«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#217, 2001-11-27 | #218, 2001-11-28 | #219, 2001-11-29


«ԱՅՍ ՏԱՐԻ ԼԱՎ ԲԵՐՔ Է ՍՏԱՑՎԵԼ, ԵԿՈՂ ՏԱՐԻ ԿԼԻՆԻ ԱՎԵԼԻ ԼԱՎ»

Համոզված է գյուղատնտեսության նախարարը

Գյուղատնտեսությունն այս տարի 11,5 տոկոս աճ է ունեցել, ինչը բավականին հուսադրող է: Այսպես սկսեց իրՙ տարվա արդյունքներն ամփոփող մամուլի ասուլիսը գյուղատնտեսության նախարար Զավեն Գեւորգյանը եւ թվարկեց այն ոլորտները, որտեղ հաջողությունները, ըստ նրա, առավել ակնառու են: Դրանք են հացահատիկի, կարտոֆիլի, բանջարեղենի, անասնապահական որոշ մթերքների (կաթ եւ ձու) արտադրությունը, անասնակերի կուտակումը: «Միայն մսի գծով նվազեցում կա, ինչը պայմանավորված է 2000 թ.-ի երաշտով», նշեց գյուղնախարարը: Անցյալ տարի անասնակերը պակաս եղավ, եւ մեծ թվով անասուններ մորթվեցին, ինչի պատճառով մսի արտադրությունն այդ ժամանակ արհեստականորեն բարձրացավ:

Զավեն Գեւորգյանն ուրախալի համարեց հատկապես հացահատիկի բերքի ավելացումը, քանզի Հայաստանը հացահատիկ ներկրող երկիր է: Անցյալ տարվա համեմատ 130 հազ. տոննա ավելի է ստացվել: Դրա հետ մեկտեղ կրկնապատկվել է ծղոտի արտադրությունը, որը նաեւ անասնակեր է: Ընդհանրապես նախորդ տարվա համեմատ ավելի է կուտակվել 220 հազ. տոննա կեր: Կարտոֆիլի բերքը սպասվում է 390-400 հազ. տոննաՙ 100 հազ. տոննայով, իսկ բանջարեղենը 20 հազ. տոննայով ավելի:

Հաջորդ ոլորտը, որտեղ արձանագրված հաջողությունները կարեւորեց գյուղնախարարը, վերամշակող ձեռնարկությունների գործունեության կայունացումն է: Գործարաններն այս տարի մեծ հաճույքով ընդունում էին գյուղմթերքները: Վերամշակող արդյունաբերության վրա դրական ազդեցություն էր գործել 3 մլն դոլար վարկը, որը նրանց տրվեց անցյալ տարի:

Այս տարվա բերքի օպերատիվ տվյալները հրապարակելուց հետո նախարարն անցավ այն «լավ ծրագրերին», որոնց իրականացմամբ ենթադրվում է 2002 թ.-ի լավ բերք: Դրանցից առաջինը սերմնաբուծության ծրագիրն է, քանզի «եթե չկա լավ սերմ, մնացած բոլոր գործոնները որեւէ նշանակություն չեն ունենա»: Այս ոլորտն անցած տարիների ընթացքում շատ է տուժել, ինչը ցածր բերքատվության հիմնական պատճառներից է եղել: Այս տարի, ինչպես հաղորդեց Զավեն Գեւորգյանը, 13 հազ. տոննա հացահատիկի սերմ է ներմուծվել Ռուսաստանից: Դրա մի մասը պետությունն է գնել, մյուսը տրվել է օգնության տեսքով:

Բացի վերոնշյալ 8 հազ. տոննա գարու եւ 5 հազ. տոննա ցորենի բարձրորակ սերմերից, ստացվել է նաեւ 2 հազ. տոննա կարտոֆիլի սերմ: Նախարարն ակնկալում է, որ 2002 թ.-ին արդեն կունենանք 60-65 հազ. տոննա բարձրորակ սերմացու: Նախատեսվում է վերականգնել նաեւ պոմիդորի տեղական սորտերը: Այդ նպատակով կակտիվացվի բանջարանոցային կուլտուրաների սելեկցիոն կայանի գործունեությունը:

Մեկ այլ ծրագիր, որն արդեն ներկայացված է կառավարության հաստատմանը, վերաբերում է հողերի մելիորացմանը: Բանն այն է, որ մեր գյուղատնտեսության հիմնական շտեմարան Արարատյան դաշտի հողերը ոչ ճիշտ օգտագործման հետեւանքով ճահճանում եւ աղակալվում են: Պարարտանյութերի ներկրումը չնայած ձգձգվեց, բայց ի վերջո ամբողջությամբ կատարվեց: 2002 թ.-ին Ճապոնիայի կառավարությունը մեզ համար կգնի այս տարվա ծավալները կրկնակի գերազանցողՙ 17 հազար տոննա պարարտանյութ, ինչն, ըստ գյուղնախարարի, լուրջ օգնություն կլինի մեր գյուղացուն:

Այս բոլորը նկատի ունենալով, Զավեն Գեւորգյանը հույս հայտնեց, որ եթե որեւէ փորձանք չպատահի, 2002 թ.-ին կստացվի ինչպես հացահատիկի եւ կերային կուլտուրաների, այնպես էլ խաղողի եւ պտղի լավ բերք: Վերջինիս բերքն այս տարի «մի փոքր ավելի ցածր է եղել»:

Պատասխանելով լրագրողների հարցերին, գյուղնախարարն ասաց, որ բերքի Վրաստան արտահանմանը նպաստելու համար թույլատրվել է առանց ճանապարհահարկի վրացական մեքենաների անարգել ելումուտը Հայաստան: Դրա շնորհիվ գյուղմթերքների իրացման խնդիր չի առաջացել:

Ցորենի մշակման վերաբերյալ տեղեկացրեց, որ այն հիմնականում աճեցվում է այնտեղ, որտեղ միշտ ցանվել է: Իհարկե, նոր երեւույթ է Արարատյան դաշտում ցորեն աճեցնելը, սակայն դա շուկայի թելադրանքն է: Այստեղ կարեւոր խնդիրը բերքատվության բարձրացումն է, որպեսզի 1 հա-ից ստացվի ոչ 10-15 ցենտներ, այլՙ 60 ցենտներ:

Մեր առաջին հարցը գյուղնախարարինՙ խաղողի բերքի վերաբերյալ ազգային վիճակագրական ծառայության եւ Երեւանի կոնյակի գործարանի տնօրենի հաղորդած հակասական տվյալներին էր վերաբերում: Այս առիթով Զավեն Գեւորգյանն ասաց, որ իր կարծիքով վիճակագրության տվյալներն ավելի հավաստի են: Մենք ունենք 13-14 հազ. հա խաղողի այգիՙ միջինը 80 ց. բերքատվությամբ: Դա նշանակում է, որ ստացվող բերքը 110-120 հազ. տոննա կլինի: Նախարարի կարծիքով, ԵԿԳ-ի տնօրենը երեւի նկատի է ունեցել միայն մթերվող խաղողը:

«Ազգի» հաջորդ հարցը Առեւտրի համաշխարհային կազմակերպությանՙ մեր գյուղմթերքների արտադրության վրա ավելացված արժեքի հարկ սահմանելու պահանջի մասին էր: Զավեն Գեւորգյանը հակված է, որ այդ հարկը չմտնի եւ հայտնեց, որ քննարկվում են այլ տարբերակներ:

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4