտավորություն չի ստանձնել, որը խախտելովՙ մեղադրվեր «դավաճանության» մեջ: Իսկ, որ Վրաստանն ինքը չի կարողանում վերահաստատել իր գերիշխանությունն Աբխազիայումՙ դա արդեն, ինչպես ասում են, ռուսների մեղքը չէ: Պուտինը պարզապես համոզված է, որ Թբիլիսին առաջիկայում եւս չի կարողանալու այդ անել, մանավանդՙ զենքի միջոցով: Ահա եւ հրահրում է... փորձել (Սերժ Սարգսյանի բառերով ասած (իհարկե, Ադրբեջանի հասցեին), «ով սկսի, ձեռքերը կվառի»):
Երկրորդՙ Պուտինը բացեց խաղաթղթերը, ուղղակի ասելով, որ ԱՊՀ-ից դուրս գալու դեպքում ռուս-վրացական միջպետական հարաբերությունները կկառուցվեն ոչ թե դաշնակցային, այլՙ միջազգային ստանդարտներով. «Մենք Վրաստանին միշտ ընդառաջել ենք ե՚ւ պարտքերի վերաձեւակերպման, ե՚ւ էներգետիկ ոլորտներում: Օրինակ, 1000 խմ գազի միջազգային գինը 110 դոլար է, մինչդեռ Ուկրաինային մենք այդ գազը տալիս ենք 80 դոլարով, Հայաստանինՙ 53 դոլարով, Վրաստանինՙ 50 դոլարով...»: Այսինքն, ԱՊՀ-ից դուրս գալու դեպքում կպահանջենք ե՚ւ մեր պարտքերը, ե՚ւ կթանկացնենք Թբիլիսիին վաճառվող գազի գինը: Պուտինը չասաց, բայց սոցիալ-տնտեսական ծանր վիճակի պատճառով Վրաստանից Ռուսաստան գաղթած առնվազն 1,5 միլիոն վրաց քաղաքացիներ ամսական իրենց սովահար հայրենակիցներին են ուղարկում մինչեւ 100 միլիոն դոլարի տրանսֆերտներ, եւ ռուսները, անշուշտ, մեծ դժվարություններ կառաջացնեն նաեւ այդ հոսքերի ճանապարհինՙ էլ ավելի ծանրացնելով Վրաստանի վիճակը: Ռուսները դա ակնարկում էին արդեն կիրակի երեկոյան, երբ մեկնաբանելով Պուտինի հայտարարությունը, «Վեստի» հեռուստածրագրի լրագրողն ընդգծում էր, թե «վրաց թոշակառուներն ամսական ստանում են մոտ 40 լարի, որը հավասար է 200 ռուբլու» (մեր փողովՙ 4000 դրամ): Սա եւս մի թափանցիկ ակնարկ էր, որ հակամարտության գոտուց ռուս խաղաղապահներին դուրս բերելու դեպքում Վրաստանը, հայտնվելով էլ ավելի ծանր վիճակում, չի կարողանալու ուժով լուծել աբխազներին իրեն վերաենթարկելու խնդիրը: Ավելին, կարող է նաեւ... «ձեռքերը վառել»:
Ինչ վերաբերում է Պանկինյան կիրճից չեչեն գրոհայինների Կոդորի կիրճ տեղափոխվելը «դրական» համարելու պուտինյան մեկնաբանությանը, ապա դա, կարծում եմ, շատ խորամիտ «ձիու քայլ» էր: Սա պատվավոր նահանջի ճանապարհ է թողնում Թբիլիսիի համար այն հաշվով, որ եթե փոշմանեն ԱՊՀ-ից դուրս գալու եւ հակամարտության գոտուց ռուս խաղաղապահներին հանելու իրենց որոշման համար, ապա հնարավորություն ունենան հայտարարելու, թե իրենք, այո՚, պայքարում են միջազգային ահաբեկչության եւ կոնկրետՙ չեչեն ահաբեկիչների դեմ, իսկ ռուսները, բացառյալ Վլադիմիր Պուտինի, իրենց ճիշտ չէին հասկացել եւ զուր էին շիկացնում երկու դաշնակիցների հարաբերությունները: Պուտինը սրանով Շեւարդնաձեին կարծես հուշում է, որ այս կերպ դուրս գա անհարմար դրությունիցՙ հայտարարելով, թե Ռուսաստանի նախագահը «հարթեց բոլոր թյուրիմացությունները եւ վերացրեց Վրաստան-ԱՊՀ կնճիռը», դրանով իսկ «միջադեպը» սպառված համարելով: Այսպիսով, ռուսները վերջին շաբաթների լարված «խաղը» տեղափոխեցին վրացական կիսադաշտ: Հերթը վրացիներինն է...
ՌԱՖԻԿ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ