Մոսկվայի «Պրեզիդենտ-հոթելում» տեղի ունեցավ Համառուսաստանյան ադրբեջանական կոնգրեսի համագումարը: Կոնգրեսը ստեղծվել է անցյալ տարվա հունիսին Հեյդար Ալիեւի անմիջական մասնակցությամբ ու օրհնությամբ: Ռուսաստանում ադրբեջանական «սփյուռքի» գոյությունը իրողություն է, եւ ճիշտ չի լինի անտեսել այդ փաստը, պատճառաբանելով, թե այդ հանրությունը զուտ բազարածին է: Համենայն դեպս, Մոսկվայում ադրբեջանցիները մտավորական խավ ստեղծել են, որի կարմիր (կամ կանաչ) դրոշը ըստ երեւույթին «ԼՈՒԿօյլ» նշանավոր նավթային կոնցեռնի նախագահ Վագիտ Ալեքպերովն է:
Ինչքան էլ որ գեղագիտական լինեն կոնգրեսի հռչակած նպատակներըՙ զարգացնել ռուս-ադրբեջանական բարեկամությունը, տարածել ադրբեջանական ժողովրդի մշակութային եւ մարդասիրական ավանդույթները եւ այլն, հասարակական այդ կազմակերպությունն ըստ էության միտված է միավորելու Ռուսաստանով մեկ փռված ադրբեջանական «էթնոսը». ոչ պաշտոնական տվյալներով, ադրբեջանցիների թիվը Ռուսաստանում հասնում է մոտ 3 միլիոնի: Սա արդեն լուրջ երեւույթ է: Կոնգրեսի նախագահ Մահմեդ Ալիեւի տվյալներով, 1991 թվականից Ռուսաստանում ստեղծվել են 149 ադրբեջանական ազգային ընկերություններ, որոնք միավորված են 47 տարածքային կազմակերպություններում: Անշուշտ, ադրբեջանական զանգվածի գերակշիռ մասի գործունեության օբյեկտը շուկաներն են, որոնք այդ երկրում լրիվ վերահսկվում են նրանց կողմից: Բայց, ինչպես արդեն առիթ է եղել գրելու, ադրբեջանցիներն այսօր տեր ու տնօրեն են նաեւ բազմաթիվ ռեստորանների, սրճարանների, խաղատների, խանութների, բազաների եւ այլն: Ավելացնենք նաեւ թմրամիջոցների վաճառքը, եւ պարզ կդառնա, որ ադրբեջանցիները Ռուսաստանում էական տնտեսական ուժ են եւ վաղ թե ուշ իրենց քանակական ու առեւտրական կարողությամբ կարող են դառնալ ազդեցիկ քաղաքականՙ լոբբիիստական ուժ: Ի դեպ, ըստ ռուսական մամուլի տվյալների, Ադրբեջանն իր ռուսաստանյան հատվածից տարեկան ստանում է մոտ 1,5-2 մլրդ դոլար: Կարելի է համոզված ասել, որ դա «ներարկումների» սոսկ երեւացող կողմն է:
Համագումարը հեղեղված էր գեղեցիկ ու շաբլոն ելույթներով: Ամերիկյան ողբերգության ֆոնի վրա կոչեր էին հնչում ուժեղացնելու պայքարն «ահաբեկչության» դեմ, տարբերակելու սրիկա ահաբեկիչներին եւ խաղաղասեր մուսուլմաններին եւ այլն: Սակայն արժե ուշադրություն դարձնել կոնգրեսի առջեւ ծառացած հիմնական խնդրի վրաՙ պայքարել (ոչ ավել, ոչ պակաս) ադրբեջանական համայնքի իրավունքների համար, որոնք ամենուրեք ոտնահարվում են միլիցիայի եւ իշխանության մյուս մարմինների կողմից:
Համագումարը ողջունել էին Վլ. Պուտինը, Ալեքսիյ II-ը, Հեյդար Ալիեւը եւ ուրիշներ: Բայց համակովկասյան եզակի համերաշխության դրսեւորման տեսակետից ամենատպավորիչը թերեւս Ռուսաստանի ժողովուրդների ասամբլեայի նախագահ Ռամազան Աբդուլատիպովի արտահայտությունն էր:
ՌՈՒԲԵՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ, Մոսկվա