«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#206, 2001-11-10 | #207, 2001-11-13 | #208, 2001-11-14


ԲՈՒՇԻ ԵՎ ՊՈՒՏԻՆԻ ՊԱՏՄԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ

Լույս երեքշաբթի գիշերը Վաշինգտոն ժամանեց Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը տիկնոջՙ Լյուդմիլա Պուտինայի հետ: Աշխարհի ԶԼՄ-ները լայնորեն անդրադառնում են այդ իրադարձությանը, ընդգծելով, որ ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի նախագահներն առաջին անգամ են հանդիպում ամերիկյան հողում, թեեւ շփվելու առիթներ արդեն ունեցել են Լյուբլյանայում, Ջենովայում եւ Շանհայում:

Ներկա հանդիպումը պատմական է համարվում, քանի որ մինչեւ հինգշաբթի երկու մեծ տերությունների ղեկավարները քննարկելու են մարդկությանը հուզող կարեւորագույն հարցերՙ նոր մակարդակի հասցնելով ռուս-ամերիկյան հարաբերությունները: Մասնավորապես նախատեսվում է վերջնականորեն ձերբազատվել սառը պատերազմի մնացուկներից, առարկայական խոսակցություն ծավալել հակահրթիռային պաշտպանության եւ զինաթափման, հակաահաբեկչական համատեղ պայքարի շուրջ: Ռազմավարական սպառազինությունների սահմանափակման 1972 թ. պայմանագիրն իր ներկա տեսքով արգելում է ամերիկյան հակահրթիռային վահանի ստեղծումը: Ամերիկացիներն այսօր հնացած են համարում պայմանագիրը, մինչդեռ ռուսների կարծիքով դա ռազմավարական կայունության անկյունաքարն է:

Ինչ վերաբերում է հակաահաբեկչական պայքարին, ՌԴ նախագահի կարծիքով, միջազգային ահաբեկչությունը «սպառնում է ռազմավարական կայունության ողջ համակարգին»: Տվյալ պայքարում Պուտինն արդեն իսկ անգնահատելի օգնություն ցույց տվեց ԱՄՆ-ինՙ միջինասիական հանրապետությունների ղեկավարներին հորդորելով հենակետեր տրամադրել ամերիկացիներին:

Վաշինգտոնում երեկ առավոտյան, ժամը 10-ին սկսվեցին Բուշի եւ Պուտինի բանակցությունները: Չորեքշաբթի եւ հինգշաբթի օրերը Պուտինը եւ իր տիկինը կանցկացնեն Տեխասումՙ նախագահ Բուշի Քրոուֆորդ ագարակում: Նոյեմբերի 15-ի երեկոյան Նյու Յորքում կործանված երկնաքերների փլատակները դիտելուց հետո ՌԴ նախագահը տիկնոջ հետ կվերադառնա հայրենիք:

Պ. Ք.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4