«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#210, 2001-11-16 | #211, 2001-11-17 | #213, 2001-11-21


ՈՐ Ի՞ՆՉ...

Րոպեավճարի շուրջ բարձրացած աղմուկն, ինչպես եւ սովորաբար լինում է, վնաս տվեց նախ եւ առաջ «սովորական» քաղաքացիների նյարդերին: Բարեբախտաբար, առայժմ միայն նյարդերին եւ ո՚չ թե գրպանին, քանի որ վճարել րոպեավճարով սահմանված «կլորիկ» թվերի դիմաց որեւէ մեկը չի պատրաստվում: Իսկ ինչ վերաբերում է նյարդերին, ապա այստեղ արդեն անհերքելի փաստ է, որ մարդիկ, ամիսներ շարունակ հետեւելով «Արմենտել»-կառավարություն քաշքշուկին, մեծ «ցնցումներ» ապրեցին: Մոլորվածության ծայրագույն վիճակում հայտնված ՀՀ քաղաքացիներն ամեն երեկո «կառչում» էին հեռուստատեսության լրատվական թողարկումներից, որպեսզի վերջնականապես պարզենՙ վճարելո՞ւ են հեռախոսից օգտվելու անկրկնելի հաճույքի մեկ րոպեի դիմաց, թե՞ ոչ: Այսինքնՙ սիրտն ուզածի չափով խոսե՞ն, թե՞.

Ի վերջո պարզ դարձավ, որ կառավարությունն այս կապակցությամբ այլ կարծիք է հայտնում, «Արմենտելը»ՙ մեկ ուրիշ: Վերոհիշյալ «հայտնագործության» սփոփանքով էլ մարդիկ ներկայումս ապրում են եւ դեռ կապրեն մինչեւ հունվարի 1-ը, մինչեւ 2002-ի մատուցած նոր (հուսանքՙ ո՚չ չարագուշակ) անակնկալները: Էլի՚ վատ չէ, երբ քեզ մի քիչ «շնչելու» ժամանակ են տալիս: Սակայն անտրամաբանականությունն ու հոգեբանական ճնշումները հասարակության նյարդերի վրա շարունակվում են: Րոպեավճարի թեմայով վարիացիաներիՙ հանրահավաքների, ասուլիսների, ցույցերի, այլազան բողոքների ալիքը ժամանակավորապես լռեց, այն պարզ պատճառով, որ դեպքերի զարգացման ընթացքը տեղափոխվեց. փոստային բաժանմունքներ:

Սկզբում ամեն ինչը կանխատեսելի էր. մարդիկ սովորականի պես այցելում էին փոստային բաժանմունք եւ հեռախոսի ամսական վարձի, միջքաղաքային խոսակցությունների արժեքի ու րոպեավճարի հանրագումար թվին ի տեսՙ ասես մուրճի հարված ստանում գլխներին: Հատուկենտ միամիտներ, հեռախոսն անջատված տեսնելու վախից, վճարում էին, մյուսներըՙ զգուշավորությամբ սպասում: Սակայն ո՚չ վճարելն է ելք, ո՚չ էլՙ չվճարելը: Քանի որ «Արմենտելը» համառորեն իր թվերն է «կրակում»ՙ րոպեավճարի կասեցման վերաբերյալ կառավարության որոշումն անտեսելով եւ միաժամանակ քաջ գիտակցելով, որ որեւէ մեկը չի վճարելու, ՀՀ քաղաքացիներին չի մնում անել ոչինչ, քան ուխտավորների պես խմբվել կենտրոնական փոստումՙ ամեն ամիս հասանելիք վարձը րոպեավճարից առանձնացնելու եւ այդժամ միայն վճարելու նպատակով:

Ո՞ւմ է պետք այս անիմաստ գործողությունը, եւ դրա հետ կապված քաշքշուկը: Այդչափ սկզբունքային «Արմենտելն» իբր ի՞նչ է փորձում ապացուցելՙ որ իր համար միեւնո՞ւյն է կառավարության խոսքն ու բնակչությանՙ վճարել-չվճարելու որոշումը, «ես իմ գործն անում եմ.»: Իսկ բնակչությանՙ առանց այդ էլ հոգսաշատ կյանքին մի ավելորդ գործողություն էլ է գումարվում. կենտրոնական փոստում գոյացած հերթերում կանգնել-սպասել, ժամանակ ու նյարդեր վատնել.

Չես հասկանումՙ ինչո՞ւ, հանուն ինչի՞ եւ մինչեւ ե՞րբ.

Ա. Բ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4