Ադրբեջանի հակահայ քարոզչության ենթաշերտերը
Վերջին ամիսներին Հայաստանի դեմ Ադրբեջանում մղվող քարոզչական պատերազմը ոչ միայն աննախադեպ չափեր է ընդունել, այլեւ ձեռք է բերել առավել լկտի, բացահայտ ռասիստական գունավորում: Ոչ թե պատահական զազրախոսներ, այլ այս երկրում լայնորեն հայտնի եւ ոչ հեռու անցյալում բարձր պետական պաշտոններ ստանձնած անձինք, որոնց խոսքին Ադրբեջանում ականջալուր լինողներ քիչ չկան, այլեւս նույնիսկ չեն ամաչում իրենց սեփական էության մերկապարանոց ցուցադրումից, հայտարարելով, թե արցախյան հակամարտության լուծումը տեսնում են «Ղարաբաղից հայ բնակչության լիովին արտաքսման մեջ»: Սա Արեւմտյան Հայաստանում հայերի ցեղասպանությունն իրականացրած իրենց «ավագ եղբայր» թուրքերի քաղաքական արյունոտ «փորձը» փոխառնելու եւ Արցախի հայությանը նոր ցեղասպանության ենթարկելու մարդակերական ծրագիր է: Ինչո՞ւ: Որովհետեւ, ըստ միջազգային իրավունքի, ցեղասպանություն է համարվում ոչ միայն որեւէ էթնիկ խմբի ֆիզիկական ոչնչացումը, այլեւ տեղահանությունն ու աքսորը, երկրորդՙ ով-ով, հայերս հիանալի գիտենք, թե ինչ են նշանակում «տեղահանություն» կամ «արտաքսում» բառերը թուրքերի բառապաշարումՙ դա ոչնչացումն է:
Իհարկե, այս «ծրագիրը» պետության ղեկավարի շուրթերից չի հնչում: Հնչում է նույն այդ ղեկավարի արտաքին հարցերի գծով նախկին խորհրդականի Վաֆա Գուլուզադեի շուրթերից: Բայց մի՞թե դա չի հուշում, որ նման բան, ակներեւորեն, քննարկվել է ամենաբարձր պետական մակարդակով, դեռեւս այն ժամանակ, երբ այդ վայ-խորհրդականը Հեյդար Ալիեւի մերձավորագույն շրջապատում էր: Եթե դա այդպես չէ, ապա ինչո՞ւ Ադրբեջանի նախագահը հարկ չի համարում գոնե առերեւույթ սաստել տվյալ ստահակին: Մի՞թե բազմափորձ Ալիեւը չի հասկանում, որ նման հայտարարությունները.
ա) նացիոնալիստական, ռասիստական կրքեր են բորբոքում բուն Ադրբեջանում,
բ) վարկաբեկում են Ադրբեջանը համաշխարհային հանրության եւ առաջին հերթինՙ ԵԱՀԿ Մինսկի խմբի ու նրա եռանախագահների աչքում, ումից իրենք ակնկալում են արցախյան հարցի խաղաղ կարգավորման իրենց համար ցանկալի լուծում,
գ) խորացնում են Արցախի ու Հայաստանի առանց այն էլ մեծ անվստահությունը հակամարտությունն իսկապես խաղաղ ճանապարհով լուծելու Ադրբեջանի մտադրությունների նկատմամբ, հարկադրելով առավել կարծր դիրք գրավել նրանց երազած «գրավյալ տարածքները» վերադարձնելու դիմաց Արցախի ու Հայաստանի անվտանգության երաշխիքների պահանջի խնդրում,
դ) ամրապնդում են Հայաստանի դիրքերը բանակցային գործընթացում, առիթ տալով մատնացույց անելու Ադրբեջանի ԻՐԱԿԱՆ մտադրությունների ծայրահեղ վտանգավորությունն ապագայի համար, եթե այսօր, քանի դեռ Հայաստանն այդ հնարավորությունն ունի, միջոցներ չձեռնարկի տվյալ վտանգը չեզոքացնելու նպատակով:
Չնայած այս ամենին, կրկնում եմ, Ալիեւը ստահակին չի սաստում գոնե առերեւույթ:
Ինչո՞ւ: Որովհետեւՙ
1) ինքն էլ է այդպես մտածում,
2) իր այդ լռելյայն խրախուսանքով սեփական ժողովրդին ձգտում է ցույց տալ, թե նույնքան «վճռական» է տրամադրված նաեւ ինքը, իսկ այդ «վճռականության» ցուցադրումը Ալիեւին չափազանց անհրաժեշտ է լինելու առաջիկա նախագահական ընտրություններում,
3) հասկանում է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահները լուրջ չեն ընդունի այդ կարգի վայրահաչությունը,
4) նույն այդ վայրահաչությունն Ալիեւին պետք է ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահների հետ խոսելիս, որպեսզի վկայակոչի սեփական ժողովրդի «համբերությունն սպառված լինելու» մասին առասպելըՙ եռանախագահներին շանտաժի ենթարկելու նպատակով, ինչն, իմիջիայլոց, նա արդեն մի քանի անգամ արել է,
5) ուզում է այս կերպ «վախեցնել» Արցախի ու Հայաստանի աչքըՙ հարկադրելով երազյալ զիջումների:
Այս կետերից յուրաքանչյուրի քաղաքական սնանկությունն այնքան ակնհայտ է, որ նույնիսկ հերքման կարիք չկա: Այնուամենայնիվ, չի կարող չզգաստացնել մի հանգամանք. այդ դեպքում ի՞նչն է Ալիեւի եւ նրա երեկվա խորհրդականի հույսը:
Որքան էլ տարօրինակ է, այս հարցի պատասխանն էլ կա, եւ պատկանում է Ադրբեջանի արդեն ոչ թե նախկին, այլ ներկայիս բարձրաստիճան պաշտոնյաներից մեկինՙ արտգործնախարար Վելայաթ Գուլիեւին: Այս պարոնը սեպտեմբերի 11-ից հետո աշխարհում ստեղծված նոր քաղաքական կացության մասին դատողություններ անելիս «խորիմաստ» կերպով նկատում էր, թե «ռուս-ամերիկյան մերձեցումների այժմյան համապատկերում Հայաստանն աստիճանաբար կկորցնի իր նշանակությունը Ռուսաստանի համարՙ իբրեւ Թուրքիայի դեմ հնարավոր պատվարի»: Այս բարբաջանքը, դատելով մեր որոշ տնաբույծ վերլուծաբանների հրապարակումներից, բավական տպավորություն է թողել նաեւ մեզանում: Եվ զարմանալի է, որ ոչ մեկի մտքով չի անցել փաստելու, թե նույն տրամաբանությամբՙ Թուրքիան էլ ի՚ր նշանակությունն է աստիճանաբար կորցնելու Միացյալ Նահանգների համար, իբրեւ ռուսական արդեն վերացած կամ վերացող սպառնալիքի դեմ հնարավոր պատվարի: Մի՞թե դրա վկայությունը չէր ՌԴ Պետդումայի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Դմիտրի Ռագոզինիՙ Թուրքիային ուղղված վերջին հայտարարությունը, թե «Հայաստանի անվտանգությունը հավասար պետք է լինի Ադրբեջանի անվտանգությանը»: Սա շատ լուրջ զգուշացում էր Թուրքիային, հընթացսՙ նաեւ Ադրբեջանին, որ մտքներով «արքայություն» չանցկացնեն եւ Հայաստանի դեմ հիմար քայլեր չնախաձեռնեն: ՆԱՏՕ-ի անդամ երկրին այսպիսի սպառնագին զգուշացում իրեն չէր կարող թույլ տալ նույնիսկ երբեմնի ԽՍՀՄ-ը, առանց վախենալու միջազգային իրադրության հերթական շիկացման առիթ տալուց, ինչպես նախկիններում երբեմն-երբեմն եղել է: Իսկ այս անգամ այդպիսի շիկացման նշույլն իսկ չկա: Ի՞նչ է դա նշանակում: Ռուս-ամերիկյան մերձեցումը մի փաստ է, որն անհեթեթ է շահարկել սեփական հավակնություններին հագուրդ տալու անբարո դիտավորությամբ: Եվ որքան շուտ հասկանան դա Բաքվում, այնքան ավելի շուտ կհրաժարվեն պատրանքներից:
ՌԱՖԻԿ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ