«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#203, 2001-11-07 | #204, 2001-11-08 | #206, 2001-11-10


ԱՐՑԱԽԸ ԲՆԱԿԱՆ ՀԱՐՍՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵԴԵՄ Է

Ղարաբաղի հարուստ ընդերքում առկա օգտակար հանածոների մասին խոսվել է նաեւ խորհրդային տարիներին, սակայն Ադրբեջանի իշխանությունները միշտ էլ խոչընդոտել են դրանց պաշարների խորազնին ուսումնասիրմանը: Նպատակն ինքնին պարզ էրՙ Արցախի բնական պաշարներին տիրություն անել սոսկ տեղաբնակներին վտարելուց հետո: Գուցե թե Ադրբեջանի համար այս ծրագիրն իրատեսական էր, սակայն ղարաբաղյան շարժումը տապալեց դա:

Անկախության հռչակումից հետո, ԼՂՀ-ում տեղի ունեցող վերականգնողական գործընթացների շարքում կարեւորվեց Արցախի հարուստ ընդերքի ուսումնասիրման խնդիրը: ԼՂՀ կառավարության առաջարկությամբՙ 1995 թ. փետրվարին Հայաստանի Հանրապետության ԳԱԱ նախագահությունը որոշում ընդունեց երկրաբանական գիտությունների ինստիտուտին առընթեր բացել ԼՂՀ երկրաբանական լաբորատորիա, որի պետ նշանակվեց ծնունդով արցախցի երկրաբան Քրիստափոր Խաչանովը: Լաբորատորիան վերջերս տեղափոխվել է Ղարաբաղ:

ԼՂ Հանրապետության ընդերկրյա հարստությունների ուսումնասիրման ու քարտեզագրման ուղղությամբ որոշակի աշխատանք արդեն կատարվել է: Ծրագրված է առաջիկայում ձեռնամուխ լինել նախագծային փաստաթղթերի պատրաստմանը:

Ըստ հետազոտություններիՙ առավել հարուստ է Մարդակերտի շրջանի ընդերքը, որտեղ բավականին շատ են մետաղական եւ ոչ մետաղական հանքատեսակները: Երկրաբանական-հետախուզական առումով Մարդակերտի շրջանը դեռեւս ոչ ամբողջությամբ է ուսումնասիրված, սակայն ցինկի, կապարի, պղնձի, ոսկու, ծծմբային կոլչեդանի որոշ հանքավայրեր արդեն քարտեզագրված են, որոնց վերաբերյալ արվել են գիտական ու տեխնիկատնտեսական հիմնավորումներ: Գունավոր մետաղների հանքավայրեր են հայտնաբերվել Դրմբոն, Վարդաձոր, Կուսապատ, Վանք, Ղալանչի գյուղերին հարող տարածքներում եւ Մռավ սարի լանջերին:

Հետազոտությունները ցույց են տվել, որ գրանիտի պաշարներ կան ոչ միայն Հադրութի շրջանում, այլեւ Մարտունու եւ Ասկերանի շրջանի մի շարք բնակավայրերում: Իսկ Ննգի գյուղի մոտակայքում հայտնաբերված ոսկու եւ հոլանդական շպպատի հանքերի հնարավորությունները պարզապես գերազանցել են բոլոր սպասելիքները: Շպպատը, մասնագետների պնդմամբ, լայն կիրառում ունի գիտության ամենատարբեր բնագավառներում: Լեռնային այս ապարը պատկանում է խորքային հրաբխականության հետեւանքով առաջացած գերհիմքային ապարների խմբին, եւ դրա պաշարների հայտնաբերումը Արցախում հաճելի զարմանք հարուցող իրողություն էր:

Նորաստեղծ լաբորատորիայի ուսումնասիրությունները եւ դրանց վրա հիմնված առաջարկությունները շահագրգռել են նաեւ ԼՂՀ գործադիր իշխանությանը: ԼՂՀ վարչապետ Անուշավան Դանիելյանի հանձնարարությամբ, ցեմենտի գործարանի կառուցման նախագիծ է պատրաստվել Շահբուլաղի հանքավայրի բազայի վրա: Եվս երկուՙ աղյուսի ու կղմինդրի գործարանների փաստաթղթերն արդեն պատրաստ են: Վարչապետը եղել է Ննգի գյուղում, որտեղ ծանոթացել է տեղի կղմինդրի նախկին արտադրամասը վերագործարկելու հնարավորություններին:

Արցախի ընդերքի հարստություններն ուսումնասիրելու եւ առկա հանքավայրերը հետագայում շահագործելու նպատակով իրականացվող հետազոտական աշխատանքներին լայն աջակցություն է ցույց տալիս ՀՀ ԳԱԱ երկրաբանական գիտությունների ինստիտուտըՙ ի դեմս ինստիտուտի տնօրեն, ակադեմիկոս Ռուբեն Ջրբաշյանի, ակադեմիկոս Սերգեյ Գրիգորյանի եւ թղթակից անդամ Ռաֆայել Մելքումյանի: Այդ աշխատանքներն անձամբ վերահսկում եւ համակարգում է ԼՂՀ նորաստեղծ լաբորատորիայի հովանավորությունը ստանձնած ականավոր գիտնական, մոսկվաբնակ արցախցի Գրիգոր Գաբրիելյանցը, որը նաեւ մի շարք միջազգային գիտական կազմակերպությունների նախագահ է:

Նորանկախ ԼՂՀ-ն բացում է իր շռայլ ընդերքը: Ու եթե հաջողվի ոչ հեռու ապագայում գործնականում տնօրինել այդ բնական հարստությունները, ապա հանրապետության տնտեսական ներուժը պատկառելի հնարավորություններ կընձեռի ինչպես սոցիալ-տնտեսական, այնպես էլ ռազմաքաղաքական բնագավառներում:

Օգտակար հանածոներով հարուստ հանքավայրերը ենթադրում են դրանց արդյունահանման ու վերամշակման ձեռնարկությունների կառուցում, որը երիտասարդ ԼՂՀ-ի վտիտ ուսերի համար, անշուշտ, ծանր բեռ է: Առավել հավանական ուղին դրսից կատարված ներդրումներն են: Իսկ ներդնողի համար ԼՂՀ-ի հարկային դաշտը, ներդրումային պայմաններն իրոք գրավիչ են: Այս մասին քանիցս հրապարակավ արտահայտվել են հենց իրենքՙ ներդնողները, որոնց ձեռնարկատիրական գործունեությունն Արցախում արդեն այսօր շահույթ է ապահովում: Սխալված չենք լինի, եթե ասենք, որ Արցախը ոչ թե բարձր ռիսկի գոտի է, ինչպես դրսում ոմանք են ենթադրում, այլՙ բնական հարստությունների եդեմ:

ԿԻՄ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ, Ստեփանակերտ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4