Հայերի մուտքը Երուսաղեմ հիշատակվում է դեռեւս քրիստոնեության տարածման առաջին շրջանում, մասնավորապես IV դ., թեպետ մինչ այդ էլ, մանավանդ Տիգրան Մեծի օրոք, Հայաստանն ու հայերը կապեր են ունեցել Պաղեստինի հետ: Հայ աշխարհիկ համայնքը Երուսաղեմում առաջացել է VII դ., երբ հաստատվել է Երուսաղեմի հայոց պատրիարքությունը: Համայնքը կազմված էր հիմնականում վաճառականներից եւ արհեստավորներից, որոնք բնակվել են Սիոն թաղամասում, Հայկական կոչված փողոցում (Ruda Armeniorum) եւ խոսել են մի յուրահատուկ բարբառով, որն անվանվել է «Քաղաքացիներու բարբառ»:
Հայոց ցեղասպանությունից հետո, երբ հազարավոր գաղթականներ եկան Սուրբ երկիր, հիմնվեց Սրբոց Թարգմանչաց դպրոցը, արեւմտահայ գրական լեզուն դարձավ նոր սերնդի խոսակցական լեզուն, իսկ քաղաքացիների բարբառի դերը նվազեցՙ դառնալով սակավաթիվ հայերի խոսակցական լեզու: Այս բարբառը պահպանելու ծրագիրը 1999 թ. առաջարկվեց Իսրայելի գիտությունների ակադեմիայի նախագահ պրոֆ. Ե. Զիվիի, հայ ազգային գիտության բաժնի փոխնախագահ պրոֆ. Գ. Բրուտյանի եւ Երուսաղեմի հրեական համալսարանի հայագիտության բաժնի պրոֆ. Մ. Սթոնի կողմից: «Քաղաքացի» ծրագրի առաջին ուսումնասիրությունը կատարել է հայկական բարբառների մասնագետ դոկտոր Պ. Վոքսը, որի կազմած տեղեկագիրը զետեղվել է «Հայերը Երուսաղեմի եւ Սուրբ երկրի մեջ» գրքում, սակայն շուտով լույս կտեսնի նաեւ առանձին գրքույկով: Այս ծրագրի իրագործման քաջալերողներից է նաեւ Երուսաղեմի հայոց պատրիարք, ամենապատիվ Տ. Թորգոմ արք. Մանուկյանը, որն այս ամառ հյուրընկալեց հայագետ դոկտոր Թեո Մ. Վան Լենթին: Վերջինս հանդիպեց «քաղաքացիների» բարբառով խոսող մի քանի հայերի հետ եւ ձայնագրեց նրանց խոսքը:
Թեպետ ուսումնասիրությունները դեռեւս ավարտված չեն, կատարված աշխատանքները կոչված են պահպանելու մի բարբառ, որը մինչ այժմ չի արժանացել գիտական ուսումնասիրության:
ՌՈՒԶԱՆ ՊՈՂՈՍՅԱՆ