Հավաստիացնում է ընկերության տեխնիկական գլխավոր տնօրենը
«Արմենտելի» տեխնիկական գլխավոր տնօրեն Անդրեաս Վորվոլակոսի հետ մեր հարցազրույցը վերաբերում էր բացառապես հեռահաղորդակցության ոլորտում արված ընկերության տեխնոլոգիական ներդրումներին, առաջիկայում իրականացվելիք ծրագրերին: Ըստ նախնական պայմանավորվածության, մենք շրջանցեցինք րոպեավճարը եւ կառավարության հետ վարվելիք բանակցություններին առնչվող վիճահարույց հարցերը, քանզի պրն Վորվոլակոսը նշեց, որ իրավասու է պատասխանելու միայն իր պատասխանատվության ենթակա ոլորտի հարցերին:
- Հայաստանում շատերը վստահ չեն, որ ներդրվող թվային կայանների սարքավորումները նոր են: Ավելին, մամուլում հրապարակումներ եղան, որտեղ օտարերկրյա դիվանագիտական ներկայացուցիչների աշխատակիցները նշեցին, որ այդ սարքավորումները պատկանում են հին սերնդին:
- Այդ սարքավորումները նույնն են, ինչ ունենք Հունաստանում: Ես կարող եմ ասել, որ ծրագրային ապահովումն ավելի նոր է: Հիմա Հայաստանում ներդրված «Սիմենսի» կայաններն աշխատում են թիվ 12 ծրագրային ապահովումով, իսկ Հունաստանումՙ թիվ 11: Հունաստանում նոր են սկսել անցնել թիվ 12-ի: Նույնն է նաեւ Հայաստանում ներդրված «Էրիկսոն» կայանի դեպքում: Այնպես որ մտահոգվելու կարիք չկա: Մենք ունենք պայմանագրեր, համաձայն որոնց ստանում ենք նոր սարքավորումներ մեր մատակարարներից:
- Բացի «Սիմենսից» եւ «Էրիկսոնից», ուրիշ մատակարարնե՞ր էլ ունեք:
- Երկու կայաններ ունենք «Ալկատելի» սարքավորումներովՙ Գյումրիում եւ Ստեփանավանում: Շատ այլ ընկերությունների հետ համագործակցում ենք կաբելների, շենքերի կառուցման եւ այլ հարցերում:
- Վերադառնանք թվայնացմանը: Ե՞րբ կավարտվի այդ գործընթացը: Այժմ մեր կայանների ո՞ր մասն է թվային:
- Դա երկար գործընթաց է եւ լուրջ աշխատանք է պահանջում, քանզի 1997 թ.-ին մենք ստացանք, մեղմ ասած, վատ վիճակում գտնվող ցանց: Մենք փոխում ենք ցանցի հիմնական մասը, ինչի պատճառով բողոքներ ենք ստանում քաղաքային իշխանություններից, քանի որ անընդհատ փորում ենք: Ներկայումս Երեւանում արդեն տեղադրված են թվային կայաններ, դրանք կազմում են ամբողջի մոտ 69 տոկոսը: Այս օրերին 2-ով սկսվող կայանները (բացի 25-ից) փոխվում են թվայինով: 5-ով սկսվողները, 4-ով սկսվողներըՙ բացի 47-ից եւ 48-ից, 3-ովՙ 36-ը, 39-ը, 7-ով սկսվողներիցՙ 72-ը, 73-ը, 74-ը թվային են կամ այս տարի կթվայնացվեն: Եկող տարի կթվայնացվեն 6-ով սկսվողները:
- Գաղտնիք չէ, որ բազմաթիվ դժգոհություններ կան հեռախոսակապի որակից:
- Նոր, թվային կայաններում որակը բարձր է: Հեռախոսահամարի դեռ վերջին թիվը չհավաքած, արդեն զանգը հասնում է:
- Մարզերում թվայնացում նախատեսվա՞ծ է:
- Վանաձորում արդեն տեղադրել ենք երկու թվային կայաններ: Կարծում եմ, որ երկու ամսում, եթե խիստ ձմեռ չլինի, աշխատանքներն այստեղ կավարտենք:
- Համաձայն պայմանագրի, «Արմենտելը» պետք է հեռախոսակապ անցկացներ մոտ 800 գյուղերում: Ի՞նչ ընթացքում է այս ծրագիրը:
- Մենք սկսեցինք եւ վերջացրինք Սպիտակի եւ Եղեգնաձորի շրջակայքի գյուղերի հեռախոսակապի անցկացումը: Անցյալ շաբաթ արդեն ընդունել ենք կապալառուի աշխատանքը: Այդ գյուղերը (թվով 32) կմիանան Եղեգնաձորում եւ Սպիտակում տեղակայված թվային կայաններին:
- Իսկ ե՞րբ կավարտվի բոլոր վերոնշյալ գյուղերի հեռախոսաֆիկացումը:
- Տեխնիկապես, լիցենզիայով նախատեսված ժամկետում դա հնարավոր է: Մինչեւ այսօր 250 գյուղ ապահովել ենք հեռախոսակապով:
- Անդրադառնանք բջջային կապին: Ովքեր օգտվել են կապի այդ տեսակից Հայաստանում, կհաստատեն, որ որակը, մեղմ ասած, այնքան էլ լավ չէ: Ի՞նչն է պատճառը եւ ի՞նչ է արվում բարելավելու համար:
- Երեւանի կենտրոնը տուժում է, քանի որ շատ օգտագործողներ տեղակայված են փոքր տարածքում, որտեղ քիչ կայաններ կան: Ես դա գիտեմ: Հիմա փորձում ենք ընդլայնել հնարավորությունները: Կենտրոնում երկու բազային կայաններ պետք է տեղադրվեն, որոնք հնարավորությունները կրկնակի կավելացնեն: Այս աշխատանքը կավարտենք դեկտեմբերի կեսին: Սա առաջին քայլն է լինելու, սակայն միաժամանակ սարքավորումներ են պատվիրվել Երեւան քաղաքի բոլոր բջջային կայանների թիվն ավելացնելու համար: Ամբողջ Երեւանի համար բջջային կապի հնարավորությունները կավելանան 40 տոկոսով: Մասնավորապես ձայնի կտրվելը խոսակցության ընթացքում, որն անվանվում է պասիվ ձայն, պատճառ է այլ ռադիոմոդեմների ազդեցության: Սա պետք է կարգավորել:
- Որքա՞ն է բաժանորդների ընդհանուր թիվը եւ ի՞նչ է նախատեսվում մարզերում բջջային կապի տարածման համար:
- Այժմ ունենք մոտ 25 հազար բաժանորդ: Մինչեւ դեկտեմբերի 20-ը, նոր կայանների տեղադրմամբ, կստեղծվեն հնարավորություններ 50 հազ. բաժանորդների, իսկ մինչեւ փետրվար-մարտՙ 100 հազարի համար: Մենք չգիտենք, թե ինչքան բաժանորդ կունենանք, բայց հնարավորությունները կլինեն 100 հազարի: Ինչ վերաբերում է մարզերին, մինչեւ սեպտեմբեր նախատեսված է կայաններ տեղակայել մինչեւ Մեղրիՙ Քաջարանում, Կապանում, Սիսիանում, Վայքում եւ այլն: Այնուհետեւՙ մինչեւ Գավառ եւ Վարդենիս, ապա Սեւան, Դիլիջան, Վանաձոր, Գյումրի: Հաջորդ ուղղությունները կլինեն Վանաձորից Ստեփանավան-Տաշիր եւ Վանաձորից Ալավերդիՙ մինչեւ Վրաստանի սահման: Մինչեւ 2002 թ. ամառվա վերջը սա նախատեսում ենք ավարտել:
- «Արմենտելն» ի՞նչ նոր ծառայություններ կարող է առաջարկել մոտ ապագայում:
- Ռոումինգ ծառայությունը գործում է: Երբ մեկնում են այլ երկիր, բայց կարող են այստեղից զանգ ստանալ բջջային հեռախոսի վրա:
Փրիփեյդ համակարգը կսկսի գործել տարեվերջից: Երբ գնելով քարտը, գնում ես նաեւ խոսելաժամը: Այլեւս չկա հաշիվ, պայմանագիր եւ այլն: ISDN-ը տեխնոլոգիայի մի ձեւ է, որտեղ կայանից դեպի բաժանորդ գիծը թվային է: Սրա ամենամեծ առավելությունը կլինի շատ արագ կապըՙ 128 կբիթ/վրկ: Անալոգային գծով ամենաբարձրը 56 կբիթ/վրկ է: Այսինքն ավելի քան 2 անգամ արագ: Սրա մյուս առավելությունն այնպիսի ծրագրավորումն է, որ հնարավոր կլինի ինտերնետ կապից օգտվել եւ խոսել հեռախոսով միաժամանակ: Մի՞թե այս բոլորը հնարավոր կլիներ կատարել հին սերնդի սարքավորումներով:
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ