«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#201, 2001-11-03 | #202, 2001-11-06 | #203, 2001-11-07


ԽԱՂԱՂ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄՆ ԱՅԼԸՆՏՐԱՆՔ ՉՈՒՆԻ

ԿԻՄ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ, Ստեփանակերտ

ԵԱՀԿ Մինսկի համանախագահների հերթական այցը Ղարաբաղ տեղի ունեցավ հակամարտության շփման գծի մարդակերտյան հատվածով: Նախքան Բաքվից ժամանած պատվիրակությունը կհատեր սահմանը, տեղանքն ականազերծվեց: Ադրբեջանցի սակրավորների անփութության հետեւանքով տեղի ունեցավ ականի պայթյուն, ադրբեջանական բանակի մի սպա եւ երկու զինվոր ստացան տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: Այս տհաճ միջադեպը, սակայն, վատ նախանշան չդարձավ այդ օրը Ստեփանակերտում կայացած պաշտոնական հանդիպման համար: Երեկոյան համանախագահներին ու պատվիրակության մյուս անդամներին ընդունեց ԼՂՀ նախագահ Արկադի Ղուկասյանը: Հանդիպմանը ղարաբաղյան կողմից մասնակցում էին նաեւ ԼՂՀ արտաքին գերատեսչության ղեկավար Նաիրա Մելքումյանը եւ պաշտպանության նախարար, գեներալ-լեյտենանտ Սեյրան Օհանյանը:

Շուրջ մեկուկես ժամ տեւած հանդիպումից հետո ԵԱՀԿ Մինսկի խմբի երեք համանախագահները եւ պատվիրակության անդամ, ՌԴ արտաքին գործերի առաջին փոխնախարար Վյաչեսլավ Տրուբնիկովը պատասխանեցին լրագրողների հարցերին: Համանախագահները կանխապես մտադրված չէին նման հանպատրաստից ասուլիսի: Այդուհանդերձ, լրագրողների «շուրջկալի» մեջ նրանք հոժարեցին պատասխանել հարցերինՙ իհարկե, դիվանագիտական հնարքներով խուսափելով որոշ հարցերի ուղղակի պատասխանից:

Լրագրողների հետ առաջինը շփման մեջ մտած Վ. Տրուբնիկովը նշեց, որ ԵԱՀԿ-ն բնավ չի սպառել խաղաղարար իր ներուժը: Եթե դա այդպես լիներ, շեշտեց ռուս դիվանագետը, ապա նախօրյակին Ադրբեջանի նախագահ Հ. Ալիեւն իրենց հետ 3,5 ժամ շահագրգիռ զրույց չէր ունենա: Նա միաժամանակ տեղեկացրեց, որ համանախագահները մտածում են նոր առաջարկների շուրջՙ նոր գաղափարներ մշակելով հիմնախնդրի խաղաղ լուծման ուղղությամբ, այնպես որ գործընթացը կաէ:

Ստեփանակերտում առաջին անգամ գտնվող Ռուդոլֆ Պերինային հարց տրվեցՙ սեպտեմբերի 11-ի ահաբեկչությունից հետո ԵԱՀԿ քաղաքականությունը փոխվե՞լ է: Հարցին ի պատասխան, ամերիկացի դիվանագետը նշեց, որ նյույորքյան ողբերգությունից հետո աշխարհն ընդհանրապես փոխվել է, որն, անտարակույս, կանդրադառնա նաեւ ղարաբաղյան կարգավորման վրա: Սակայն ի՞նչ ձեւով, առայժմ վաղ է ասել:

Ֆրանսիացի համանախագահ Ֆիլիպ դը Սյուրմենը կարեւորեց Փարիզում եւ Քի Վեսթում ձեռք բերված պայմանավորվածություններըՙ դրանց արդյունքները դիտարկելով իբրեւ բազիս հետագա բանակցությունների համար:

Համանախագահները բարձր գնահատեցին Ա. Ղուկասյանի հետ իրենց հանդիպումը, նշելով, որ օգտակար հանդիպում էր: Այս գոհունակության ֆոնի վրա «Ազգի» թղթակցի տված հարցինՙ Ղարաբաղը դիտո՞ւմ են նրանք իբրեւ հակամարտության կողմ, համանախագահները խուսափեցին ուղղակի պատասխանից: Մասնավորապես Ֆ. դը Սյուրմենը, շրջելով հարցի բովանդակությունը, ընդգծեց հակամարտության մեջ մտած դրացի երկու ժողովուրդների խաղաղության ձգտումը եւ իրենց ջանքերն այդ հարցում: Նա անկարեւոր համարեց Ադրբեջանի նախագահ Հ. Ալիեւի վերջերս արած ռազմաշունչ հայտարարությունը ղարաբաղյան կարգավորման առնչությամբ, ասելով, որ նախօրյակին կայացած հանդիպման ժամանակ Հ. Ալիեւը բացառապես խաղաղ կարգավորման դիրքորոշմամբ է հանդես եկել, ինչը շատ դրական է բանակցություններն արդյունավետ շարունակելու համար:

Լրագրողների հետ հանպատրաստից ասուլիս անցկացրեց նաեւ ԼՂՀ նախագահ Արկադի Ղուկասյանը: «Կարեւորն այն է, որ համանախագահողները հաստատեցին, որ իրենք Բաքվում շատ լուրջ բանակցություններ են վարել Ալիեւի հետ, եւ վերջինս հաստատել է, որ հարցի լուծումը չի տեսնում պատերազմի միջոցով», նշեց Ա. Ղուկասյանը:

Համանախագահների հետհանդիպումը բարձր գնահատելով, ԼՂՀ նախագահը տեղեկացրեց, որ իրենք քննարկել են այն հնարավոր քայլերը, որոնք կաջակցեն վստահության մթնոլորտի ստեղծմանը տարածաշրջանում: Դրանք կարող են լինել փոքր եւ միջին քայլեր, բայց հնարավորություն կստեղծեն հետագա խաղաղ քայլերի ամրապնդմանը: Մինսկի խումբը, ըստ ԼՂՀ ղեկավարի, շարունակելու է աշխատանքը: Ենթադրվում են նոր հանդիպումներ, որոնք հաջողությունների հույս են պարունակում:

Համանախագահները նոր առաջարկություններ չեն բերել Ստեփանակերտ, նշեց Ա. Ղուկասյանը, դրանք ավելի շուտ հին առաջարկների մոդիֆիկացիաներն են, որոնք կարող են ընդունելի լինել բոլոր կողմերի համար: «Այն հիմքը, որը համաձայնեցված էր նախկին բանակցությունների ժամանակ, այսօր փորձում են զարգացնել, վերափոխել, հաշվի առնելով, որ դեռ կան խոչընդոտներ», ասաց նա:

Անդրադառնալով այն հարցին, թե ե՞րբ կարող է ԼՂՀ-ն ընդունվել որպես հակամարտության կողմ եւ մասնակցել բանակցություններին, Ա. Ղուկասյանը նշեց, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի բոլոր համանախագահները հասկանում են Լեռնային Ղարաբաղի ու Ադրբեջանիՙ հիմնական հակամարտող կողմեր լինելը, քանի որ ոչ մի հարց չի կարող լուծվել առանց Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ու իշխանությունների կարծիքի: «Բնական է, այդ փաստը կախված չէ այս կամ այն քաղաքական գործչի գաղափարներից: ԼՂՀ-ն ռազմաքաղաքական գործոն է տարածաշրջանում, եւ կապ չունիՙ դա Ադրբեջանի ղեկավարությանը դո՞ւր է գալիս, թե՞ ոչ: Ես համոզված եմՙ մեր ժողովրդի համար կարեւորը խաղաղությունն է, եւ մենք պետք է կարողանանք ամրապնդել այս զինադադարը, հասնել խաղաղության եւ պաշտպանել մեր դիրքորոշումները: Իսկ մեր դիրքորոշումները շատ հստակ ու պարզ են. ԼՂՀ-ն անկախ պետություն է, եւ մենք պիտի կարողանանք ամրապնդել մեր անկախությունը», եզրափակեց ԼՂՀ նախագահը:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4