Ընթերցողներին հայտնի է, որ ՀՀ ԱԱ նախարարության աշխատակիցները Լյովա Ասատրյանի զոքանչի տան նկուղում հայտնաբերել եւ առգրավել են զենք-զինամթերք: Փաստի առթիվ հարուցված քրեական գործով պարզվել էր, որ զենք-զինամթերքը պահել է ՀՀՇ Վանաձորի խորհրդի նախագահ Աշոտ Մանուկյանը, որը կալանավորված էր հուլիսի 24-ից:
Լոռու մարզի առաջին ատյանի դատարանում ավարտվեց Աշոտ Մանուկյանի եւ Լյովա Ասատրյանի դեմ հարուցված քրեական գործի դատավարությունը: Նրանք մեղադրվում էին քր. օրենսգրքի 232 հոդվածի առաջին մասով եւ 17-232 հոդվածի առաջին մասով:
Դատարանը հիմնավորված համարեց մեղադրանքը (մեղադրողՙ Գ. Պիվազյան, դատավորՙ Վ. Ղազարյան):
Ընթերցվեց դատավճիռը, որում նշվեց, որ առգրավված զենք-զինամթերքից զենքը գործածման համար պիտանի չի եղել: Ա. Մանուկյանի արարքում մեղմացնող հանգամանք դիտվեց այն, որ նա նախկինում դատապարտված չի եղել, ղարաբաղյան շարժման նախաձեռնողներից ու կազմակերպիչներից էՙ աշխարհազորային ջոկատների կազմավորումից մինչեւ կարեւորագույն նշանակության օբյեկտների հսկողությունն ու պաշտպանությունը: Հաշվի առնվեց նաեւ այն հանգամանքը, որ պատիժը մեղմացնելու եւ ազատազրկման հետ չկապելու միջնորդություն է ներկայացրել ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Մանվել Գրիգորյանը (Ա. Մանուկյանը 1996-ից ԵԿՄ անդամ է): Նախկինում նման միջնորդություններ էին ներկայացրել ԵԿՄ Վանաձորի մասնաճյուղի նախագահ Կամո Հովհաննիսյանը, Վանաձորի «Վրեժ» ջոկատի հրամանատար Կարեն Սարիբեկյանը:
Ա. Մանուկյանը զենք-զինամթերքի հանձնումը հետաձգելը բացատրեց նրանով, որ ինքը եղել է ՀՀՇ անդամ եւ այդ կազմակերպության հանդեպ առկա բացասական վերաբերմունքի փոխվելուց հետո անպայման հանձնելու էր:
Լ. Ասատրյանի արարքում մեղմացնող հանգամանք դիտվեց այն, որ նա եւս ընդունում է կատարվածի դատապարտելիությունը եւ միաժամանակ տառապում է խրոնիկական հիվանդությամբ:
Հաշվի առնելով այս ամենը, դատարանն ամբաստանյալների նկատմամբ կիրառելի համարեց ՀՀ քր. օրենսգրքի 41 հոդվածըՙ դատավճիռը պայմանականորեն ի կատար չածելու վերաբերյալ:
Ա. Մանուկյանին մեղավոր ճանաչելով ՀՀ քր. օրենսգրքի 232 հոդվածի առաջին մասի հատկանիշներով եւ կիրառելով Ս1 հոդվածը, դատավճռի կատարումը պայմանականորեն հետաձգվեց մեկ տարի փորձաշրջանով, եւ դատարանը նրան ազատ արձակեց:
Լ. Ասատրյանին մեղավոր ճանաչելով ՀՀ քր. օրենսգրքի 17-232 հոդվածի առաջին մասով եւ նույնպես կիրառելով 41 հոդվածը, դատարանը նրան եւս ազատ արձակեցՙ դատավճռի կիրառումը հետաձգելով մեկ տարի փորձաշրջանով: Միաժամանակ նրանց վարքի հսկողությունը դրվեց Վանաձորի ՆԳՆ բաժնի վրա:
ՄԱՆՎԵԼ ՄԻԿՈՅԱՆ