«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#189, 2001-10-18 | #190, 2001-10-19 | #191, 2001-10-20


ԱՐԴՈՒԿԸ ԵՎ ՊԵՆԻՑԻԼԻՆԸ ԸՆԴԴԵՄ ՍԻԲԻՐԱԽՏԻ

Մինչ աշխարհի մի շարք երկրներում սիբիրախտի մանրէի հետ կապված խուճապ է տիրում, պարզվում է, որ դրա դեմ պայքարելու մատչելի եւ արդյունավետ միջոցներ կան: ՌԴ սննդամթերքի եւ դեղորայքի վարչությունից «Լենտա-ռու» էլեկտրոնային թերթին տեղեկացրել են, որ անցյալ տարվա օգոստոսից սիբիրախտի բուժման նպատակով օգտագործվում է «Ցիտրոբայ» դեղամիջոցը, որն այժմ մեծ պահանջարկ ունի, չնայած բարձր գնին: Մինչդեռ վաղուց հայտնի են նույն նպատակին ծառայող դոքսիցիլինը եւ պենիցիլինը: Վարչությունը մոտ ժամանակներս կտարածի հատուկ հրահանգներ, որոնք բժիշկներին կօգնեն սիբիրախտի բուժման համար նշանակել առավել էժան ու մատչելի դոքսիցիլին եւ պենիցիլին: Ցիտրոբայի բացասական կողմերից մեկն էլ այն է, որ հակացուցված է երեխաներին: Բացի այդ, նա կարող է առաջացնել գլխապտույտ, դեպրեսիա եւ ջլերի վնասվածքներ:

Ինչ վերաբերում է արդուկին, կենցաղային այդ սարքի «արժանիքների» նկարագրությամբ ամերիկյան Կոնգրեսում հանդես եկավ մանրէաբան Քեն Ալիբեկը, որն անցյալում խորհրդային մանրէական զենքի մշակման ծրագրի հեղինակներից մեկն էր, իսկ ներկայումս ԱՄՆ-ում մանրէական ահաբեկչության չեզոքացմանը նվիրված հետազոտությունների հեղինակ է: Կոնգրեսում տեղի ունեցած ճեպաժողովի ժամանակ նա ուղղակի հայտարարեց. «Արդուկեք ձեր նամակները»: Ալիբեկն ընդգծեց, որ արդուկի տաք գոլորշին կամ թաց լաթի վրա դրված տաք արդուկը ոչնչացնում են սիբիրախտի մանրէները: Միկրոալիքային վառարանն այդքան արդյունավետ չէ, քանի որ չոր ջերմություն է արձակում:

Պ. Ք.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4