«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#206, 2001-11-10 | #207, 2001-11-13 | #208, 2001-11-14


ԻՆՉՈ՞Ւ ԵՆ ՄԵՐ ՕՐԵՆՍԴԻՐՆԵՐԸ ԱԿԱՆԱՊԱՏՈՒՄ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԴԱՇՏԸ

Անցյալ շաբաթ Ազգային ժողովը մեզ «երջանկացրեց»ՙ առաջին ընթերցմամբ ընդունելով «Քաղաքական կուսակցությունների մասին» օրինագիծը: Բավական հաստափոր այդ փաստաթուղթը խորհրդարանական թեժ քննարկումների տեղիք տվեց, սկսած... վերնագրից. մատնանշվում էր, թե «քաղաքական կուսակցություններ» բառակապակցությունը անհեթեթություն է, քանզի հայերենի լեզվամտածողության համար «կուսակցություն» բառն ինքնին քաղաքական ենթատեքստ ունի, մեզանում «ոչ-քաղաքական կուսակցություններ» հասկացություն չկա: Օրինագիծը երկար ժամանակ նախապատրաստվում էր, ԱԺ պետաիրավական մշտական հանձնաժողովը (Վիկտոր Դալլաքյան) այն բազմացնելովՙ ուղարկել էր նույնիսկ արտախորհրդարանական կուսակցություններին, նկատի առնելով, որ հարցը վերաբերում է հայաստանյան քաղաքական դաշտի ձեւավորման համար բացառիկ կարեւոր խնդրի: Ավաղ, հանձնաժողովի բարյացակամությունն այդքանով էլ սպառվել էր, այլապես օրինագիծն իր նախնական (եւ անվերապահորեն մերժելի) տեսքով էլ չէր ներկայացվի երկրի բարձրագույն օրենսդիր մարմնի քննարկմանը: Ներկայացվե՚ց: Առանց շտկումների, առանց դիտողությունները հաշվի առնելու: Ինչո՞ւ: Որովհետեւ այս օրենքը գրվել է միայն մի թաքուն դիտավորությամբՙ այնպես անել, որ խորհրդարանը «սեփականաշնորհվի» այժմ այնտեղ ներկայացված 8 կուսակցությունների միջեւ, ապահովելով նրանց ինքնավերարտադրությունը գալիք բոլոր ընտրություններում եւ բացառելով որեւէ այլ ուժի հնարավոր ներթափանցումը օրենսդիր մարմին:

Իհարկե, օրինագծի հեղինակներն օրինագծի մեջ մտցված բազմաթիվ դրակոնյան հոդվածները (որոնցից մի քանիսին դեռ կանդրադառնանք) ամենեւին այդպես չեն բացատրում: Քողարկվում են շատ ավելի բարեհունչ կարգախոսներովՙ իբր այդ կերպ ձգտում են հասնել Հայաստանում այժմ գործող «չափից ավելի շատՙ 100-ից ավելի» կուսակցությունների թվի նվազեցմանը, նրանց հարկադրել միավորվելու, խոշորանալու, իրենց բառովՙ «կայանալու» եւ այլն, եւ այլն:

Փարիսեցիությո՚ւն է:

Նախ, Հայաստանում այժմ «100-ից ավելի» կուսակցություն չկա, խորհրդարանական ամբիոնից դա ընդգծում էր նաեւ ԱԺ փոխխոսնակ Տիգրան Թորոսյանը: Արդարադատության նախարարությունում 2001 թվ. հունվարի 1-ին վերագրանցվել է ընդամենը 44 կուսակցություն, այսինքն մյուս 66-ը, եթե նույնիսկ կային, չվերագրանցվելովՙ դադարեցրել են իրենց գործունեությունը: Եղած 44-ից նախորդ խորհրդարանական ընտրություններին մասնակցելու իրավունք են ստացել 21-ը, այսինքն միայն այդքանն են կարողացել «Ընտրությունների մասին» օրենքի պահանջներին համապատասխան հավաքել եւ Կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացնել 30 հազար (եւ ավելի) քաղաքացիների ստորագրություն: Վերջապես, ընտրություններին մասնակցած 21 կուսակցություններից 8-ն են հավաքել օրենքով պահանջվող 5 եւ ավելի տոկոս ձայներՙ հաղթահարելով խորհրդարան թափանցելու այդ արհեստական արգելապատնեշը (արհեստական, որովհետեւ ինչո՞ւ 5 եւ ոչ 8 կամ 4, 3, 15 տոկոս, բայց դա այլ խոսակցության նյութ է): Այնպես որՙ այսօրվա Հայաստանում առավելագույնը 15-20 քիչ թե շատ գործող կուսակցություն կա, ո՚չ ավելի: Այդ դեպքում ինչո՞ւ է հրապարակ նետվել եւ ի՞նչ նպատակով է անվերջ շահարկվում «100-ից ավելի կուսակցությունների» մասին առասպելը: Շատ պարզ պատճառովՙ ներկայիս կառավարող կուսակցությունների ապաշնորհության մեղքը արտախորհրդարանական ուժերի վրա բարդելու համար: Իբրՙ «խանգարում» են... ազգի ուժերը համախմբելուն, ընտրությունների ժամանակ ընտրազանգվածի «հեշտ կողմնորոշվելուն»: Ինչպիսի՜ «հոգատարություն» ազգի եւ ընտրազանգվածի նկատմամբ: Կոմունիստներն այս առումով բացառիկ «հոգատար» չէի՞ն, ընտրողների «հեշտ կողմնորոշվելու» համար թողել էին... միայն մեկ կուսակցությունՙ իրենք իրենց: Այնուհետեւ: Ասենք թե իրոք մեզանում կան ոչ թե 15-20, այլ 150-200 կուսակցություն: Ինչո՞վ են նրանք «խանգարում» կառավարող կուսակցությանըՙ առավել լավ կառավարելու մեզ, քան կառավարում է: Ինչո՞վ են «խանգարում» խորհրդարանական կուսակցություններին (որոնցից մի քանիսը պորտֆելներ եւ այլ լծակներ ունեն նաեւ գործադիր իշխանության մեջ), որ ավելի խելացի օրենքներ գրեն, քան... գրում են: Ահավասիկՙ խնդրո առարկա «Քաղաքական կուսակցությունների մասին» օրենքը: Դրա հոդվածներից մեկով նախատեսվում է... կուսակցության անդամների նվազագույն թվաքանակՙ 1500, 3000 կամ 5000 հոգի: Եթե այդ թվաքանակից պակաս է, արդարադատության նախարարությանը իրավունք է վերապահվում տվյալ կուսակցությանը տալ «հասարակական կազմակերպության» կարգավիճակ: Նույն պահանջն է դրվում, եթե կուսակցությունը մարզերի առնվազն երկու երրորդում կառույցներ չունի: Այս պահանջը ինքնըստինքյան ենթադրում է, որ կուսակցությունը, այդպիսին կոչվելու համար, պետք է արդարադատության նախարարությանը ներկայացնի իր անդամների ցուցակըՙ բնակության վայրի եւ անձնագրի համարի նշումով: Ո՞ւր է երաշխիքը, որ դա հնարավորություն չի տա գործող իշխանություններին (այսօրվա կամ վաղվա) հարկը պահանջածին հալածանքներ սկսելու անհաճո կուսակցությունների դեմՙ հանրապետության ողջ տարածքով: Ի դեպ, պատմության մեջ ընդդիմադիր կուսակցության (կոմունիստների) ցուցակը պահանջելու նախադեպը կա: Այդ քայլին դիմել է Բենիտո Մուսոլինին ֆաշիստական Իտալիայում:

Օրենքը արդարադատության նախարարությանը այլ հնարավորություններ էլ է տալիս կուսակցությունները «լուծարելու» եւ նրանց իբրեւ «հասարակական կազմակերպություն» վերագրանցելու: Օրինակ, այն դեպքում, երբ կուսակցությունը չի մասնակցում տեղական ինքնակառավարման մարմինների եւ խորհրդարանական հերթական ընտրություններին, իսկ մասնակցելու դեպքում էլ հավաքում է 2 տոկոսից պակաս ձայներ: Թե մեկ, թե՚ մյուս սահմանափակումը հակասահմանադրական եւ հակաժողովրդավարական է: Նախ, որովհետեւ գործող սահմանադրության մեջ այդպիսի բան չկա, երկրորդՙ սրանով վերացվում է ընտրությունները բոյկոտելու իրավունքը, ինչը նույնպես քաղաքական վերաբերմունքի արտահայտություն է, երրորդՙ մեզանում այդ ե՞րբ են ընտրությունների արդյունքները այնքան ճշգրտորեն ու ազնիվ հաշվարկվել, որ կասկած չառաջանա, թե որեւէ անհաճո կուսակցության հավաքած 2 տոկոս ձայները ընդամենը 0,1 տոկոսով չեն իջեցվի, եւ չորրորդՙ 1,9 տոկոս ձայները, անգամ 1 միլիոն ընտրողների պարագայում, 19 հազար համակիր են նշանակում: Տվյալ 19 հազար մարդու համար այդ կուսակցությունը քաղաքական արժեք է ներկայացնում, ո՞վ է իրավունք տվել... առ ոչինչ համարելու 19 հազար համակիրներին, եթե ընդամենը 1500 անդամ ունեցողներին կուսակցություն ենք համարում: Եվ ապաՙ ո՞վ է արդարադատության նախարարությունը, որ իրավունք ունենա... կուսակցություն լուծարել: Եթե մեր երկիրը ժողովրդավարական է եւ այդպիսին պիտի մնա, ապա կուսակցությունը կարող է լուծարվել բացառապես դատարանի որոշմամբՙ սահմանադրությունը խախտելու դեպքում, կամ սեփական ցանկությամբ:

Լրագրական հոդվածի սահմանները թույլ չեն տալիս ավելի մանրամասն անդրադառնալ օրենսդիր մարմնի կողմից երկրի քաղաքական դաշտում առատորեն «ցանվող» այլ ականների եւս: Բայց դրանք ընդունակ են ահավոր ավերներ գործելու, եթե այսօր ամենավճռական կերպով չծառանանք Հայաստանի քաղաքացիների քաղաքական ազատությունները ոտնահարելուն միտված այս օրապակաս օրինագծի դեմ եւ չպահանջենք մինչեւ երկրորդ ընթերցում իսպառ վերացնելու նրա մի ամբողջ շարք չափազանց վտանգավոր հոդվածները:

ՌԱՖԻԿ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4