ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի նախագահ Ադրիան Սեւերինիՙ օրերս ԼՂՀ կատարած կարճատեւ այցը զուտ ճանաչողական նշանակություն ուներ: Միեւնույն ժամանակ, պարոն Սեւերինի խոսքով, այցը տարածաշրջան կարող է նաեւ նպաստել ղարաբաղյան հակամարտության քաղաքական կարգավորմանը: Այս մասին նա արտահայտվեց ԼՂՀ անվտանգության խորհրդի անդամների եւ մի խումբ խորհրդարանականների հետ հանդիպման ժամանակ: ԵԱՀԿ ԽՎ նախագահի կարծիքով, Լեռնային Ղարաբաղում ի զորու են կառուցել ժամանակակից ազատ, հանդուրժողական, բազմակարծիք եւ ժողովրդավարական հասարակություն, դրանով իսկ շահելով միջազգային հանրության համակրանքը, որն էլ հնարավորություն կտա Ղարաբաղին իր արժանի տեղը գտնել աշխարհում:
Այդ հանդիպմանը նախորդածՙ ԼՂՀ վարչապետ Անուշավան Դանիելյանի եւ Ազգային ժողովի նախագահ Օլեգ Եսայանի հետ հանդիպումների ժամանակ ընդգծվեց ղարաբաղյան հիմնախնդիրը խաղաղ ճանապարհով լուծելու անհրաժեշտությունը:
ԼՂՀ խորհրդարանի խոսնակը, մասնավորապես անդրադառնալով փոխզիջման խնդրին, նշեց, որ ղարաբաղյան կողմը դրա աներկբա արտահայտություն է դիտում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության, ապա եւ պետական անկախության հռչակման փաստը: Այդ իրողությունը, ըստ Օ. Եսայանի, որպես գլխավոր քաղաքական փոխզիջումՙ պետք է ընդունելի լինի ինչպես հակամարտող կողմերի, այնպես էլ միջազգային հանրության համար: Եվ հենց դա է հիմնախնդրի կարգավորման ու մշտական խաղաղության հաստատման ամենակարճ ճանապարհը:
Ադրիան Սեւերինին հետաքրքրում էր նաեւ Լեռնային Ղարաբաղում բազմազգ հանրության առկայության հեռանկարը: «Ես գիտեմ, որ դուք շահել եք պատերազմը: Բայց որպեսզի խաղաղություն հաստատվի, պետք է հանդուրժողական լինել բոլորի նկատմամբ», ասել է նա: «Պատերազմը բռնություն եւ ատելություն է սերմանել երկու ժողովուրդների միջեւ, եւ դրա առկայությամբ դժվար է խաղաղության հասնել»:
Չժխտելով ԼՂՀ-ում բնիկ հայության հետ մյուս ազգությունների ազատ ապրելու լիիրավ իրավունքը, Օլեգ Եսայանը նշեց, որ դեռեւս 1991 թվականի դեկտեմբերին անցկացված անկախության հանրաքվեին, այնուհետեւ խորհրդարանական ընտրություններին Ղարաբաղում ապրող ադրբեջանցիները չեն մասնակցել Բաքվի թելադրանքով: Ու եթե այդ ինքնահրաժարումը տեղի չունենար, ապա այսօր Լեռնային Ղարաբաղը կլիներ երկու ազգությունների հանրապետություն:
Ադրիան Սեւերինն ընդգծել է իր դիրքորոշումը հաստատող եւս մի հանգամանքՙ վատ խաղաղությունը գերադասելի է լավ պատերազմից հայտնի ձեւակերպման դրույթներով: Հարկ է հասնել, սակայն, լավ խաղաղության, քանզի վատ խաղաղությունը, նրա խոսքով, կարող է անվերջ պատերազմների կամուրջ դառնալ:
Հանդիպմանը մասնակցած ԼՂՀ ներկայացուցիչները վերահաստատեցին Ղարաբաղի իշխանությունների պատրաստակամությունըՙ կողմ մնալ հակամարտության խաղաղ կարգավորման ձեւերին: Ադրիան Սեւերինը խուսափեց տեղացի լրագրողների տարաբնույթ հարցերին պատասխանելուց: Պատճառաբանելով ժամանակի սղությունը, նա հոժարեց պատասխանել միայն հետեւյալ հարցին. սեպտեմբերի 11-ի նյույորքյան ահաբեկչությունից հետո ԵԱՀԿ-ն փոխե՞լ է քաղաքականությունը ԼՂ հիմնախնդրի վերաբերյալ: Պարոն Սեւերինը դա ժխտեց, ասելով, որ հիմա Կովկասում անվտանգությունն ու կայունությունն ավելի կարեւոր են, քան եղել է մինչեւ սեպտեմբերի 11-ի իրադարձությունները:
ԵԱՀԿ ԽՎ պատվիրակությանն Արցախում ուղեկցում էին ՀՀ Ազգային ժողովի փոխխոսնակ Գագիկ Ասլանյանը եւ գիտության, կրթության, մշակույթի եւ երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Շավարշ Քոչարյանը:
ԿԻՄ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ, Ստեփանակերտ