Բայց չեն էլ հանդուրժում Եվրամիությանը նրա անդամակցությունը
Այն օրերին, երբ Թուրքիայի նախագահ Ահմեդ Նեջդեթ Սեզերը պաշտոնական հանդիպումներ էր ունենում Դուշանբեում եւ Թբիլիսիում, արտգործնախարար Իսմայիլ Ջեմը այցելեց Աթենք: Եթե Սեզերն իր շրջագայության ընթացքում քննարկում էր Աֆղանստանի հետագա ճակատագրին առնչվող խնդիրներ եւ որոնում նախագահ Էդուարդ Շեւարդնաձեին Թուրքիայի քաղաքական աջակցության ուղիները, Ջեմն Աթենքում Գեորգիոս Պապանդրեուի հետ ապարդյուն փորձեր էր կատարում հաղթահարելու կիպրական հիմնախնդրի կարգավորմանն առնչվող հակասությունները:
Կիպրոսի հիմնահարցը թուրք-հունական երկկողմ հարաբերությունների լիակատար բարելավման թերեւս գլխավոր խոչընդոտն է: Քանի որ Եվրախորհրդարանը, մերժելով Հայոց ցեղասպանության ճանաչումը Թուրքիայինՙ որպես Եվրամիությանն անդամակցության նախապայման առաջադրելու դրույթը, վերջինից պահանջում է Կիպրոսի հարցում բարելավել իր դիրքորոշումը, ուստի հարցը միանգամայն դառնում է ԵՄ-Թուրքիա հարաբերությունների խոչընդոտը: Ավելին, Թուրքիան դուրս է մղվել ԵՄ-ի անդամակցությանը թեկնածու երկրների ցուցակից, իսկ Կիպրոսի Հանրապետությունը ոչ միայն ցուցակում է, այլեւ նրա անդամակցության հարցը շարունակվում է ակտիվորեն արծարծվել Եվրախորհրդարանում:
Հույները կիպրական հարցի լուծումը պայմանավորում են ԵՄ-ին Կիպրոսի Հանրապետության անդամակցությամբ եւ դա համարում են այդ փոքրիկ պետության միասնականության եւ տարածքային ամբողջականության վերականգնման ամենաարդյունավետ միջոցը: Թուրքերը դրան հակադրում են կղզու տարածքում երկու առանձին պետության գոյության մասին իրենց տեսակետները եւ պահանջում, որ հունական հատվածի անդամակցության դեպքում պետք է ԵՄ-ին անդամակցի նաեւ այսպես կոչված Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետությունը: Այլ կերպ, Թուրքիան չի ճանաչում առանձին Կիպրոսի Հանրապետության գոյությունը, նույնացնելով դա «հունական հատվածի» հետ, իսկ Հունաստանը որպես այդպիսին, մերժում է «Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետությանը»: Մերժման հարցում Հունաստանին են միանում եվրոպական երկրները: Այսպիսով, կիպրական հիմնախնդիրը կանխարգելիչ գործոնի նշանակություն է ձեռք բերում ինչպես թուրք-հունական, այնպես էլ ԵՄ-Թուրքիա հարաբերություններում:
ԵՄ-ին Կիպրոսի Հանրապետության անդամակցությունը որքանո՞վ կնպաստի նրա միասնականության ու տարածքային ամբողջականության վերականգնմանը, դժվար է ասել: Ակնհայտ են սակայն թուրքերի սպառնալիքները, թե ԵՄ-ին Կիպրոսի անդամակցության դեպքում Թուրքիան իրեն կկցի «Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետությունը»:
Այս ամենի առումով պատահական չէին Աթենքում Թուրքիայի արտգործնախարար Ջեմի հետեւյալ խոսքերը. «Կիպրոսում իրատեսական լուծումը կոնֆեդերացիայի ստեղծումն է: Կիպրոսի Հանրապետության անդամակցությունը ԵՄ-ին մեծ խնդիրներ առաջ կբերի»: Չի կարելի պատահական համարել հույն լրագրողների «Թուրքիան Կիպրոսի պատճառով կարո՞ղ է Եվրամիությունից հրաժարվել» հարցը, Ջեմի պատասխաննՙ առավել եւս: «Մենք ոչ մի գնով չենք հրաժարվի Կիպրոսից»:
Ակամա հարց է ծագում, իսկ ԵՄ-ին անդամակցության համար Կիպրոսի հարցի նկատմամբ իր դիրքորոշումը բարելավելու Թուրքիային առաջադրվող նախապայմա՞նը: Հարցի պատասխանն այսօր Բրյուսելում կտա Եվրահանձնաժողովը հրապարակելով Թուրքիայի առնչությամբ նոր զեկուցագիրը: Նոյեմբերի 9-ին թուրքական պետհեռուստատեսությունն անդրադառնալով Իսմայիլ Ջեմի Հունաստան կատարած այցին, անդրադարձավ նաեւ զեկուցագրին: Ի դեպ, նշենք, որ պետհեռուստատեսությանը նախապես հաջողվել էր ձեռք բերել զեկուցագրի տեքստը, որտեղ թուրքական իշխանություններից պահանջվում է երկրում իսպառ վերացնել մահապատիժը, բարելավել բանտարկյալների վիճակն ու մարդու իրավունքները, վերջ դնել խոշտանգումներին եւ ձեւափոխել քաղաքական կուսակցությունների գործունեության մասին օրենքը:
Զեկուցագիրը միաժամանակ գոհունակությամբ էր արձանագրում Թուրքիայում սահմանադրական բարեփոխումների շրջանակներում երկրի սահմանադրության 33 հոդվածների վերանայումն ու Ազգային անվտանգության խորհրդի կազմում քաղաքացիական իշխանությունների ավելի մեծ թվով ներկայացուցիչների ընդգրկումը: Ինչ վերաբերում է զեկուցագրի Կիպրոսին առնչվող հատվածներին, ապա դրանցում, ըստ նույն աղբյուրի, նշվում է, որ խնդրի քաղաքական կարգավորումը փակուղի է մտել, ուստի Թուրքիայից պահանջվում է աջակցել այդ ուղղությամբ ՄԱԿ-ի գործադրած ջանքերին:
Հատկանշական է, որ այդ նույն հանձնաժողովը միեւնույն զեկուցագրով մինչեւ 2002 թ. վերջերը բացառում է Թուրքիայի ընդգրկումը ԵՄ-ին անդամակցության երկրների ցուցակում: Ակնհայտ է, որ բացառման պայմաններում Թուրքիան որեւէ պահանջ չի կատարի, չունենալով կատարման համար որեւէ պատճառ: Ուրեմն, Եվրահանձնաժողովի համար կարեւորը կիպրական հարցի լուծումը չէ, այլ դրա որպես ազդեցության լծակՙ ընդդեմ Թուրքիայի օգտագործումը: Ինչ վերաբերում է ԵՄ-ին վերջինիս անդամակցությանը, ապա մի առիթով գրել էինք. «Եվրոպական երկրները չեն թողնի, որ Թուրքիան Եվրոպայից օտարվի, ոչ էլ կհանդուրժեն նրա անդամակցությունը»:
ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ