Վերջերս հայկական հեռուստատեսությունը հերթական «հաճելի» անակնկալը մատուցեց հեռուստադիտողին. ամեն երեկո ունկնդրել ու տեսնել, թե ինչպես են, ասենք, ԱԺ պատգամավորները, տարբեր կարգի պաշտոնյաներն ու «հոգեւոր» բնույթ ունեցող այլ անձինք հատվածներ ընթերցում Աստվածաշնչից: Եվ այն էլ ի՜նչ հատվածներ. «... զգուշացեք կեղծ մարգարեներից...», «մի՚ սպանիր, մի՚ գողացիր, մի՚ շնացիր...» եւ այլն: Նման հաղորդաշար ստեղծելու գաղափարը, ինչպես նաեւՙ այդ գաղափարի հեղինակներին, կարելի է որակել երկու կերպՙ հնարամիտ կամ պարզամիտ:
Պարզաբանենք: Եթե հաղորդաշարի հեղինակների մտքով անցել է աստվածաշնչյան խոսքերը հնչեցնել իբր ժողովրդի ձայն հանդիսացող պատգամավորների շուրթերովՙ վերջիններիս վերագրելով այդպիսի արտոնություն, մազաչափ անգամ չվաստակած իրավունքՙ Աստծո խոսքով դիմել ժողովրդին, պատգամել հայտնի պատվիրանները, ապա նրանք պարզունակ գաղափար են հղացել: Պատգամավորները չէ, որ պիտի հնչեցնեն այդ խոսքերը, ով-ով, բայց նրանք հաստատ բարոյական իրավունք չունեն կեղծ մարգարեների մասին թեկուզ կարդալու բարձրաձայն հեռուստալսարանին... Մի պարզ պատճառով գոնե, որովհետեւ մարդիկ նրանց չեն հավատում, որովհետեւ նրանք այդ պատվիրաններից եւ ո՚չ մեկի պահանջներին չեն համապատասխանում: Սակայն վերադառնանք մեր պարզաբանումներինՙ երկրորդ տեսանկյունից:
Հաղորդաշարի հեղինակներն առնվազն հնարամիտ են, եթե այս ամենը նախաձեռնել են մեկ այլ նպատակով, որը բավականին հետաքրքիր ենթատեքստ է պարունակում: Չէ՞ որ մեր պատգամավորների ու պաշտոնյաների կողմից աստվածաշնչյան ճշմարտությունների արտաբերումն ինքնին որպես ծաղր է հնչում, ուրեմն ինչ-որ մեկը, գիտակցաբար կամ անգիտակցաբար, ցանկացել է ծաղրի առարկա՞ դարձնել նրանց... Ի վերջո, հասարակության մի ստվար հատվածը հենց այս կերպ էլ ընկալում է այդ ամենը: Ուրեմն, այս դեպքում, մերՙ հայերիս, փառավոր «սերուցքն» ինչ-որ մեկի հնարամիտ խաղի զոհն է դարձել, երեւի չհասկանալով ինչն-ինչոց է, եւ մեզ մնում է միայն ծափահարել արվեստագիտական առումով այդքան բարձրարժեք, խորիմաստ ու խորհրդանշական գաղափար հղացողին: Սակայն հազիվ թե այսՙ երկրորդ մեկնաբանությունը համապատասխանի իրականությանը: Ցավոք, հիմա հետաքրքրական գաղափարները հազվադեպ երեւույթ են...
Իսկ ինչ վերաբերում է բուն նյութինՙ աստվածաշնչյան ընթերցումներին, ապա, ի սեր Աստծո, ժողովրդին Բարձրյալի խոսքը հեռուստաէկրանից հնչեցնելու պատիվը վերապահեք միմիայն չվարկաբեկվածներին (կամՙ նվազագույնս վարկաբեկվածներին, քանի որ անբիծ հեղինակություններ այլեւս չեն մնացել): Պետք չէ դրսեւորել ո՚չ ծայրահեղ ցինիզմ, ո՚չ էլ ծայրահեղ երկյուղածություն, քանի որ այդօրինակ հաղորդաշարի ի հայտ գալը միայն այս կերպ կարող ենք մեկնաբանել: Պարզապես հարգեք Սուրբ գիրքը: Գոնե ա՚յդ գիրքը մի դարձրեք էժանագին մտահղացումների, քաղաքական գովազդների, ցածրակարգ նկատառումների առարկա...
Ա. Բ.