ԼՂՀ անկախության անցած 10 տարվա ընթացքում հանրապետության օրենսդիր մարմնի կողմից համաներման որոշում ընդունվել է 3 անգամ: Նորանկախ Ղարաբաղում առաջին համաներումը եղել է 1997 թվականինՙ Շուշիի ազատագրման հինգերորդ տարեդարձի առթիվ, երկրորդըՙ 1998 թ. փետրվարինՙ արցախյան շարժման տասնամյակի կապակցությամբ: Երրորդ համաներման որոշումն Ազգային ժողովն ընդունել է այս տարվա օգոստոսինՙ ԼՂՀ անկախության հռչակման 10-ամյա հոբելյանի եւ Հայաստանում քրիստոնեությունը պետական կրոն ընդունելու 1700-ամյակի առթիվ:
ԼՂՀ ՆԳՆ ուղղիչ աշխատանքների տեսչության տվյալներով, տեսչությունում հաշվառվել են 242 դատապարտյալներ, որոնցից միայն 107-ըՙ Ստեփանակերտ քաղաքում: Համաներումը տարածվել է սոսկ 167 հոգու վրա, որոնց կատարած հանցանքը համապատասխանում է համաներմամբ նշվածՙ քրեական օրենսգրքի հոդվածներին:
Թեպետ վերջին համաներման կիրառման ժամկետը, ըստ ԼՂՀ խորհրդարանի օգոստոսյան որոշման, սահմանված է մինչեւ սույն թվականի դեկտեմբերի 1-ը, սակայն նոյեմբերի 29-ի դրությամբ քաղշրջդատարանները դրա կիրառման մասին որոշում են ընդունել 84 դատապարտյալի նկատմամբ, իսկ մյուս 83 դատապարտյալների ճակատագիրն այս առնչությամբ դեռեւս մնում է անորոշ:
ՆԳՆ ՈՒԱՏ ավագ տեսուչ, միլիցիայի մայոր Արթուր Առուստամյանի հավաստմամբ, իրենք ժամանակին համաներման ենթակա անձանց լրիվ ցուցակն ուղարկել են ըստ ենթակայության դատարաններ: Նշված ժամկետում կհասցնե՞ն դատարանները համաներված դատապարտյալների նկատմամբ համապատասխան որոշում կայացնել, դժվար է ասել:
Ավելացնենք նաեւ, որ ընթացիկ տարում ԼՂՀ իշխանությունների մարդասիրական վերաբերմունքը օրենքից շեղվածների հանդեպ սոսկ համաներմամբ չի սահմանափակվում: 2001 թ. ընթացքում ԼՂՀ նախագահ Արկադի Ղուկասյանը երկու անգամ ներում շնորհելու հրամանագիր է ստորագրել, համաձայն որի, ընդհանուր առմամբ, 12 դատապարտյալիՙ լրիվ, իսկ 26 հոգուՙ մասնակի ներում է շնորհվել:
Կ. ԳԱԲՐԻԵԼՅԱՆ, Ստեփանակերտ