Փարիզի «Պրիվա» հրատարակչությունում լույս տեսավ «Մարդկության սեւ գիրքը» անունը կրող ծավալուն աշխատությունը: 720 էջանոց հատորը ենթավերնագրված է «Ցեղասպանությունների համաշխարհային պատմություն»: Հեղինակների խմբի ղեկավարը Երուսաղեմի Ողջակիզման ինստիտուտի տնօրեն, պրոֆեսոր Իսրայել Չառնին է:
Աշխատությունն ընդգրկում է աշխարհում տեղի ունեցած զանգվածային կոտորածների պատմությունը: Հայերին վերաբերող նյութերը գրել են նշանավոր պատմաբաններ Վահագն Տատրյանը եւ Իվ Թեռնոնը: Գրքի «հայկական մասի» խմբագիրը Վաշինգտոնի Հայկական ազգային ինստիտուտի տնօրեն Ռուբեն Փ. Ադալյանն է:
Երկմասանի գրքի առաջին մասը փոքր էՙ ընդամենը 80 էջանոց: Այստեղ ներկայացված են զանգվածային ջարդերի հետ կապված տերմինաբանությունը եւ ընկալումները: Աշխատության մեջ գլխավորը երկրորդ մասն է, որը կազմված է այբբենական կարգով իրար հաջորդող հոդվածներից: Ըստ էության, գործ ունենք ոչ թե իսկական հանրագիտարանի, այլ հանրագիտարանային բառարանի հետ: «Ֆրանս-Արմենի» հանդեսը գրում է, որ աշխատության մեջ Հայոց ցեղասպանությունը համեմատաբար լավ է ներկայացված, քանի որ շուրջ 170 հոդվածներից դրան նվիրված է 15-ը, իսկ հրեաների Ողջակիզմանըՙ 33-ը:
Աշխատության դրական նորույթն այն է, որ առաջին անգամ փորձ է արվում հրաժարվելու հրեաների Ողջակիզման «բացառիկության» պնդումից: Իսրայել Չառնիի գրած ներածության մեջ նույնիսկ նշվում է, որ «շեշտը դրված է Ողջակիզման եւ Հայոց ցեղասպանության վրա»: Պրոֆեսոր Չառնին ընդգծում է, որ «վերջին տարիներին Հայոց ցեղասպանությունը դարձել է զգալի թվով հետազոտությունների առարկա, ինչի շնորհիվ գիտական առումով երկրորդ տեղում է Ողջակիզումից հետո»:
Բնավ չնսեմացնելով նոր լույս տեսած հանրագիտարանային բառարանի կարեւորությունը, այնուամենայնիվ կարելի է վիճելի համարել ցեղասպանություններն ըստ տեղերի դասակարգելու սկզբունքը: Ցեղասպանությունը ժողովուրդների համար մեծագույն ողբերգություն է, մարդկության դեմ ուղղված ոճիր: Հայոց ցեղասպանությունը որոշ իմաստով Ողջակիզումից էլ ավելի կործանարար էր, քանի որ իրականացվեց ոչ թե օտար երկրներում, այլ հայերի բնօրրանում, բնաջնջեց գրեթե 2 մլն մարդու, մնացյալներին փախուստի մատնեց, անվերադարձ կործանեց 3200-ից ավելի մշակութային հուշարձաններ (եկեղեցիներ, վանքեր, կալվածքներ, դպրոցներ եւ այլն), չխոսելով արդեն միլիոնավոր հայերի անլուր տառապանքների եւ նյութական կորուստների մասին:
Պ. Ք.