«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#203, 2001-11-07 | #204, 2001-11-08 | #206, 2001-11-10


ՀՌԱԿ-Ը ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է ՀԱՄԱԼՐՎԵԼ ՆՈՐԱԳԻՐՆԵՐՈՎ

Կուսակցությունը նախապատրաստվում է առաջիկա տոնական միջոցառումներին

Երեկ ՀՌԱԿ գրասենյակում վերստին երդմնառության արարողություն էրՙ կուսակցության շարքերը համալրվեցին մի խումբ նորագիրներով: Թեպետ երդմնառության արարողությունները սովորաբար տեղի են ունենում Թեքեյան կենտրոնում, երեկվանը բացառություն էր, այն էլՙ ՀՌԱԿ Հանրապետական վարչության ողջ կազմի մասնակցությամբ, որը նախապատրաստվում էր նիստի: ՀՌԱԿ ատենապետ Ռուբեն Միրզախանյանը, նորագիր անդամներին դիմելով, նշեց, որ «թեպետ կուսակցությունը վերջին շրջանում քանակական կտրուկ աճ է ապրել, այդուհանդերձ, իրենց համար առաջնային է ՀՌԱԿ-ի որակական աճի ցուցանիշը»: Դատելով այն փաստից, թե հասարակության հատկապես ո՚ր շերտերից են առավել հաճախ անդամագրվում ՀՌԱԿ-ին (մտավորականներ, գործարարներ, ուսանողներ եւ այլք), կարելի է միանշանակորեն արձանագրել, որ որակական աճն անհերքելի է: Նույնը վերաբերում էր նաեւ երեկվա նորագիրներին:

Ռուբեն Միրզախանյանը խոսեց նաեւ առաջիկայում նախատեսված երկու տոնական միջոցառումներիՙ ՌԱԿ-ի եւ ՀՌԱԿ-ի հիմնադրման 80-ամյակի ու 10-ամյակի առթիվ տեղի ունենալիք հանդիսավոր արարողությունների մասին: Նա տեղեկացրեց, որ համակուսակցական այս տոնի առիթով Հայաստան են ժամանելու բազմաթիվ սփյուռքահայ գործիչներ, որոնք իրենց երկրներում ներկայացնում են ՌԱԿ-ը: Ավելի քան 2 տասնյակ հյուրեր են սպասվում Սիրիայիցՙ Հալեպից, եւս 3 տասնյակ ժամանելու են Լիբանանիցՙ Բեյրութից, կներկայանան Ֆրանսիայի եւ մի շարք այլ երկրների ՌԱԿ պատվիրակները. մի խոսքովՙ տեղի է ունենալու աննախադեպ ընդարձակ ու պատկառելի հավաք, որպիսին վաղուց չէր եղել կուսակցության երկարատեւ պատմության ընթացքում: Ռ. Միրզախանյանը նշեց, որ յուրաքանչյուր նորագիր իր հերթին դառնում է աշխարհի բազմաթիվ երկրներում սփռված այս կուսակցությանՙ մի մեծ ընտանիքի մասնիկը:

Ա. Բ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4