«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#209, 2001-11-15 | #210, 2001-11-16 | #211, 2001-11-17


ՁԿՆԵՐԻ ԹՈՒՆԱՎՈՐՈՒՄԸ ՈՐՈՇ ՈՒԺԵՐ ՓՈՐՁՈՒՄ ԵՆ ՇԱՀԱՐԿՄԱՆ ԱՌԻԹ ԴԱՐՁՆԵԼ

Լոռու մարզպետարանում տեղի ունեցավ մարզի ավագների խորհրդի հերթական նիստը, որը նվիրված էր Դեբեդ գետում ձկների թունավորումից հետո Վանաձորի քիմգործարանի շուրջ ստեղծված լարվածությանը: «Հասկանում ենք, որ էկոլոգիայի մասին պետք է մտածել, ասաց խորհրդի նախագահ Հայկ Օհանյանը, սակայն միաժամանակ պետք է հստակ պատկերացնելՙ 13 տարի հետո վերագործարկված գործարանը կարող է նաեւ արտանետումներ ունենալ: Խնդիրն այն է, որ միջոցներ ձեռնարկվեն վնասները կանխելու համար, եւ կարողանանք խուսափել անհարկի շահարկումներից»:

«Բոլոր փաստաթղթերով թույլտվություն կա, որ գործարկման ժամանակ կարելի է արտանետում կատարել: Բայց հաշվի առնելով էկոլոգիական եւ այլ խնդիրներ, գործարանը քայլ առ քայլ է կատարում այդ գործընթացը. Այո, դժբախտաբար, հոկտեմբերի 31-ին թույլատրելի նորմայից ավելի արտանետում է եղել: Բայց այստեղ մի խնդիր կա, որը լուծման կարիք ունի. 2000 թ. սեպտեմբերի 28-ին նույն գետում ձկների զանգվածային ոչնչացում նկատվեց: Երեւույթը կրկնվեց նաեւ 2001 թ. փետրվարի 2-ին: Նախորդ երկու դեպքերում գործարանը չէր աշխատում, արտադրություն չկար: Պատճառը նենգամիտ ձկնագողությո՞ւնն է, թե՞ այլ բան. Այս փաստերը հուշում են, որ կողքից այլ «օգնող» էլ կա», ասաց մարզպետ Հ. Քոչինյանը:

Մարզպետը հավաստիացրեց, որ ե՚ւ գործարանի ղեկավարությունը, ե՚ւ բնապահպանության նախարարությունը, ե՚ւ մարզպետարանը փորձում են ամեն կերպ լուծել էկոլոգիական խնդիրները. ստեղծվել է հատուկ հանձնաժողով, որն արտադրական պրոցեսը մշտապես պահելու է հսկողության տակ: Համապատասխան ուսումնասիրություններ, չափումներ են կատարվում: Միաժամանակ նա տեղեկացրեց, որ աշխատանքներ են տարվում վերականգնելու պարարտանյութերի արտադրությունը, որը կներառի ամոնիակի ավելորդ քանակությունը: Պահանջվում է 5-6 մլն դոլարի ներդրում: Տարեկան կթողարկվեն 50 հազար տոննա ազոտական պարարտանյութ եւ 20 հազար տոննա սելիտրաՙ այլ նպատակների համար: Այսօր Հայաստանը Վրաստանից ներկրում է շուրջ 45 հազար տոննա ազոտական պարարտանյութ, որի կարիքն այլեւս չի լինի:

«Այս պայմաններում թշնամական վերաբերմունքը գործարանի նկատմամբ ուղղակի անթույլատրելի է: Ինձ լուրեր են հասնում, որ այն մարդիկ, ովքեր 88 թ. ձեռքերը շփում էին, թե գործարան են փակել, հիմա նորից սկսել են շփել ձեռքերը: Գործարանները փակելը չէ՞ր պատճառը, որ շատերը բռնեցին արտագաղթի ճանապարհը: Հավաստիացնում եմՙ մարդկանց, շրջապատի համար մեծ վտանգ ներկայացնող արտադրություններ չեն լինելու: Այսօր մարդիկ աշխատանքի կարիք ունեն: Եկեք օգնենք, ո՚չ թե խանգարենք: Հասցված վնասի չափը (2 մլն դրամ) գործարանը պատրաստ է հատուցելու, ասաց Հ. Քոչինյանը: Որոշ ուժերի ուղղակի ձեռնտու չէ, որ տնտեսությունը, թեկուզ չնչին քայլերով, առաջ է գնում»:

Միասնական կարծիք հայտնվեց, որ փաստն անհարկի շահարկողներին պետք է նաեւ հակահարված տալ:

ՄԱՆՎԵԼ ՄԻԿՈՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4