Մեր երկրի անդամակցությունը Առեւտրի համաշխարհային կազմակերպությանը (ԱՀԿ) ամիսների հարց է: Այս մասին երեկ մի քանի լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ արդյունաբերության եւ առեւտրի փոխնախարար Տիգրան Դավթյանը: Նա համոզմունք հայտնեց, որ 28 երկրներից, որոնք ցանկանում են անդամակցել ԱՀԿ-ին, Հայաստանը թերեւս առաջինը դա կանի: ԱՊՀ երկրներից կազմակերպության անդամ են ընդամենը երեք երկիրՙ Վրաստանը, Մոլդովան եւ Կիրգիզիան: Իրենց հերթին սպասողների թվում են Ռուսաստանը եւ Չինաստանը: Ի դեպ, վերջինս այդ նպատակին հասնելու համար արդեն 15 տարի բանակցում է: Ինչ վերաբերում է Հայաստանին, մենք անդամակցման գործընթացը սկսել ենք 1995 թ.-ից: Աշխատանքները տարվում են 4 ուղղություններովՙ բազմակողմ բանակցություններ, երկկողմ բանակցություններ, օրենսդրության համապատասխանեցում ԱՀԿ չափանիշներին, անհրաժեշտ փաստաթղթերի եւ հաշվետվությունների տրամադրում ԱՀԿ անդամ երկրներին (որոնց ընդհանուր թիվը 144 է) եւ կազմակերպության քարտուղարությանը:
Երկկողմ բանակցությունները Հայաստանն ավարտել է: Դա ենթադրում է առանձին-առանձին բանակցություններ ԱՀԿ անդամ այն երկրների հետ, որոնք նման ցանկություն ունեն: Իսկ նման ցանկություն հայտնել են 14-15 երկրներ (ԱՄՆ, Ճապոնիա, Ավստրալիա, Հնդկաստան, եվրոպական երկրներ եւ այլն):
Երկրորդՙ բազմակողմ ֆորմատով բանակցություններն արդեն մոտ են ավարտին: Այստեղ մյուս երկրների անունից Հայաստանի հետ բանակցում է ԱՄՆ-ը:
Երրորդՙ օրենսդրության համապատասխանեցման ուղղությամբ, ըստ փոխնախարարի, 90 տոկոսով աշխատանքը կատարված է: Ընդունվել են մի շարք կարեւորագույն օրենքներՙ «Ներքին շուկայի պաշտպանության մասին», «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին», «Լիցենզավորման մասին», Մաքսային օրենսգիրքը եւ այլն: Ներկայումս Ազգային ժողովի քննարկմանն է ներկայացված «Հակադեմպինգի մասին» օրենքը: Այս բոլոր օրենքներն ամենայն մանրամասնությամբ ուսումնասիրում են ԱՀԿ քարտուղարությունը եւ անդամ երկրները: Այդուհանդերձ, Տիգրան Դավթյանը նշեց, որ ԱՀԿ-ի ճնշման տակ որեւէ օրենք Հայաստանում չի ընդունվել կամ փոփոխվել: Թվարկված բոլոր օրենքներն անհրաժեշտ են եղել նախ եւ առաջ մեզ, մեր տնտեսությանը: Եթե կազմակերպության բոլոր պահանջներն անվերապահ կատարած լինեինք, ապա վաղուց անդամագրված կլինեինք: Այդ պատճառով էլ գործընթացն այդքան ձգձգվում է, բանակցություններըՙ շարունակվում:
Չորրորդՙ փաստաթղթերի տրամադրման ուղղությամբ նույնպես մեր կողմից անհրաժեշտն արվել է: Մասնավորապես տրամադրվել է Հայաստանի տնտեսական նկարագիրը բնութագրող 100 էջանոց տեղեկագիրքը, որտեղ տրված են բոլոր հնարավոր մանրամասները երկրի տնտեսական կացության մասին:
Գլխավոր խնդիրներն ԱՀԿ-ի անդամակցության ճանապարհին թերեւս պետության կողմից գյուղատնտեսության սուբսիդացիան եւ գյուղմթերքների արտադրության հարկումն են: Առաջինի համար ԱՀԿ-ն առաջարկում է 40 մլն դոլար: Սակայն, ըստ Տիգրան Դավթյանի, բանակցությունների ընթացքում «եկել ենք ավելի լավ պայմանավորվածության»: Գյուղմթերքների արտադրության, որն ազատված է ավելացված արժեքի հարկից, հարկման վերաբերյալ փոխնախարարը տեղեկացրեց, որ կան տարբերակներ, որոնց դեպքում հնարավոր է բավարարել կազմակերպության պահանջները եւ չվնասել մեր գյուղատնտեսությանը:
«Ինչպե՞ս են վերաբերվում ԱՀԿ-ի անդամակցությանը մեր գործարարները եւ ի վերջո ի՞նչ կտա մեզ այդ անդամակցությունը» հարցի առնչությամբ Տիգրան Դավթյանը պատասխանեց, որ երկու հանդիպումները Հայաստանի գործարարների եւ արդյունաբերողների միությունում իր մոտ այն տպավորությունն են ստեղծել, որ գործարարները դրական են տրամադրված: Իսկ թե ինչ կտա մեզՙ նախ եւ առաջ արտահանման ավելի բարենպաստ պայմաններ: ԱՀԿ-ի անդամակցությունը մեզ թույլ չի տա վարել «կոպիտ հովանավորչական» տնտեսական քաղաքականություն, որն ի վերջո կարող է տվյալ երկրի տնտեսության փլուզման պատճառ դառնալ: Սակայն «փափուկ հովանավորչությունը» հնարավոր կլինի ներմուծվող ապրանքների նկատմամբ մինչեւ 15 տոկոս մաքսատուրքի կիրառման, ներքին արտադրողին ներմուծման պատճառով քայքայվելուց պաշտպանելու համար ժամանակավոր միջոցառումների տեսքով:
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ