Հարցազրույց Լոռու մարզպետ Հենրիկ Քոչինյանի հետ
- Պարոն Քոչինյան, ե՞րբ վերջնականապես կլուծվի դպրոցաշինության հիմնահարցը մարզում, եւ ի՞նչ ծրագրեր կիրականացվեն դպրոցների ջեռուցման, մասնագիտական լաբորատորիաները հագեցնելու եւ կրթական համակարգը բարելավելու համար:
- Դպրոցաշինությանՙ ծրագրով նախատեսված ժամկետներն այս տարի կպահպանվեն: Կմնա ընթացքի մեջ երեք դպրոց, որոնք սոցներդրումների հիմնադրամի միջոցներով են կառուցվում: Դրանք 2002 թվականի մարտ-ապրիլ ամիսներին կավարտվեն, եւ մարզի բոլոր դպրոցները շենքային պայմաններ կունենան: Մնում է Վանաձորի թիվ 4 դպրոցի խնդիրը, որն առավել շատ կրթօջախի շենքըՙ որպես ճարտարապետական կառույց, պահպանելու հարց է: Շվեյցարական «Կարիտաս» ընկերությունը դպրոցի վերականգնման համար կհատկացնի 260 հազար ԱՄՆ դոլար, եւ այս հարցը եւս կլուծվի:
Լրջությամբ են դրված դպրոցների ջեռուցման, մարզադահլիճների, սպորտհրապարակների կառուցման խնդիրները:
Վերջին տարիներին կառուցվող դպրոցներում այդ հարցերը զուգահեռ լուծվել են. միանգամից մտցվել են նախագծերի մեջ եւ կառուցվել: Սակայն նախկինում կառուցված կամ ամրացված դպրոցներում այդ հարցերը մնացել են չլուծված: Մենք ծրագիր ենք կազմելՙ մինչեւ 2004 թվականի վերջն այս հարցը հիմնովին լուծելու համար:
- Ինչպիսի՞ն են այսօր բնակարանաշինության ծավալները եւ մոտավոր հաշվարկներով ե՞րբ կլուծվի աղետյալ բնակավայրերի վերականգնման, երկրաշարժի ժամանակ անօթեւան դարձած ընտանիքներին բնակարաններով ապահովելու հիմնահարցը:
- Աղետի գոտու վերականգնումը հնարավոր չէ պատկերացնել առանց բնակարանաշինության: Նախորդ մի քանի տարիներին զգալի աշխատանքներ են տարվել: Լուրջ բացթողում եմ համարում այն իրողությունը, որ երկրաշարժից հետո բնակարան կորցրած ընտանիքները 1989, 1990, նույնիսկ 91, 92 թվականներին տրոհվել են եւ առանձին-առանձին բնակարաններ ստացել: Փաստորեն նույն ընտանիքից մի քանի բնակարան ձեռքբերածների կողքին անօթեւան են մնացել ընտանիքներ, որոնք պետք է օգտվեին հավասար իրավունքներից: Նաեւ այդ պատճառով է, որ այսօր մարզում շուրջ 3000 ընտանիքՙ պետական բնակֆոնդից եւ նույնքան էլ սեփական բնակարան կորցրած ընտանիքներ դեռեւս սպասում են իրենց հերթին: Անցած եւ նախանցած տարիներին այս հարցը կարգավորել ենք: Կա նաեւ կառավարության թիվ 432 որոշումը, որի համաձայն հիշյալ ընտանիքներին պետք է տրամադրվի այնքան բնակտարածք, որքան կորցրել են երկրաշարժի ժամանակ: Այս տարի, հիմնականում Վանաձոր, Սպիտակ քաղաքներում եւ Գուգարք գյուղում Լինսի հիմնադրամի շրջանակներում լայն թափով իրականացվում է բնակարանաշինություն: Սպիտակում ծավալուն աշխատանքներ է իրականացնում նաեւ «Հայաստան» համահայկական հիմնադրամը: Եկող տարվա մարտ-ապրիլ ամիսներին Սպիտակում շահագործման կհանձնվի 500 բնակարան, Վանաձորում ամրացվում է 4 շենք, Գուգարքումՙ 2: Եթե նկատի ունենանք եկող տարի իրականացվելիք ծրագրերի ծավալը, 2002 թվականի վերջին Վանաձորում, Գուգարքում, Ստեփանավանում ամբողջովին լուծված կլինի բնակարանային խնդիրը, իսկ Սպիտակումՙ շուրջ 70-80 տոկոսով: Նաեւ ամերիկյան «Ուրբան» ինստիտուտի միջոցով գյուղական վայրերում, հիմնականումՙ Սպիտակի տարածաշրջանում, աշխատանք է տարվում շուրջ 600 ընտանիքիՙ 60 եւ ավելի տոկոսով պատրաստ սեփական բնակարանների շինարարությունն ավարտին հասցնելու համար: Կատարվելիք աշխատանքների ծավալին համապատասխան նրանց կհատկացվի 1500-4000 ԱՄՆ դոլար:
Գործընթացն արդեն սկսված է, կազմակերպության գրասենյակն աշխատում է Վանաձորում, հանդիպումներ են լինում շահառուների հետ, կատարվում են ուսումնասիրություններ: Առաջին վկայագրերն արդեն տրված են, Սպիտակում 114 ընտանիքի համար արդեն կատարվել է հետազոտություն, Ստեփանավանումՙ 70: Այս ամենը հույս է ներշնչում, որ վատագույն դեպքում 2003 թվականի կեսերին բնակարանային հիմնահարցն ամբողջ մարզում լուծված կլինի: Հիշեցնեմ, որ խոսքն այն ընտանիքներին է վերաբերում, որոնք երկրաշարժի ժամանակ բնակարան են կորցրել:
Պետք է ասեմ, որ աղետի գոտին, հատկապես մեր մարզը, հանրապետության նախագահի մշտական ուշադրության կենտրոնում է: Պատահական չէ, որ այսօր մարզում շուրջ 10 մլն դոլարի բնակարանաշինական աշխատանք է կատարվում, իսկ Լինսի հիմնադրամի շրջանակներումՙ շուրջ 3 մլրդ դամի ճանապարհաշինարարական աշխատանքներ: Անհնար է չխոստովանել, որ այս ամենը նախագահի ամենօրյա ջանքերի արդյունքն է: Ասվածի մասին են վկայում Ռոբերտ Քոչարյանի հաճախակի այցելությունները Լոռու մարզ, որոնց շնորհիվ ե՚ւ հսկողությունն է պատշաճ մակարդակով իրականացվում, ե՚ւ ծնվում են նոր առաջարկներ: Մոտ ժամանակներս նույնպես նախագահը կայցելի մարզ:
Բնակարանային հիմնահարցը լուծելու հարցում մեծ նշանակություն ունի «Բնակարանների գնման վկայագրերի» (ԲԳՎ) ծրագիրը, որն իրագործվում է ԱՄՆ-ի միջազգային զարգացման գործակալության (ՄԶԳ) եւ ՀՀ «Աղետի գոտու վերականգնման ծրագրի» շրջանակներում, ՀՀ կառավարության համաֆինանսավորմամբ: Օրերս բնակարանների գնման վկայագրեր հանձնվեցին Վանաձոր քաղաքի յոթ ընտանիքների: Մեկից հինգ սենյականոց բնակարանների վկայագրեր կտրվեն հերթացուցակում գտնվող Վանաձորի բոլոր 416 ընտանիքներին: Սպիտակում եւ Ստեփանավանում սկզբունքը հետեւյալն է. վերցված է տնակային մի թաղամաս, որի բոլոր շահառու ընտանիքներին վկայագրեր հանձնելուց հետո միայն պետք է անցնենք մյուս թաղամասերին: Տնակներից մաքրված թաղամասերում զուգահեռաբար բարեկարգման աշխատանքներ կիրականացվեն:
- Դուք նշեցիք, որ մեծ գումարներ են հատկացված նաեւ մարզում ճանապարհաշինության իրականացման համար: Ինչպե՞ս են ընթանում այդ աշխատանքները:
- Համաշխարհային բանկի տրամադրած վարկի եւ Լինսի հիմնադրամի շնորհիվ կառուցվել են Սպիտակ-Գյումրի ճանապարհի 7 կիլոմետրանոց հատվածը, Վանաձոր-Տաշիր ճանապարհի Գարգառի 3 կիլոմետրանոց հատվածը:
Այս երկու ուղղություններով ճանապարհների նախագծային աշխատանքները ֆինանսավորվել են, շուտով կկայանան մրցույթները, եկող տարի կսկսվեն շինաշխատանքները: Տարեվերջին մինչեւ Վրաստանի սահման ու մինչեւ Գյումրի կունենանք բարձրորակ ճանապարհ:
Լայն թափով աշխատանք է կատարվում Վանաձոր-Դիլիջան ճանապարհահատվածում, որն, ինչպես հայտնի է, կառուցվում է Լինսի հիմնադրամով: Մինչեւ նոյեմբերի 10-ը շահագործման կհանձնվի առաջին 20 կմ-ը, իսկ մնացած 18 կմ հատվածում աշխատանքները կշարունակվեն եկող տարի եւ հունիս ամսին վերջնականապես կավարտվեն: Այսպիսով մարզի բոլոր հիմնական մայրուղիները կլինեն վերակառուցված եւ բարվոք վիճակում:
Մարզում կմնա լուծել Ստեփանավան-Ալավերդի (Օձունի սարահարթով) ճանապարհի եւ գյուղական վայրերի ճանապարհների հարցը: Կարծում եմ, հետագայում պետբյուջեի հնարավորություններից ելնելով, այս խնդիրը եւս կկարողանանք լուծել:
Իսկ այսօր ճանապարհաշինության բնագավառում ներդրումներ են լինում միայն Լինսի հիմնադրամի եւ Համաշխարհային բանկի շրջանակներում, իսկ պետբյուջեն 15 տոկոս մասնակցություն ունի:
- Լոռու մարզը հանրապետությունում եզակի դեր ունի արդյունաբերական ձեռնարկությունների վերագործարկման, նոր աշխատատեղերի ստեղծման գործում: Ինչպիսի՞ն է այսօր արդյունաբերական պոտենցիալը եւ ի՞նչ հեռանկարներ կան ապագայում:
-Արդեն մեկուկես տարի Ալավերդու «Մանես եւ Վալեքս» ՓԲԸ-ն կարողանում է կայուն արտադրանք թողարկել: Լուրջ առաջընթաց է ակնկալվում 2002-2004 թվականներինՙ նոր, էկոլոգիապես մաքուր գործարանի կառուցումից հետո, որը տարեկան 30 հազար տոննա պղնձի արտադրություն կապահովի: Առաջընթաց կլինի նաեւ Ալավերդու եւ Թեղուտի հանքավայրերի շահագործումից հետո: Ալավերդունը արդեն նախապատրաստվում է շահագործման, իսկ Թեղուտինն առայժմ հետազոտման փուլում է եւ մեծ ներդրումներ է պահանջում: Հաջորդ փուլը կլինի նախագծերի պատրաստումը, 5-6 տարվա ընթացքում կշահագործվի հանքավայրը եւ կկառուցվի նրան կից հարստացուցիչ ֆաբրիկան: Արդյունքում այնտեղ 35-40 տարի մշտական աշխատատեղ կունենանք շուրջ 1500 մարդու համար:
Արդեն իսկ լուրջ բանակցություններ ենք վարում կանադական եւ գերմանական ներդնողների հետ, որոնք մեծ հետաքրքրություն են ցուցաբերում, քանզի պղինձն ու մոլիբդենը համաշխարհային շուկայում մշտապես պահանջարկ ունեն: Այսօր ամբողջ հզորությամբ աշխատում է Ախթալայի լեռնահարստացուցիչ ֆաբրիկանՙ Շամլուղի հանքերի բազայի վրա: Աշխատողների թիվն այժմ 350 է, սակայն առաջիկայում կհասնի 500-ի: Տարեկան կմշակվի 200 հազար տոննա հանքաքար: Ախթալայի հարստացուցիչ ֆաբրիկայում «Մետալ պրինս» ընկերությունն արդեն ավելի քան 1 մլն դոլար ներդրում ունի: Իսկ հետագա տարիների համար շուրջ 10 մլն դոլարի ներդրման ծրագիր է կազմված:
Բոլոր հիմքերը կան, որ Թումանյանի տարածաշրջանում կզարգանա լեռնամետալուրգիան, ընդգրկելով նաեւ Ստեփանավանի տարածքըՙ Արմանիսը, Պրիվոլնոյեն, Հանքաձորը, Քարաբերդը եւ այլն: Հանքաքարերի տեսականին եւս մեծ էՙ պղինձ, մոլիբդեն, ոսկի, արծաթ, ցինկ, որոնք մեծ պահանջարկ ունեն ողջ աշխահում:
Վանաձորի քիմիական համալիրն արդեն մեծացնում է արտադրական հզորությունը: Աշխատում են կորունդի, ազոտական թթվի, մելամինի արտադրամասերը: Համալիրի մյուս գործարաններից անհրաժեշտ հզորությամբ աշխատում է ՋԷԿ-ը, լիովին պատրաստ է աշխատելու քիմմանրաթելի գործարանը: Մեծ հույսեր եմ կապում այս գործարանի հետ, եւ հավանաբար քիմիական համալիրն ու «Գրանտ տոբակոն» փոխշահավետ պայմանագիր կկնքեն, որով ծխախոտի ֆիլտրերի արտադրությունը տեղում կիրականացվի: Դա տարեկան շուրջ 2,5-3 հազար տոննա արտադրանք է:
Քիմգործարանում արտադրվող մելամինի եւ մյուս արտադրատեսակների համար սպառման լայն շուկա կա (հատկապեսՙ եվրոպական երկրներում), որը կնպաստի արտադրության ծավալների մեծացմանը: Համալիրում այսօր աշխատում է շուրջ 2000 մարդ, այդ թիվը կհասնի 4000-ի:
Մարզի արդյունաբերությունը միայն այս հսկաներով չէ պայմանավորված: Հատկապես Վանաձորում արդյունաբերական արտադրանքը 2001 թ. կայուն աճի միտում ունի: Նախորդ տարվա համեմատ այն կազմում է 200 տոկոս: Դրանք «Բազում», «Դավգար», «Գլորիա» կարի արտադրական ձեռնարկություններն են, «Ավտոմատիկա», «Ավտոգենմաշ», «Էլեկտրոն» գործարանները եւ մյուսները:
Հետզհետե շունչ է առնում «Շափյուղան»: Տաշիրի տարածաշրջանում զգալի առաջընթաց են ապրում կաթի վերամշակման, պանրի գործարանները:
- Այս տարի մարզում առատ բերք է ստացվել: Բարենպաստ եղանակներից բացի ինչի՞ շնորհիվ դա հաջողվեց, եւ ի՞նչ ծրագրեր են իրականացվում գյուղատնտեսության եւ բնապահպանության ասպարեզում:
- Այս տարի նպաստավոր տարի էր, առատ բերք ունեցանք: Վերջին տասը տարիների միջինի համեմատ հացահատիկի բերքատվությունը 10 ցենտներով ավելի է: Կարտոֆիլի բերքը հիմնականում նորմալ է եղել ոռոգվող հողատարածքներում: Կայուն բերքի միակ երաշխիքը ոռոգման համակարգի ընդլայնումն է, որն ամբողջովին ավարտվել է Սպիտակի տարածաշրջանում: Այժմ IFAD ծրագրի շրջանակներում Ստեփանավանի եւ Թումանյանի տարածաշրջաններում ենք իրականացնում այդ աշխատանքները: Եթե Ստեփանավանի Գյուլագարակ-Վարդաբլուր հատվածում, Օձունիՙ սարահարթ, Հաղպատ-Ակներ հատվածում եւ Դսեղում վերականգնենք ոռոգման համակարգը, եւս 6,5-7 հազար հեկտար հողատարածքներում կայուն բերք կունենանք: Հրատապ է Շնողի, Ճոճկանի, Մեծ Այրումի այգիների վերականգնումը, ուր ժամանակին այգեգործությունն առաջնային դեր է ունեցել: Այսօր հատկապես դեղձի մեծ պահանջարկ կա եւ այս համայնքներում այգիների վերականգնման զգալի աշխատանք է տարվում:
Տաշիրի տարածաշրջանում այս տարի նախորդի համեմատ վերամշակող 20 նոր ձեռնարկություն է գործարկվել: Դրանք ոչ միայն փոքր պանրագործարաններ են, այլ նաեւ հզոր ձեռնարկություններ: Դրանցից է Կաթնառատի կաթի փոշու գործարանը, Պրիվոլնոյեի կաթի առաքման կետը, որտեղ շրջակա հինգ գյուղերից ընդունում են կաթը եւ ուղարկում «Աշտարակ կաթ»: Այս ձեռնարկություններն այնքան են հզորացել, որ մթերվող կաթը չի բավականացնում: Իրացման այս հնարավորությունը խթանում է անասնապահության զարգացումը:
Ցավոք, ոչխարաբուծությունը մարզում դեռեւս տեղից չի շարժվում, հիմնական խոչընդոտը բրդի շուկայի բացակայությունն է:
Մարզը հետ է մնում նաեւ տեխնիկական կուլտուրաների մշակման առումով: Խոսքը հիմնականում ծխախոտի եւ շաքարի ճակնդեղի մասին է: Շատերը ցավագին են ընդունում, երբ խնդիր է դրվում շաքարի գործարանը Շիրակո՞ւմ, թե՞ Լոռու մարզում կառուցել: Անկեղծորեն եմ ասում. կարեւորը գործարանում աշխատող 100-150 մարդու խնդիրը չէ, այլ, որ լինի այդ գործարանը, գյուղացին իմանալով իրացման շուկայի առկայությունը, ճակնդեղ աճեցնի: Ճակնդեղը մոտ 1,5-2 անգամ ավելի եկամուտ կբերի գյուղացուն, քան կարտոֆիլը:
Եվ ամենակարեւորըՙ Հայաստանը կունենա սեփական արտադրության շաքար եւ ստիպված չի լինի ներմուծել:
Բնապահպանության ամենացավոտ կողմն անտառների համատարած հատումն է, որը շարունակվում է շուրջ 10 տարի: Անտառների սանիտարական հատման անվան տակ շարունակվում է անտառների ոչնչացումը: Գարնանը սկսվեց եւ շարունակվում է լորենու անօրինական հատումը: Այդ ծառերից արկղեր են պատրաստում եւ վաճառում Արարատյան դաշտավայրում, ուր բերքահավաքի ժամանակ դրանց պահանջարկը մեծ է: Դա բարբարոսություն է:
Մի լորենուց մեղվաբույծները մեկ տարում այնքան մեղր են ստանում, որքան այդ փայտն արժե: Սակայն, եթե ծառը չհատեն, 100 տարի կծաղկի եւ բարիքի աղբյուր կհանդիսանա: Բացի այդ, լորենին հզոր կանաչ զանգված ունի եւ հազվագյուտ ծառատեսակ է:
Բնապահպանության նախարարի հրամանով արգելված է լորենու, սոճու, կաղնու հատումը: Սակայն հենց անտառտնտեսության աշխատողները հատում եւ վաճառում են այդ ծառերըՙ մեծ գումարներ գրպանելով, պետությանը մեկ դրամի իսկ օգուտ չտալով: Եվ ոչ մեկը չի հետաքրքրվումՙ լորենու փայտից պատրաստված արկղերը որտեղի՞ց եւ ի՞նչ ճանապարհով են եկել: Եթե զբաղվեն այդ հարցով, շատ հեշտությամբ կգտնեն: Ես հաճախ այն մտքին եմ հանգում, որ ոչ թե գողն է մեղավոր, այլ նա, ով պարտավոր է բռնել գողին եւ պատժել:
Այն օղակները, որոնք կոչված են պահպանելու անտառը, անում են ճիշտ հակառակը: Իսկ եթե փորձում են դիմակայել այդ արատավոր երեւույթին, անտառի «տիրակալները» միջոցներ են որոնում վարկաբեկելու այդ մարդկանցՙ ընտրելով ամենաէժանագին ձեւերը: Միեւնույն է, ես ոչ մի բանի առաջ կանգ չեմ առնելու, եւ թույլ չեմ տալու անտառներն անարգել ոչնչացնել: Իմ պահանջով իրավապահ մարմինները (ներառյալ դատախազությունը) լրջորեն զբաղվում են այս հարցով: Միայն անցած տարի համատեղ հետեւողական աշխատանքի շնորհիվ 200 մլն դրամի չափ գումար վերադարձվեց պետբյուջե: Ո՞ւմ գրպանից եւ ինչպե՞ս: Թող այդ մարդիկ բարձրագոչ հայտարարություններ չանեն (մանավանդ ուրիշի անունից): Ժողովրդական ասացվածք կա. «Արջն ահից գոռում է»:
- Ինչպե՞ս եք գնահատում քաղաքական իրավիճակը հանրապետությունում եւ մարզում:
- Քաղաքական տարբեր ուժեր, կուսակցություններ փորձում են երկրում անկայունություն ստեղծել, սակայն իմ կարծիքով, այդ փորձերը վաղ թե ուշ կձախողվեն: Նրանք պարզապես իրենց վատ են զգում, երբ երկրում իրավիճակը սկսում է կայունանալ, նկատվում է առաջընթաց: Այսօր մենք հանրապետության նախագահի շուրջը համախմբվելով, բոլորիս, նաեւՙ քաղաքական ուժերի կարողությունները համատեղելով պետք է միասնական լինենք, որպեսզի կարողանանք հանրապետությունը ճգնաժամյային վիճակից դուրս բերել:
Ես ամեն ինչ անելու եմ, որ մեր մարզում բոլոր քաղաքական ուժերը համախմբված լինեն: Բոլոր հանդիպումները տեղի քաղաքական ուժերի ղեկավարների հետ հիմնականում հանգում են կարծիքների ու տեսակետների ընդհանուր եզրեր գտնելուն: Երեւանյան որոշ քաղաքական ուժեր, իմ կարծիքով, իզուր են փորձում արմատներ գցել Լոռիում: Չի ստացվի:
ՄԱՆՎԵԼ ՄԻԿՈՅԱՆ