«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#211, 2001-11-17 | #213, 2001-11-21 | #214, 2001-11-22


ԹՈՒՐՔ ԳԻՏՆԱԿԱՆԸ ՉԻ ԽՈՍՏՈՎԱՆՈՒՄ, ՈՐ «ԱՆԱՏՈԼԻԱՆ ԹՈՒՐՔԵՐԻ ՀԱՅՐԵՆԻՔԸ ՉԷ»

Պարզապես այդ խոստովանությունը վերագրվում է նրան

«Նոյյան տապան» գործակալությունը նոյեմբերի 16-ի թվագրությամբ տարածեց թուրք գիտնական Հալիլ Բերքթայի խոստովանության վերաբերյալ մի հաղորդագրություն: Հայաստանում դրան արձագանքեցին նախ հեռուստակայանները, ապա նաեւՙ մամուլը: Ըստ հաղորդագրությանՙ «Ստամբուլի Սաբանջը համալսարանի դասախոս Հալիլ Բերքթայը Չիկագոյում տեղի ունեցած մի գիտաժողովում հայտարարել է, թե Թուրքիան զավթել է հայ ժողովրդի պատմական հայրենիքը»: Հաղորդագրության մեջ միաժամանակ ընդգծվում է, որ այդ մասին հայտնել է թուրքական «Այդընլըք» հանդեսը:

«Ազգը» մշտապես ուշադրության կենտրոնում է պահել հայ-թուրքական հարաբերությունները: Բերքթային վերագրվող խոստովանությունն անմիջականորեն վերաբերում է ոչ թե այդ հարաբերություններին, այլՙ հայ ժողովրդին թուրքերի հետ հաշտեցնելու ամերիկյան վերջին միտումներին, որոնք զարգանում են Հայաստանի նկատմամբ Թուրքիայի ակնհայտ թշնամական քաղաքականության ֆոնին: Ուրեմն Բերքթայի խոստովանությունն ամենեւին չէր կարող ուշադրությունից վրիպել: Հատկապես այն դեպքում, երբ նախկինում մաոիստ լինելու հանգամանքը չի խանգարում նախկին քաղբանտարկյալ Հալիլ Բերքթային, որպեսզի նա դասավանդի Թուրքիայի ամենաէլիտար համալսարանում, ինչպիսին Սաբանջը համալսարանն է: Հարցը, սակայն, սոսկ դասախոսությունը չէ, այլ ս. թ. մարտի 23-25-ին Գերմանիայի Մյուլհայմ քաղաքում «Հայ-թուրքական երկխոսություն» թեմայով կազմակերպված միջոցառմանը Բերքթայի ելույթը, որտեղ նա «ոչ հերքելու, ոչ էլ ընդունելու» միջոցով ամեն կերպ փորձում էր վիճարկման ենթարկել Հայոց ցեղասպանության փաստը: Այլ կերպՙ Բերքթայը դրանով հիմնավորում էր «պատմությունը պատմաբանների հայեցողությանը թողնելու» Թուրքիայի պաշտոնական թեզը: Ցավոք, իրենց առարկումներով Բերքթային կամա թե ակամա արձագանքում էին միջոցառման մասնակիցներ, ամերիկահպատակ մեր հայրենակիցները, եւ նա հաջողությամբ կատարում էր իր առջեւ դրված քաղաքական առաջադրանքը:

Թուրքիայի պաշտոնական շրջանակների քաղաքական առաջադրանքով մի՞թե կարելի էր խոստովանել, որ թուրքերն Անատոլիան համարում են իրենց պատմական հայրենիքը, մինչդեռ մինչեւ 1915 թ. նրանք այդ հողերին գրեթե անծանոթ էին եւ դրանք հայերից վերջնականապես զավթեցին 1918 թ.-ից հետո: Առավել եւս հայտարարել. «Անատոլիան թուրքական տարածք չէ, այլ զավթվել է 1919-22 թթ. անկախության պատերազմում»:

Այս հարցին նոյեմբերի 9-ի համարում պատասխանում է «Ակօսը», արտատպելով «Այդընլըք» հանդեսի հոդվածըՙ «Ճեղքվածք պատի վրա» վերնագրով: Ինչպես արտատպության մեջ սպիտակի վրա սեւով գրված է, Չիկագոյի գիտաժողովը, որտեղ, ըստ «Նոյյան տապանի», Բերքթայն իբր խոստովանել էր, թե Անատոլիան թուրքերի հայրենիքը չէ, տեղի է ունեցել 2000 թ. մարտի 17-19-ին: «Նոյյան տապանը» այս փաստը շրջանցում է եւ մեկ տարի ութ ամիս առաջ կազմակերպված գիտաժողովին հանկարծ անդրադառնում է 2001 թ. նոյեմբերի 16-ին: Սա չի կարող ինքնանպատակ լինել: Թեեւ գիտաժողովը նվիրված է եղել Հայոց ցեղասպանությանը, բայց անցկացվել է դռնփակ: Գիտաժողովի զեկուցումները ոչ մի տեղ չեն հրապարակվել: Ինքնանպատակ չեն նաեւ այս փաստերը: Եթե մի պահ ընդունենք, որ վերոհիշյալ խոստովանությունը պատկանում է Բերքթային, այլ ոչ թե դա նրան ԱՄՆ-ում գործող Կոմիտասի ինստիտուտի ինտերնետային «Հայկական ֆորում» էջի խմբագիր Վինսենթ Լիման է վերագրում, այնուամենայնիվ չի կարելի համակերպվել գիտաժողովը դռնփակ անցկացնելու փաստի հետ:

Դռնփակության պարագան անհարիր է այս կամ այն ժողովի գիտականության սկզբունքին: Ուրեմն, Չիկագոյում մի քանի թուրք եւ ամերիկացի «գիտնականներ», հանձինս Ռոնալդ Սյունիի եւ Գեւորգ Պարտագճեանիՙ ամերիկահայ գիտնականների հետ Հայոց ցեղասպանության հարցի շուրջ դռնփակ քննարկումներ են ծավալել: Ակնհայտ է, որ գաղտնիության պայմաններում քննարկումները, որքան էլ դրանց գիտնականները մասնակցեն, ստանում են բանակցությունների բնույթ, իսկ գաղտնի բանակցություններում արված խոստովանությունները որեւէ արժեք չեն ներկայացնում: Բայց որ ավելի քան մեկ տարի ութ ամսվա (ըստ «Ակոսի») վաղեմությամբ Չիկագոյի գիտաժողովին հենց վերջերս անդրադառնալը, որպեսզի Բերքթային վերագրվող խոստովանությունն էլ ինքնըստինքյան թարմանա, չի կարող նպատակ չունենալ: Ինչ վերաբերում է գիտաժողովի դռնփակության հանգամանքին, ապա դրա շրջանցումնՙ առավել եւս:

Հատկանշական է, որ «Հայ-թուրքական հաշտեցման հանձնաժողովի» անդամներն իրենց գաղտնի հանդիպումներն սկսել էին դեռեւս 2000 թ. սեպտեմբերին: Իսկ նույն թվականի մարտին Չիկագոյում թուրք եւ ամերիկացի գիտնականներն ամերիկահայ գիտնականների հետ գաղտնի Հայոց ցեղասպանության հարցն էին քննարկում եւ գիտությանը միանգամայն անհարիր այդ քննարկումն իրենց քմահաճույքով հորջորջում գիտաժողով: Այսինքնՙ դռնփակ գիտաժողովը նախորդում էր հանձնաժողովի անդամների գաղտնի հանդիպումներին: Հարկ է նշել, որ «Նոյյան տապանի» նոյեմբերի 16-ի հաղորդագրությունն էլ նախորդում է «Հայ-թուրքական հաշտեցման հանձնաժողովի» նյույորքյան երրորդ հանդիպմանը: Ինչպես Հայաստանում, այնպես էլ սփյուռքում, հանձնաժողովին ցուցաբերվող բուռն հակազդեցության ֆոնին «Նոյյան տապանի» հաղորդագրությունը չափազանց ուշագրավ է դառնում: Իսկ Հալիլ Բերքթայի խոստովանությանը հավաստիություն հաղորդելն ու դա կամայականորեն թարմացնելնՙ առավել եւս:

Ի գիտություն «Նոյյան տապանի», նշենք, որ ի տարբերություն Չիկագոյի գիտաժողովի, «Այդընլըք» հանդեսի հերթական համարը լույս է տեսել օրերս: Ավելին, հանդեսն իր հոկտեմբերի 28-ի համարում ոչ թե հայտնել է Բերքթայի խոստովանության մասին, այլ հրապարակել է Արդա Օդաբաշիի քննադատական հոդվածը: «Ակօսում» արտատպված այս հոդվածով հեղինակը ոչ մի տեղ չհրապարակված ելույթի համար կշտամբում է Բերքթային, թե «նա, մերժելով Անատոլիայի թուրքական պատկանելությունը, թուրքերի ազգային ազատագրական պայքարը նվաճողական պատերազմի է վերածում»: Օդաբաշիի կշտամբանքները նույնպես նպատակ ունեն: Ակամա հարց է ծագումՙ ի՞նչ նպատակ: Ըստ երեւույթին դա Հալիլ Բերքթայի «հակաթուրքական ելույթները» ընդգծելու միջոցով նրան որպես օբյեկտիվ պատմաբանի ներկայացնելն է: Ակնհայտ է, որ հակաթուրքական ելույթներով ընդգծվում է նաեւ թուրքերի ազգային շահերի անտեսումը: Այս պայմաններում Բերքթայն արդեն այդ շահերն անտեսողի դիրքերից թե Հայոց ցեղասպանության հարցում «պատմությունը պատմաբաններին թողնելու» Թուրքիայի պաշտոնական թեզն է հիմնավորում եւ թե ապահովում է հիմնավորման արդյունավետությունը:

ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4