«Հոկտեմբերի 27»-ի գործով դատավարությունը վերջապես տեղաշարժվեց ցուցմունքների հրապարակման փուլից, քանի որ Ն. Հունանյանի երկարատեւ հարցաքննության արձանագրությունների ընթերցումն, ըստ էության, ավարտված է: Առաջիկա երկուշաբթի կարճ մի ընթացք կտրամադրվի Հունանյանիՙ երեկ իր դատապաշտպան Բենիամին Մինասյանին տված ցուցմունքների հրապարակմանը, որին ներկա կգտնվեն մյուս ամբաստանյալները եւս: Անդրադառնալով Բ. Մինասյանիՙ երեկ ամբաստանյալին ուղղված հարցադրումներին, նշենք, որ դրանք, ընդհանուր առմամբ, կրկնությունն էին փաստաբաններիՙ Ա. Սարգսյանի, Տ. Ջանոյանի եւ մյուսների հարցերի, թեպետեւ տարբերություն էլ կար... արտասանվում էին այլ հնչերանգով: Թեւ դատապաշտպանը Հունանյանին համառորեն փորձում էր անկեղծ զրույցի մղել երկրի սոցիալ-տնտեսական իրավիճակի, արտագաղթի ու կոռուպցիայի վերաբերյալ, այդուհանդերձ, գտնվեցին մարդիկ, որոնք նրան վերադարձրին բուն նյութին: Անկեղծությանը չդավաճանելովՙ նշենք, որ այդ վերադարձնողներն էլ պակաս «շեղվողը» չեն, ինչն էլ պատճառ դարձավ թեթեւակի բանավեճիՙ Բ. Մինասյանի ու մեղադրողներից մեկի միջեւ: Մինչ այս երկուսն իրար մեղադրում էին այս «ծանր դատավարությանն անլուրջ մոտենալու եւ ժպտերես հարցեր տալու» զանցանքում, ամբաստանյալը ժամանակավորապես դադարեց ամբաստանյալ լինելուց ու դարձավ իր դատապաշտպանի դատապաշտպանըՙ սաստելով մեղադրողին: Ինչեւէ, այս տխուր «զավեշտը» թերեւս երկար շարունակվեր, եթե դատավոր Ս. Ուզունյանը չազդարարեր նիստի ավարտը... մինչեւ երկուշաբթի:
Ա. Բ.