«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#217, 2001-11-27 | #218, 2001-11-28 | #219, 2001-11-29


9 ԱՄՍՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆ Է ԱՅՑԵԼԵԼ 91 ՀԱԶԱՐ ԶԲՈՍԱՇՐՋԻԿ

Երեկ «Հայաստան. տեղեկատվություն» կենտրոն էր այցելել նախագահ Ռոբերտ Քոչարյանը: Այս կենտրոնը վերջերս է բացվել եւ մաս է կազմում ամերիկահայ գործարար Վահագն Հովնանյանի ղեկավարած տուրիզմի զարգացման գործակալությանը: Կենտրոնի նպատակն է Հայաստան ժամանած զբոսաշրջիկներին տրամադրել անհրաժեշտ տեղեկատվությունը երկրի տեսարժան, հանգստի եւ զվարճանքի վայրերի, ռեստորանների, հյուրանոցների, տարբեր ծառայությունների մասին:

Մինչ նախագահի այցելելը, լրագրողներին զբոսաշրջության ոլորտում առկա իրավիճակի մասին տեղեկություններ հաղորդեց արդյունաբերության եւ առեւտրի փոխնախարար Արա Պետրոսյանը: Ըստ այդ տեղեկությունների, այս տարվա առաջին 9 ամիսներին Հայաստան է այցելել 91 հազար զբոսաշրջիկ: Ընդլայնվել է այցելուների աշխարհագրությունը: Ընդհանուր առմամբ փոխնախարարը տարին ակտիվ համարեց, բայց նշեց, որ սեպտեմբերի 11-ի իրադարձություններն իրենց բացասական ազդեցությունն ունեցան հատկապես այս ոլորտի վրա: «Մարդիկ ինքնաթիռ են նստում միայն ծայրահեղ դեպքում», ասաց Արա Պետրոսյանը: Այդուհանդերձ նշվեց, որ այս տարի հիմքեր են դրվել կայուն աճի ապահովման համար: Չի եղել որեւէ դեպք կամ վիճակ, որ հիասթափեցնի օտարերկրյա այցելուներին: Կատարվել են լուրջ ներդրումներՙ 1 տարվա ընթացքում կառուցվել եւ իրենց դռներն են բացել 8-9 նոր հյուրանոցներ: Բացի հիմնականՙ հյուրանոցային բազայից, մասնավոր հատվածը (վարձով տրվող կացարանները) մեծ առաջարկ է ներկայացրել: Այստեղ է հանգրվանել Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության բնորոշմամբ զբոսաշրջիկներ համարվողների մեծ մասըՙ շուրջ 60 հազար մարդ: Հյուրանոցային զբաղվածության ցուցանիշը նույնպես աճել էՙ 30 տոկոսով:

«Ազգի» հարցերը փոխնախարարին հետեւյալն էինՙ ինչպիսին են տուրփաթեթների գները մեր հարեւան երկրների համեմատ եւ այցելուների ո՞ր մասն է եղել այլազգի: Արա Պետրոսյանը նշեց, որ տուրփաթեթների գները տարեսկզբին թանկ էին, ինչը հիմնականում կապված էր հյուրանոցային եւ ավիատոմսերի բարձր գների հետ: Նոր հյուրանոցների շարք մտնելը մրցակցություն ստեղծեց, եւ գներն այստեղ ընկան: Ավիատոմսերի գները շարունակում են բարձր մնալ, որն, ըստ փոխնախարարի, որոշակի օբյեկտիվ հիմնավորումներ ունի: Ինչ վերաբերում է զբոսաշրջիկների ազգային պատկանելությանը, ապա շարունակում են գերակշռել սփյուռքահայերը, սակայն ընդգծվեց, որ ոչ հայազգի զբոսաշրջիկների թիվն աճում է:

Ա. Մ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4