«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#213, 2001-11-21 | #214, 2001-11-22 | #215, 2001-11-23


ՂԱՐԱԲԱՂԻ ԲՅՈՒՋԵԻ ՎԵՐԱՀՍԿՈՒՄԸ ՂԱՐԱԲԱՂԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԻ ԻՐԱՎԱՍՈՒԹՅՈՒՆՆ Է

Անդրադառնալով ՀՀ Ազգային ժողովի ՀՅԴ ֆրակցիայի անդամ Կիմ Բալայանի վերջերս արած այն հայտարարությանը, թե Հայաստանի խորհրդարանը պետք է վերահսկի Ղարաբաղին տրվող միջպետական վարկի, որը կազմում է ԼՂՀ բյուջեի 80 տոկոսը, ծախսման նպատակայնությունը, Ղարաբաղի խորհրդարանի ֆինանսաբյուջետային եւ տնտեսական կառավարման հարցերի հանձնաժողովի նախագահ Մայոր Դանիելյանը բացասական վերաբերմունք է արտահայտել:

Հայաստանյան իր գործընկերոջ այդ տեսակետը համարելով անձնական, Մ. Դանիելյանը նշել է, որ Ղարաբաղի Ազգային ժողովի մասին օրենքի համաձայն, բյուջեի կատարման գործընթացը վերահսկում է ԼՂՀ խորհրդարանը: Այդ նպատակով եռամսյակը մեկ ԼՂՀ կառավարությունը բյուջեի կատարման ընթացքի մասին հաշվետվություն է ներկայացնում հանրապետության օրենսդիր մարմնին, ինչպես նաեւ այդ առնչությամբՙ նիստերի ժամանակ կառավարության հետ անցկացվում են հարց ու պատասխաններ:

Միեւնույն ժամանակ, ընդգծել է Մ. Դանիելյանը, ՀՀ եւ ԼՂՀ բյուջեի մասին օրենքներում նշված չէ, թե ինչպես պետք է ծախսվի միջպետական վարկը: Ինչ մնում է Ղարաբաղի խորհրդարանի կողմից բյուջեի կատարման ամբողջ ընթացքը պատշաճ ձեւով վերահսկել չկարողանալուն, ապա, խորհրդարանականի կարծիքով, վերահսկիչ պալատի ստեղծմամբ այդ հարցը կկարգավորվի: Ավելացնենք, որ վերահսկիչ պալատի մասին օրենք ԼՂՀ ԱԺ-ն ընդունել է վաղօրոք:

Կ. Գ., Ստեփանակերտ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4