«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#192, 2001-10-23 | #194, 2001-10-25 | #195, 2001-10-26


ՁՄՌԱՆ ՇԵՄԻՆ ՋԵՌՈՒՑՄԱՆ ԽՆԴԻՐԸ ԴԱՐՁՅԱԼ ՆՈՒՅՆՆ Է

Հնարավոր է, որ առաջիկայում ԼՂՀ մուտք գործող բնական գազի ծավալը կրճատվի առնվազն 6 հազար խմ-ով: Այդ մասին «Արցախգազի» ղեկավարությանը գրավոր նախազգուշացրել է «Հայռուսգազարդի» տնօրենությունը: Գազի մուտքի սահմանափակման պատճառն օգտագործված գազի պարտքն է, որի ստույգ չափերի մասին «Արցախգազում» նպատակահարմար են համարում լռել:

Մեծ մասամբ գազիֆիկացված Ստեփանակերտում բնական գազն օգտագործվում է հիմնականում կենցաղային նպատակներով: Շատ քչերը (իհարկե, նաեւ ջերմային տնտեսությունը) կարող են շռայլություն թույլ տալՙ օգտագործելով բնակարանների ջեռուցման նպատակով: Ինչպես ավանդաբար, այս տարի էլ Ստեփանակերտում եւ հանրապետության շրջաններում բնակարանները կջեռուցվեն փայտի վառարաններով կամ էլ էլեկտրական սալիկներով: Փայտ ձեռք բերելու միջոցներ բնակչությանն ընձեռում են «Արցախանտառ» պետական ձեռնարկությունը եւ լիազորված մասնավոր փայտավաճառները: Իսկ այդպիսիք քիչ չկան գյուղական բնակավայրերում, որոնց մատուցած վառելանյութը համեմատաբար էժան է:

Ինչ մնում է բնական գազի ներհոսին, ապա ԼՂՀ-ում ամենաշատը սպառող մայրաքաղաք Ստեփանակերտում աշնան այս ամիսներին գազի պահանջարկն օրական 16 հազար խմ է: Ձմռան ամիսներին պահանջվող գազի ծավալը պիտի հասնի 25 հազար խմ-ի:

Հաշվի առնելով մայրաքաղաքի բնակչության պահանջարկը, հանրապետություն մուտք գործող բնական գազի ծավալի կրճատվելու դեպքում փոխհատուցումը կկատարվի շրջաններին մատակարարվող գազի սահմանափակման հաշվին:

Սակայն դրանով կլուծվի՞ Ստեփանակերտի ամբողջական գազիֆիկացման խնդիրը, մանավանդ, երբ որոշ թաղամասեր դեռեւս կարոտ են երկնագույն կրակին: Պատասխանը միանշանակ բացասական է:

Կ. ԳԱԲՐԻԵԼՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4