«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#188, 2001-10-17 | #189, 2001-10-18 | #190, 2001-10-19


ԲԵԼԱՌՈՒՍՈՒՄ ՆՇՎԵՑ ՀՈԲԵԼՅԱՆԸ

Մինսկում լույս է տեսել տեղական «Համաշխարհային գրականություն» ամսագրի հերթական համարը, որն ամբողջությամբ նվիրված է Հայաստանում քրիստոնեության ընդունման 1700-ամյակի հոբելյանին: Հանդեսի վկայությամբ, թողարկումն իրագործվել է Բելառուսում ՀՀ դեսպանության աջակցությամբ եւ ֆինանսական օգնությամբ: Ընդսմին, խմբագրությունը նյութերի պատրաստման համար հատուկ շնորհակալություն է հայտնել Նինա Ասատուրի Հարությունյանին: Դատելով ազգանունից, կարելի է համոզված ասել, որ նա հայոց դեսպանի կինն է: Խրախուսելի է, որ Հայաստանի պաշտոնական դիվանագիտական ներկայացուցչի կինն իր ակտիվ հասարակական գործունեությամբ բարձրացնում է սեփական ժողովրդի եւ ամուսնու պատիվը:

Համարի հրատարակությունը ողջունել են ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն, Բելառուսում Հայաստանի դեսպան Սուրեն Հարությունյանը: Արդեն այս փաստը հուշում է, որ ձեռնարկումը դուրս է գալիս զուտ գրական-հասարակական երեւույթի շրջանակներից եւ վերածվում քաղաքական բարենպաստ իրադարձության. բելառուսական թերթերից մեկի վկայությամբ, սա բելառուսա-հայկական հարաբերությունների վերջին տարիներս նկատվող դինամիկ մերձեցման յուրօրինակ արտահայտությունն է:

Համարը սքանչելի է կազմված, եւ գրական ստեղծագործությունների բարձրաճաշակ ընտրությունը ընթերցողներին հնարավորություն է տալիս, կաթողիկոսի խոսքերով ասած, «հաղորդ դառնալ հայ ժողովրդի քրիստոնեական արարող մտքի արժեքներին»: Իրոք, մոսկվաբնակ լրագրողիս համար էլ հուզիչ է նորեն հանդիպելու այնքան հարազատ անունների: Հնամյա ժողովրդական բանահյուսություն, միջնադարյան պոեզիա, արեւմտահայ պոեզիա, XIX-XX դարերի գրականություն, ոչ ոք չի մոռացվել:

Մերձեցման ամեն մի կոնկրետ քայլ ողջունելի է, ինչն էլ արտահայտված է Հայոց հայրապետի օրհնության խոսքում, որն, ի դեպ, հրապարակված է նաեւ հայերեն. «Մեր գնահատանքն ու օրհնությունն ենք բերում «Համաշխարհային գրականություն» ամսագրի խմբագրակազմի բոլոր անդամներին, Բելառուսում Հայաստանի դեսպանության ողջ աշխատակազմինՙ գլխավորությամբ պատվարժան դեսպան Սուրեն Հարութունյանի եւ գեղեցիկ այս ձեռնարկումին աջակցած ազնիվ անձանց»:

ՌՈՒԲԵՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ, Մոսկվա


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4