«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#191, 2001-10-20 | #192, 2001-10-23 | #194, 2001-10-25


ԻՍՐԱՅԵԼԻ ԶՈՐՔԵՐԸ ԴՈՒՐՍ ԿԳԱՆ ՊԱՂԵՍՏԻՆԻՑ ՄՈՏԱԿԱ ՕՐԵՐԻՆ

Մ. Նահանգների խիստ եւ կտրուկ պահանջից հետո երեկ Իսրայելը հաղորդել է Պաղեստինին, որ մինչեւ այս շաբաթվա վերջ «Ցահալի» զորքերը դորս կգան Պաղեստինից: Ըստ պաղեստինյան հաղորդագրությունների, երեկ «Ցահալի» տանկերը մտել են Ռամալլայի տարածքը, այնտեղ հիմնել ռազմական դիրքեր եւ ձերբակալել 10 պաղեստինցիների: Պաղեստինցի մեկ ոստիկան մահացել է, մյուսներըՙ վիրավորվել:

Երեկ «Ցահալի» տանկերը Թուլ Քարեմում ավերել են Պաղեստինի ազատագրության ժողովրդական ճակատի հրամանատար Ռիադ Քարմի տունը: Նա մեղադրվում էր 5 հրեա իսրայելցիների սպանության մեջ, որոնցից երկուսն իրենց արաբ ընկերոջ կողմից հրավիրվել էին Թուլ Քարեմի ռեստորաններից մեկում համուս ուտելու: Թուլ Քարեմում երեկ գիշեր մահացել են երեք պաղեստինցիներ, իսկ 5-ըՙ վիրավորվել:

Ըստ հաղորդագրությունների, երեկ Հեբրոնում հրեա բնակիչների կրակոցից վիրավորվել են 6 պաղեստինցի բանվորներ: Պաղեստինի անվտանգության մարմինները Իսրայելից պահանջել են հետաքննություն սկսել, իսկ վերջինս խնդրել է պաղեստինյան ոստիկանության աջակցությունը ճիշտ վկայություններ ձեռք բերելու հարցում: Երեկ Մ. Նահանգների նախագահ Ջ. Բուշը հանդիպել է Իսրայելի արտգործնախարար Շ. Պերեսին եւ պահանջել իսրայելյան զորքերի անհապաղ դուրսբերումը Պաղեստինից: Բուշն ընդգծել է, որ ինքը խորապես անհանգստացած է, քանի որ ստեղծված իրավիճակը մեծ դժվարություն է պատճառում Մ. Նահանգներինՙ պահպանելու միջազգային կոալիցիան ահաբեկչության դեմ մղվող պայքարում: Մյուս կողմից, Իսրայելի արտգործնախարարի այցը Մ. Նահանգներ խորացրել է Իսրայելի կառավարության ճգնաժամային վիճակը: Արտգործնախարար Շ. Պերեսը մեղադրվում է կառավարության կողմիցՙ «Ցահալի» զորքերի դուրսբերման հարցում Մ. Նահանգներին ցուցաբերած աջակցության համար: Հնչում են Պերեսի հրաժարականը պահանջելու եւ 90 օրվա ընթացքում նոր ընտրությունների կոչեր: Չնայած Իսրայելի արտգործնախարարի եւ վարչապետի միջեւ եղած տարակարծությանը, նրանց համագործակցությունն այս օրերին շարունակվում է, որի արդյունավետությունը, սակայն, կասկած է հարուցում կառավարության ներսում:

ՌՈՒԶԱՆ ՊՈՂՈՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4